Սերժ Սարգսյանը գահ է բարձրանալու համընդհանուր բողոքի, ընդվզման, սուլոցների և արհամարհանքի պայմաններում

«Հրապարակ»-ում արդեն հասցրել եմ շուրջ 170 ակնարկներ հրապարակել։ Ճիշտն ասած երեկ եմ հաշվել ու ընթացքում էլ հայտնաբերել, որ գրվածքների մի զգալի մասը ուղղված են «Ելք» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ։ Ինչպես հասկացաք պարբերաբար խիստ ու սուր քննադատության եմ ենթարկել դաշինքին և ամենևին էլ չեմ փոշմանել: Հիմա էլ պատրաստ եմ կրկնել ամեն մի բառն ու ձևակերպումը։

Բայց նույնիսկ այս քննադատական և քննական վերաբերմունքի դեպքում, պարզապես չեմ կարող չխոստովանել, որ ներկայումս այն ինչ անում են Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, չափազանց կարևոր ու անհրաժեշտ գործընթաց է։ Ավելին՝ քայլերթն ու նախատեսվող քաղաքական ակցիաները հույս են ներշնչում, որ Հայաստանը բոլոր դեպքերում «Ուզբեկստան» չի դառնա։

Ո՛չ, ամենևին էլ չեմ փորձում համոզել, թե պայքարի այս փուլում հաղթանակի որևէ հեռանկար կա։ Իսկապես համանման ակնկալիքներ ունենալ չենք կարող, որովհետև քաղաքական իրադրությունը նպաստավոր չէ, իսկ հանրությունն էլ առնվազն պատրաստ չէ լայնամասշտաբ ընդվզման։ Վերոհիշյալ միտքը կասկածի տակ կարող է առնել միայն անսպասելի ու անկանխատեսելի պայթյունը՝ բռնկված փոքրիկ կայծից։ Համանման բռնկումները որպես կանոն դուրս են քաղաքագիտական օրինաչափությունների տրամաբանությունից և կյանքի են կոչվում առանց պատճառայնության շղթայի ներգործության։ Պարզապես հանգամանքները համընկնում են ու վերջ, և անպատճառ ու անակնկալ պայթյունը դառնում է հենց ինքն իր պատճառը։

Իհարկե դժվար է ասել այդպիսի պայթյուն կլինի, թե՞ ոչ, իմաստ էլ չկա այդ ուղղությամբ կանխատեսումներ անել, բայց չենք կարող չարձանագրել, որ համանման բռնկման հավանականությունը հատկապես կմեծանա այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժումը պարտվի, իսկ պարտությունն անխուսափելի է՝ գոնե իմ դիտարկումների համաձայն։

Ասվածից չպետք է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն անարդյունք ու անարժեք գործ է։ Երիցս ո՛չ։ Ընդհակառակը՝ իր արժեքայնությամբ այն վկայությունն է այն բանի, որ հանրությունը վերջնականապես չի մեռել, դեռևս շնչում է և միանշանակ չի ընդունում մեկ անձի իշխանության հավերժացման ակտը։ Այսինքն՝ ընթացքի մեջ գտնվող գործընթացը մի կողմից չափազանց կարևոր ազդակ է ներկայի, իսկ մյուս կողմից էլ՝ շոշափելի կապիտալ ապագայի համար։

Այլ խոսքով ասած քաղաքական ու քաղաքացիական ուժերը գաղափարական տեսանկյունից կասկածի տակ են առնում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ձեռնարկը՝ այս փուլում հստակ ազդարարելով, որ գործընթացն այդ սահուն ու հեշտ չի լինելու, «Շարմազանովյան» ծափահարությունների և անզուսպ ասմունքի ներքո կյանքի չի կոչվելու, այլ՝ Սերժ Սարգսյանը գահ է բարձրանալու համընդհանուր բողոքի, ընդվզման, սուլոցների և արհամարհանքի պայմաններում։ Բայց դա դատարկ ու անշարժ ընդզվզում չէ, դրա մեջ չափազանց կարևոր հեռանկար կա, հեռանկար, որն ապագայում կերպափոխվելու է մեծ պայթյունի՝ անպատճառ, բայց հանգամանքներով պայմանավորված։

