Գյումրիում կողպել էին ուսումնական հաստատությունների դռները. ցուցարարները «ազատագրեցին» ուսանողներին

Ինչպես արդեն հայտնել էինք, Գյումրին 3-րդ օրն է ՝ ոտքի է կանգնել: Քաղաքում հանրահավաքներ եւ երթեր են: Այսօր ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ եղան, երբ փողոցները փակելու փորձեր արվեցին: Ակտիվիստ ցուցարարների մի մասը այս պահին շարունակում է նստացույց անցկացնել Շիրակի մարզպետարանի շենքի առաջ՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկված ակտիվիստ Արման Գևորգյանին, ինչպես նաև պահանջում են հանդիպում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ: Ոստիկանները շրջափակել են մարզպետարանի շենքը՝ թույլ չտալով ցուցարարներին ներս մտնել:

Զուգահեռ գործողություններ են ընթանում Գյումրու պոլիտեխնիկական համալսարանի շենքի բակում, որտեղ ուսանողները դասադուլ են հայտարարել եւ պահանջում են ոստիկաններից ազատ արձակել փակի տակ գտնվող ուսանողներին, որպեսզի միանան իրենց: Գյումրու մի շարք ուսումնական հաստատությունների դռները դրսից եւ ներսից կողպված էին, որպեսզի ուսանողներտը դուրս գալու հնարավորություն չունենային:

Ցուցարարները ակտիվիստ Հայկ Բարսեղյանի գլխավորությամբ ցատկեցին Գյումրու պետական քոլեջի պարսպից ներս եւ դռները բացեցին: Ներսում ուսանողները խոստովանեցին, որ իրենց թույլ չէին տալիս դուրս գալ: Քոլեջի տնօրենի եւ ցուցարարի միջև վեճ ծագեց Սերժ Սարգսյանի նկարի շուրջ: «Սրա նկարն էստեղ պըդի չլնի»,- պահանջում էր ցուցարարը: «Սաղ տեղերը հանեք, ես էլ կհանեմ»,-ասաց տնօրենը:

Ցուցարարները երկար ժամանակ պայքարում էին նաև վարժարանից մեկի դռները բացելու համար: Ներսում գտնվող աշակերտները հաղորդագրություն էին ուղարկել, որ իրենց դասախոսները պահում են՝ ասելով, որ դուրս գալու դեպքում վարժարանից կհեռացվեն: Ոստիկանները ակտիվիստներին առաջարկում էին անձամբ ներս գնալ, կոչով հանդես գալ ու դուրս գալ: Հայկ Բարսեղյանին հաջողվեց ներս մտնել վարժարան եւ դուրս գալ մի խումբ ուսանողների հետ:

Նշենք, որ Գյումրիում այս պահին երթեր են շարունակվում նաև քաղաքի փողոցներով, ցուցարարները վանկարկում են՝ « Միացում»,« Ազատում »…

Մեկնաբանություն
X