Այս խորհրդավոր հանգստության մեջ չափազանց մեծ վտանգ կա

Իրավիճակն անհանգիստ է։ Բայց այդ անհանգստության տիրույթում նաև ինչ-որ խորհրդավոր հանգստություն կա։ Ակնհայտ է, որ հակամարտող կողմերը սպասում են։ Սպասում են վճռական ճակամարտի և դրանից ելնելով իրավիճակը կարող ենք բնութագրել այսպես․ «Խորհրդավոր հանգստություն մեծ ճակատամարտից առաջ»։

Տիրապետող հանգստությունն երբեմն խաթարվում է Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից։ Պայմանականորեն կարող ենք նշել, որ ընդդիմադիրների կողմից նախաձեռնվող իրավիճակի պարբերական սրացումները «հետախուզական» բնույթ են կրում։ Համանման գործիքակազմով նրանք փորձում են ստուգել իշխանությունների զգոնությունն ու կանխատեսել ուժային կառույցների հավանական միջամտության հեռանկարները։

Իսկ իշխանությունները հանդես են գալիս հակոտնյա դիրրքավորմամբ։ Նրանք մի կողմից այնպիսի մի իրավիճակ են փորձում ստեղծել, կարծես թե, ոչինչ տեղի չի ունեցել, ամեն ինչ հանգիստ է ու վերահսկելի։ Ցուցարարների և պայքարի թեժ կետերի մերձակայքում նույնիսկ ոստիկանական ուժեր էլ չկան։ Վերահսկելիության արհեստական միջավայր ձևավորելուց զատ ոստիկանան շրջափակման բացակայությունը բացատրվում է նաև այն հանգամանքով, որ իշխանությունները դեռևս փորձում են բացառել ամենաչնչին բախման հնարավորությունը՝ քաջ գիտակցելով, որ նույնիսիկ փոքրիկ միջադեպը կարող է մեծ պայթյունի ներգործություն ունենալ։

Բայց այս խորհրդավոր հանգստության մեջ չափազանց մեծ վտանգ կա։ Վտանգ, որն ամեն պահ կարող է փոխակերպվել իրական սպառնալիքի։ Վստահաբար ոստիկանական ուժերը բերված են պատրաստության ամենաբարձր մակարդակի՝ «խրամատավորված» սպասելով հարձակման հրամանին։

Բայց Սերժ Սարգսյանը սպասում է և քանի դեռ նա չի խոսել, չեն համարձակվելու նաև մյուսները: Լղոզված հայտարարություններով են հանդես եկել միայն մի քանի իշխանական լյումպեններ, այն էլ զուտ հավելյալ ինվեստիտուրայի համար: Այսինքն փորձում են վերստին ապացուցել իրենց հավատարմությունը կուսակցական «հոր» նկատմամբ։

Այսպիսով Սարգսյանը փորձում է աստիճանաբար թուլացնել քաղաքացիների զգոնությունը՝ շարժումը դատապարտելով ինքահոս կազմաքանդման։ Այսինքն՝ խաղադրույքը դրված է այն հեռանկարի վրա, որ փողոցներ արգելափակող ընդդիմադիրները կմեկուսանան հենց այդ փողոցներում՝ վերածվելով ոչ շարժունակ մարգինալ խմբերի։ Հակառակ պարագայում ուժային կառույցները անցնելու են վճռական գրոհի: Եվ միայն դրանից հետո կսկսեն խոսել մյուս հանրապետականները, ինչպես խոսեցին Ծառուկյանի դեպքում: Ու հանկարծ չգիտես որտեղից և երբ, արհեստական սրացում կսանձազերծվի հայ-ադրբեջանական շփման գծում և մենք հերթական անգամ ականատես կլինենք այն իրողության, որ Երևանի «խաչակիր» բռնապետը համագործակցում է Բաքվի սուլթանի հետ։

Քաղաքացիները պետք է չկորցնեն զգոնությունը և էլ ավելի ուժեղացնեն ճնշումը: Առաջին հերթին շարքերից պետք է հեռացվեն իշխանությունների կողմից ուղղորդվող տարրերը:

Մեկնաբանություն
X