Աստվածանալուց առաջ կա խաչելություն

Չնայած որ անցումը խորհրդարանական կառավարման կազմակերպված է բարձր մակարդակով, մանրակրկիտ հաշվարկված են գերագույն իշխանությունը նախագահից վարչապետին փոխանցման բոլոր քայլերն ու անգամ «անիշխանության» այս օրերի ողջ մեխանիկան, տպավորություն կա, որ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, գործի է դրել բուլդոզերն ու սկսել է բրթել: Կա՞ դրա կարիքը` ես չգիտեմ: Իսկ գուցե անցյալի սովորություն է, ու որոշել են հաղթե՞լ: Բայց ո՞ւմ: Մնում է շարֆերը կապեն եւ դուրս գան փողոց` հողմաղացները տապալելու:

Այն, ինչ անում է այսօր ընդդիմությունը, մեծ բարեբախտություն է: ՀՀԿ-ի համար սա լավ պատեհություն է այն առումով, որ վարչապետ են ընտրելու ոչ թե սգո լուռ հանդիսության, այլ փողոցային աշխուժության պայմաններում: Այսինքն՝ մի բան էլ ուրախ պետք է լինեն, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն այս առիթով իրենց համահայաստանյան քայլերթ նվիրեց: Ի՞նչ վատ էր` Հայաստանի բոլոր մարզերում իմացան, որ Երեւանում նոր վարչապետ են ընտրում: Դե, իսկ «Մերժիր Սերժին» շարժումն իսկական ուրախություն է թե՛ քաղաքական եւ թե՛ գեղարվեստական առումով: Իմացանք նաեւ, որ «Հանուն Հայաստան պետության», կարելի է մետրոյով «Գործարանային» կայարանից գալ «Զորավար Անդրանիկ» կայարան եւ երթով շարժվել դեպի ՀՀԿ գրասենյակ: Անցորդներն ու մետրոյի ուղեւորներն ահագին տեսնելու բան ունեցան, ավտոբուսների երթուղիներ փոխվեցին, փողոցներ փակվեցին: Եղան հատուկենտ հայհոյող վարորդներ, բայց դա ի՞նչ էր այս ծով աշխուժության մեջ: Ի պատիվ ոստիկանության էլ պետք է ասել, որ օրենքի եւ հասարակական կարգի պահապանները շատ ճիշտ են զգում պահի ողջ «լրջությունը» եւ իրենց լրիվ ադեկվատ են պահում այս օրերին: Կարծեմ մինչ այս ընդամենը մեկ ցուցարարի են խնդրել դուրս գալ ճանապարհի երթեւեկելի հատվածից, եւ երբ նա չի ենթարկվել, ձեռուոտից բռնել, տարել են մայթ: Թերթերն էլ հո չեն գրել` ոստիկանները բռնի ուժ կիրառեցին… Լավ, էլի, գոնե գրեք` ուժ կիրառեցին, որովհետեւ «ուժ կիրառելն» արդեն իր մեջ ներառում է ամեն ինչ: Չէ` գրում են «բռնի», որ ավելի սաստիկ եւ, միեւնույն ժամանակ` ծիծաղելի լինի:

Մի խոսքով` ընդդիմությունն իրեն հրաշալի է պահում այս օրերին: Նիկոլ Փաշինյանն էլ հասել է Ազատության հրապարակ, որտեղ մեծ «սալյուտ» է լինելու ՀՀ կառավարման նոր կարգի անցնելու կապակցությամբ:

Իսկ ի՞նչ է անում ՀՀԿ-ն: Ինչպես միշտ, ամենավատը հենց ՀՀԿ-ն է խաղում: Վերեւում ասացի արդեն` գործի են դրել բուլդոզերը, որի կարիքը չկար: Եվ հիմա, երբ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, տպավորություն է ստեղծվելու, որ ՀՀԿ-ն տանկով ճանճ խփեց, այսինքն` հաղթեց: Գործընթացի տրամաբանությունը, սակայն, բոլորովին այլ բան է հուշում: Կարիք չկա նույնիսկ այս պահին ամեն ինչ կառուցել Սերժ Սարգսյանի անձի շուրջ եւ այդ մարտավարությամբ առաջնորդվել: Երիցս ճիշտ է վարվում Դավիթ Հարությունյանը, երբ ասում է, որ ՀՀԿ-ն վարչապետի շատ թեկնածուներ ունի, բայց, իրավիճակից ելնելով, վարչապետ է առաջադրել Սերժ Սարգսյանին: Ես չեմ հասկանում, թե ինչու են հատկապես բանակում չծառայած ՀՀԿ-ականներն ամեն օր հայտարարում, որ իրենք Սերժ Սարգսյանի զինվորներն են: Ինչ է, Սերժ Սարգսյանը կռի՞վ է գնում: Պետք է վերջ տալ Սերժ Սարգսյանի ֆետիշացման գործընթացին, որովհետեւ Սերժ Սարգսյանը կարող է սխալ հասկանալ իր նոր առաքելությունը: Միակ մարդը, որին աստվածացրել են, ու նա անհատի պաշտամունք ձեռք չի բերել, եղել է Հիսուս Քրիստոսը: Առաջարկում եմ անտեղի նման փորձության չենթարկել Սերժ Սարգսյանին, քանզի հայտնի է նաեւ, որ մարդու աստվածացման պրոցեսում սկսում է գործել հակազդեցության օրենքը, եւ ուղիղ համեմատական կարգով շատանում են նաեւ մարդուն խաչելու կողմնակիցները:

Բոլորն են հասկանում, որ այսօր Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն մեկ դեպքում` երբ ՀՀԿ-ն (ոչ թե Սերժ Սարգսյանը) իշխանությունը սկուտեղի վրա մատուցի մեկ ուրիշի: Թե ամենամեծ ցանկության դեպքում ՀՀԿ-ն ինչպես կարող է անել դա, ես չեմ պատկերացնում: Ընտրություններ չկան: Մնում է ընդդիմությունից մեկին նշանակեն վարչապետ, ինչը շատ ծիծաղելի կլինի հենց տվյալ «վարչապետի» համար: Բա ի՞նչ անենք: Եվ այստեղ ՀՀԿ-ն, փոխանակ իրեն ծանր պահելու, առաջ է տալիս Սերժ Սարգսյանի անձը: Մարդիկ էլ, բնականաբար, մերժելու ուրիշ բան չեն գտնում եւ սկսում են մերժել Սերժին: Այլ ռեակցիա հնարավոր էլ չէր պատկերացնել: Զգուշացնեմ, որ սա կարող է նաեւ վատ սովորության վերածվել եւ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո էլ շարունակվել նույն ոգով:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X