Իրավունք

Մեր պատասխանը Freedom House-ին

Ռուսներն ամեն խաղ խաղացել էին, մնացել էր սարի սմբուլը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրծքով պաշտպանել, իսկ ավելի ստույգ` փեշերը փռել է Ադրբեջանի վերջին նախագահական ընտրությունների վրա ու քննադատել միջազգային դիտորդներին, որոնք, իբր, կանխամտածված կերպով փորձում են ստվերել այդ ընտրությունների ողջ փայլը:

Ավելի վաղ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների Բյուրոյի դիտորդները Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքներով համատեղ մամլո ասուլիսում հայտարարել էին, որ իրենց խանգարել են աշխատել մի շարք ընտրատեղամասերում: Իսկ ԵԱՀԿ դիտորդական առաքելության գլխավոր համակարգող Նիլզա դե Սենան հայտնել էր, որ դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել այդ ընտրություններում: Ըստ երևույթին Ադրբեջանին և նրա նորգերընտիր նախագահին ԵԱՀԿ-ի դեմ միայնակ չթողնելու նպատակով` ՌԴ ԱԳՆ-ն առաջին գիծ է հանել Մարիա Զախարովային, որը մի ծեծված թեզ է հրապարակ նետել, թե առանձին քաղաքական շրջանակներ և միջազգային դիտորդական կազմակերպություններ մինչև ընտրություններն էլ կանխակալ վերաբերմունք են ունեցել, որն արտահայտել են Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո:

«Մենք հրաշալի հասկանում ենք, նաև խոսել ենք այդ մասին, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների հանդեպ արևմտյան մի շարք քաղաքական ուժերի բացասական վերաբերմունքը ակնհայտ էր դեռ ընտրություններից առաջ»,- ասել է Զախարովան և հավելել, որ նման վերաբերմունք նկատելի է ոչ միայն Ադրբեջանի, այլև մի շարք այլ երկրների նկատմամբ:

Հասկանալի է, որ Մարիա Զախարովան դեռևս չի հասցրել թոթափել ՌԴ նախագահական ընտրությունների հետ կապված սթրեսները, որոնք շատ կխորանային, եթե չհետևեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքն ու հրավերը Պուտինին` այցելել Վաշինգտոն: Բայց, արդյոք, ճի՞շտ է հասկացել ՌԴ ԱԳՆ-ն այդ շնորհավորանքն ու հրավերը: Այլապես ինչո՞ւ պետք է Մարիա Զախարովան Բաքվին հասցեագրված հարվածներն ուղղեր Մոսկվայի վրա: Հարց է ծագում` ի՞նչ պարտավորություններ է ստանձնել Պուտինը Ալիևի առաջ:

Հետաքրքիր զուգադիպությամբ այս օրերին Freedom House կազմակերպությունը մի հայտարարություն էր արել, ըստ որի` Հայաստանն, իբր, գլորվում է դեպի ավտորիտարիզմ: Այս հայտարարությունից հետո, որն, ի դեպ, ավելի լուրջ է, քան ԵԱՀԿ դիտորդների նվնվոցը, թե Ալիևի 90 տոկոսանոց հաղթանակի ժամանակ առանձին տեղամասերում խախտումներ են եղել, Հայաստանի ռազմավարական դաշնակցի ԱԳՆ խոսնակն իրեն նեղություն չի տալիս Հայաստանի «օգտին» որևէ բառ ասել, որպեսզի Freedom House-ն էլ ԵԱՀԿ-ի նման հասկանա, որ Հայաստանը, առնվազն, Ադրբեջանի չափ պաշտպանված է Մոսկվայի կողմից: Թե ինչպես է հնարավոր նախագահական-փաշայական համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի անցումը գնահատել որպես անցում ավտորիտարիզմի, թողնենք Freedom House-ի խելացի փորձագետների խղճին, իսկ այն, որ Մոսկվան փեշերն է փռում Ալիևի վրա, ինքնին արդեն լուրջ մեսիջ է Արևմուտքին, որն անտեսել պարզապես հնարավոր չէ: Եվ, քանի դեռ Արևմուտքը ըմբռնումով կմոտենա նման բաներին, Հայաստանում ոչ թե հետևություններ կանեն Freedom House-ի և մյուսների ոչ հաճելի հայտարարություններից, այլ պարզապես կծաղրեն դրանք` այդ ծաղրը համարելով «Մեր պատասխանը Չեմբեռլենին»:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X