Մշակույթ

Այս պայքարը ցույց տվեց, որ ոչ բոլոր ուսանողներն են կուսակցականացված

Հովհ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն անդրադառնալով այս օրերին երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին, քաղաքացիական անհնազանդության քայլերին, ասաց, որ հասարակությունն իրավունք ունի իր սահմանադրական իրավունքներն իրացնելու եւ հասարակությունն ինչպես կամենա, այնպես էլ կգործի․ «Ես շատ սպասում էի, որ Ազգային ժողովում ողջամտության խոսք կհնչի որեւէ կուսակցության կողմից, որն անկեղծ ասած այդպես էլ չլսեցի, իսկ դա կարծում եմ ավելի պետք է սրի իրավիճակը։ Ենթադրում եմ, որ հասարակությունը վերջապես կլսի այդ ելույթները եւ կհասկանա, որ իր բռնած ճանապարհը այլընտրանք չունի»,- ասում է Թուխիկյանն ու մատնանշում վերջին օրերի երթերի բազմամարդությունը, քանի որ մարզերը նույնպես միացել են այս պայքարին։

«Հիմա միանգամայն ուրիշ սերունդ է՝ ազատ, արձակված՝ լավ առումով, այնպես որ շատ դժվար կլինի հերթական խաբեությունն անել, բռնությամբ չի լուծվի ոչ մի բան, ափսոս, եթե ողջամտություն լիներ այս վիճակին չէր հասնի։ Պիտի իմաստուն լինեն իշխանությունները, բայց՝ չեն։ Այս երիտասարդներն արդեն հաղթել են, անկախ այն բանից հիմա Աժ-ում ինչպիսի քվեարկություն տեղի ունեցավ եւ ինչ արդյունքներով։ Միեւնույն է, երիտասարդությունն արդեն հաղթել է, որովհետեւ նախ ինքն իրեն է հաղթել, հաղթահարել է այն վախերը, կարծրատիպերը, որ միշտ ասում էին Էլեկտրիկ Երեւանից ու Սարի թաղից հետո վերջացավ, կոտրվեց։ Ես էլ էի անկեղծ ասած այդպես մտածում, բայց հիմա այս երիտասարդությունը շատ լավ դաս տվեց»-ասում է Թուխիկյանն ու հավելում, որ այս պայքարը ցույց տվեց, որ ոչ բոլոր ուսանողներն են կուսակցականացված եւ իշխանությունների պլանները՝ կոտրելու, ջարդելու չեն իրականացվել, որովհետեւ մի կորիզ կա, որ անբեկանելի է, անկոտրելի ու անգաղթելի։

Նարինե Թուխիկյանը վստահ է, որ արդյունք անպայման կլինի, ավելին՝ հիմա էլ կա արդյունք․ «Ազատագրված մարդը մեծագույն արդյունք է։ Թե ինչպես կքվեարկեն, բոլորս գիտենք, բայց այսօրվա քվեարկությամբ հարցը չի ավարտվում, երիտասարդությունն արդեն ասել է իր ասելիքը, ինչքան էլ մենք չուզենանք դա լսել»։

Մեկնաբանություն
X