Մովսեսն ու անապատը

Եվ այսպես՝ Հայաստանի «անապատներում» 12 օր դեգերելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդին բերեց-հասցրեց «ավետյաց երկիր»-Երեւան։ Այս ընթացքում նրանք հասցրել են «ծերանալ»՝ բեղ-մորուսով տարեց ու հասուն տղամարդիկ են դարձել։ Ամայի գյուղերով ու ավերակ ճանապարհներով են անցել, հուսահատ հայերի են հանդիպել եւ հասկացել են, որ միայն հեղափոխությունը՝ իշխանափոխությունը կփրկի մեզ։ Օրական 14-15 կիլոմետր քայլելու ժամանակ նաեւ մտորելու, երկրի ու ազգի ապագայի մասին խորհելու հնարավորություն են ունեցել ու հասկացել են, որ ամեն ինչ պետք է անեն, ամեն ջանք գործադրեն, որ Հանրապետական մեծամասնությունն ու իր առաջնորդ Սերժ Սարգսյանը հեռանան ասպարեզից։ Նրանք մեր երկրի, մեր պետության զարգացման խոչընդոտներն են, եւ միայն նրանց հեռացումից հետո է հնարավոր զարգացում, առաջընթաց։

Օրեր շարունակ սոցցանցերի եւ լրատվամիջոցների հեռարձակումների միջոցով նրանց հետեւած հանրությունը սպասում էր նրանց ժամանելուն։ Քաղաքի հյուսիսային հատվածում արդեն նրանց մարդիկ էին դիմավորում։ Իսկ կողքից անցնող ավտոմեքենաները ողջունում էին։ Միանգամայն հասկանալի է, որ գործող իշխանությունից դժգոհ է ոչ միայն երթերին ու հանրահավաքներին մասնակցող սակավ զանգվածը, այլեւ շատ ավելի մեծ թվով մարդիկ, որոնք կա՛մ վախենում են փողոց դուրս գալ, կա՛մ սպասում են, որ «կրիտիկական զանգված» հավաքվի փողոցում, որ միանան։ Մարդիկ տարբեր են, եւ ոչ մեկին չի կարելի մեղադրել վախի, զգուշության, դանդաղելու, ինչպես նաեւ իշխանամետ ու իշխանական լինելու մեջ։ Հանրությունը, ի վերջո, չի կարող միատարր եւ միակարծիք լինել։ Եվ ընտրություններ կոչվող գործընթացի իմաստն էլ հենց դա է՝ որոշել, թե հասարակության մեծամասնությունն ում է ուզում տեսնել իշխանության ղեկին

Մեկնաբանություն
X