Չես կըրնա տանես, ես էլ արագ կվազեմ. Գյումրիում բերման ենթարկեցին ակտիվիստին

Երկու օր է, ինչ ոտքի է ելել Հանրապետության երկրորդ քաղաքը: Այսօր առավոտյան ցույցը կրկին շարունակվեց: Քաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սովորողներ դասադուլ են հայտարարել եւ ակտիվորեն մասնակցում են ցույցերին: Երեկ Երևանում բերման ենթարկված գյումրեցի երկու ակտիվիստներ՝ Կարեն Պետրոսյանն ու Ղարիբ Հարությունյանը ազատ արձակվելուց հետո վերադարձել են Գյումրի՝ նպատակահարմար գտնելով պայքարը շարունակել այստեղ:

Հենց նրանց գլխավորությամբ ցուցարարները Թատերական հրապարակից շարժվեցին Շիրակի մարզպետարանի շենք, որտեղ մինչև երեկո նստացույց են կազմակերպելու: Մարզպետարանի շենքը ոստիկանները հսկողության տակ են վերցրել՝ պատ կազմելով: Գյումրեցի ցուցարարների եւ ոստիկանների միջև նույնպես բախումներ եղան, երբ փորձեցին փողոցները փակել, այդ ընթացքում բերման ենթարկեցին ակտիվիստ Արման Գևորգյանին։

Ակտիվիստ Հայկ Բարսեղյանը ցուցարարներին կոչ էր անում չդիպչել ոստիկաններին, չհրահրել նրանց: Մինչդեռ ոստիկանները վճռական էին. «Փողոցը փակեցիր՝ ես էլ քեզ կտանեմ, հըմի քեզ գրկեմ կըտանեմ »,-ասաց ոստիկանը ցուցարարին: «Չես կըրնա, ես էլ արագ կվազեմ»,-պատասխանեց ցուցարարը: Նկատենք, սակայն, որ ցուցարարներին հսկող ոստիկանների թիվը 6 տասնյակը չի գերազանցում, քանի որ քաղաքի ոստիկանների զգալի մասին տեղափոխել են Երևան:

Մեկնաբանություն
X