Շարժումը կարևոր ներդրում է նաև խորը քնի մեջ անշարժացած հանրությանը արթնացնելու և դեպի պայքարի բարիկադներ ուղղորդելու տեսանկյունից։ Հայաստանի քաղաքացիներն աստիճանաբար զգալու են «բռնապետության» գարշահոտը, այն կայծակնային «հեպատիտի» արագությամբ տարածվելու է հանրապետությունով մեկ, թակելու է ամենքի դուռը, բայց անտարբեր ու խլացած մարդիկ չեն լսելու հարվածի ձայները։ Չլսել դեռ չի նշանակում չզգալ, որովհետև գարշահոտը տուն է մտնելու երդիկներով՝ դանդաղ ու աննկատ, ներծծվելու է մարդկային արյան մեջ՝ ցնցելով հոգիներն ու սրտերը նրանց։

Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը պետության և իշխանության համար առաջադրելու է նորանոր մարտահրավերներ, որոնք հանգեցնելու են հիմքային խոշոր ցնցումների։ Սարգսյանը վստահաբար հասկանում է, որ այսօր խաղաղ կերպով չհեռանալու դեպքում, վաղը կարող է հեռացվել ժողովրդական մահակի կտրուկ ներգործությամբ։ Եվ հենց այդպես էլ լինելու է, ժողովուրդը, վաղ թե ուշ չկարողանալով տանել բռնապետության գարշահոտը, ոտքի է կանգնելու՝ փշրելով իշխանական բուրգի նույնիսկ ամենավերջին քարը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած շարժումն առնվազն նպաստելու և պարարտ հող է նախապատրաստելու այդ վերելքի համար, այլ խոսքով՝ դառնալու է շարունակական պայքարի հերթական սերմը, որը դեռ պետք է ծաղկի։

Չգիտես ինչու քաղաքական գործընթացներն այս ինձ հիշեցրեցին «Սպարտակ» բալետը: Պարբերաբար նայում ու չեմ կշտանում դրանից։ Վերջերս նորից գնացել էի։ Հատկապես պետք է առանձնացնել Սպարտակի դերակատարին (անունը չգիտեմ), որը պարզապես չէր պարում կամ խաղում, այլ կարծես թռչում էր բեմի վրայով, համառ պայքարի, ազատության, արժանապատվության շունչը հաղորդում հանդիսատեսին՝ ցնցելով ամբողջ դահլիճը:

«Սպարտակի» մեջ կարելի է փնտրել ու գտնել պայքարող քաղաքացիների հավաքական կերպարը, որոնք նույն տրամաբանությամբ պայքարում են ստրկության վերացման, արդարության և ազատության համար: Չի կարելի չառանձնացնել նաև չքնաղ Ֆրիգիային, որը կարծես խորհրդանշում է անարդարության դեմ պայքարող կանանց և աղջիկներին, որոնք, ետ չմնալով ամուսիններից և ընկերներից, պատրաստ են արևածագը դիմավորել բարիկադների վրա կանգնած:

Սպարտակի պայքարը սովորական կռիվ չէր հանուն ինչ-որ մասնավոր հարցերի, նա հարյուրամյակների ընթացքում ազատության խորհրդանիշ դարձավ սերունդների համար: Այդ նույն տրամաբանությամբ հայաստանցիների կռիվը նույնպես պայքար չէ զուտ Սերժ Սարգսյանի անձի դեմ: Այդ պայքարի ներգործությունը ապրելու է հավերժ, քանի որ մարդիկ ամենայն վստահությամբ փաստում են, որ իրենք ստրուկներ չեն, ամրագրում են այն պարզ ճշմարտությունը, որ իրենք են Հայաստանի տերն ու պատասխանատվություն են կրում սերունդների առջև:

Վերջաբանի փոխարեն։ Կրասոսի նմանները միշտ էլ ապրելու են՝ փորձելով սպանել Սպարտակին ու բնի մեջ խեղդել նրա պայքարը: Բայց եթե Սպարտակն անմահ է, ապա «կրասոսները» պատմության մեջ կմնան որպես արնախում գազաններ, որոնց գլուխներն ինչ-որ մի օր հաստատապես կտրվելու են Միջագետքի տափաստաններում: Նշենք, որ բռնապետ Կրասոսը, որն արյան մեջ խեղդել էր Սպարտակի ապստամբությունը, Խառանի ճակատամարտում ի վերջո կորցրեց իր անպարտելի բանակն ու «ազնվական» գլուխը։

Համերաշխություն Հայաստանի Հանրապետության պայքարող քաղաքացիներին։

Մեկնաբանություն
X