Ի՞նչ է անոնսավորում Ալիեւը

Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է «Աշխարհի ադրբեջանցիների միության» նախագահ Ֆիզուլի Մամեդովի ծավալուն հոդվածը, որն ավարտվում է հետեւյալ ընդհանրացմամբ. «Այսօր առաջին հերթին կադրային բարեփոխումները նույնիսկ ավելի կարեւոր են, քան ղարաբաղյան հակամարտության լուծումը, քանի որ դրանցից է կախված Ադրբեջանի ապագան: Քանի դեռ պետական մարմինները չեն մաքրվել ոչ կոմպետենտ եւ կոռումպացված կադրերից եւ կառավարման սանձերը տրված չեն երիտասարդ սերնդին, դժվար է լինելու հասնել տնտեսության ծաղկմանը եւ երկրում հասարակական-քաղաքական կայունության պահպանմանը: Որոշ չինովնիկների կոռուպցիան եւ ամենաթողությունը մեծացնում են հասարակության լարվածությունը, որը կարող է բերել քաղաքացիական բաց դիմակայության, գունավոր հեղափոխութան փորձերի եւ ռեգիոններում անջատողականության: Այդ դեպքում կվտանգվի անկած Ադրբեջանի գոյությունը: Ներկա պայմաններում միայն լայնածավալ բարեփոխումները եւ արդարացի համաներումը կամրապնդեն Ադրբեջանի պետականությունը եւ թույլ կտան վերականգնել նրա տարածքային ամբողջականությունը»:

http://minval.az/news/123781759

Ադրբեջանում մի քանի օր առաջ տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, եւ սույն հոդվածը կարելի է համարել իշխանության առաջիկա որոշումների անոնսավորում: Հակառակ դեպքում այն չէր հրապարակվի: Ուշագրավ է հատկապես, որ Լեռնային Ղարաբաղի հարցը դիտարկված է որպես ոչ գլխավոր առաջնահերթություն: Ավելի ճիշտ, խնդիրը ներկայացված է այնպես, որ միայն ժողովրդավարական, նորացված եւ ուժեղ տնտեսություն ունեցող Ադրբեջանը կարող է հուսալ «տարածքային ամբողջականության վերականգնում»: Փաստացի ասվում է, որ ԼՂ հարցում արագ հանգուցալուծման հեռանկար Ադրբեջանը չունի:

Ըստ երեւույթին, պետական համակարգի երիտասարդացման եւ նորացման նպատակի համատեքստում պետք է վերաբերվել այն տեղեկությանը, որ Իլհամ Ալիեւը պատրաստվում է հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ադրբեջանն, այսպիսով, փորձում է հաղթահարել ասիական բռնապետության կերպարը եւ համարժեքություն ցուցաբերել: Իսկ թե կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկվեն՝ պարզ կլինի մոտակա մեկ-երկու ամսում:

Մեկնաբանություն
X