Ադրբեջանը ռազմական գրաքննություն է մտցնում

Միլլի մեջլիսի մշակույթի հարցերով կոմիտեն քննարկել է «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում լրացում կատարելու հարցը եւ հավանություն տվել ներկայացված առաջարկությանը: Ամենայն հավանականությամբ, օրինագիծը քննարկման եւ քվեարկության կդրվի խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում եւ կընդունվի:

Լրացումը վերաբերում է ԶԼՄ-երում գրաքննությանը: Գործող օրենքով նախատեսված է պետական գրաքննության երկու հնարավորություն՝ արտակարգ դրության եւ կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի դեպքում: Առաջարկվում է լրացնել, որ պետությունը ռազմական գրաքննություն է սահմանում մարտական գործողությունների դեպքում, իսկ այն տարածքներում, որտեղ հայտարարվում է պատերազմական իրավիճակ, լրատվամիջոցների գործունեությունը ենթարկվում է խստագույն սահմանափակումների:

Մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ լրագրողներին, բլոգերներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորել զերծ մնալ բանակի մասին ոչ պաշտոնական տեղեկատվության տարածումից: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պետական գաղտնիք է համարել շփման գծում զորամասերի եւ ստորաբաժանումների թվահամարների, նրանց տեղակայման վայրի հրապարակումը եւ սպառնացել, որ պատկան մարմինների միջոցով պատասխանատվության կենթարկվեն սահմանված կարգը խախտողները: Ո՞վ է պայմանավորված վերջին օրենսդրական նախաձեռնության հեղինակը՝ հայտնի չէ: Ըստ երեւույթին դա պաշտպանության նախարարությունն է կամ նրա միջոցով՝ որեւէ պատգամավոր, բայց կասկածից դուրս է, որ որոշումը քաղաքական է: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանում համապատասխան եզրակացություններ են արել ապրիլյան քառօրյա մարտերից, երբ բլոգերները հրապարակել էին ադրբեջանական բանակում զանգվածային դասալքության եւ փախուստի կադրեր: Եւ որոշել են նման դեպքերի համար օրենսդրական կարգավորում գտնել: Մտահոգիչ է, որ Ադրբեջանում քաղաքական քայլեր են կատարվում ոչ թե իրավիճակի լիցքաթափման,կայունության հաստատման, այլ հետագա էսկալացիայի, մարտական գործողությունների վերսկսման հաշվարկով:

Պետական քաղաքականությունն այդ երկրում գնալով ավելի միլիտարիստական է դառնում: Պաշտոնամուտի ելույթում Իլհամ Ալիեւը կրկին պնդել է, որ ԼՂ խնդիրը «կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Նա կրկնել է, որ Ադրբեջանը «թույլ չի տա իր պատմական հողերում հայկական երկրորդ պետության ստեղծումը» եւ ավելացրել, որ իրենք «ձգտում են միջազգային հանրությանը համոզել, որ ներկայիս Հայաստանն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերում, որի համար կան բավարար ապացույցներ»:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X