Կեղծ ընտրություն, սին հավաստիացումներ

Իլհամ Ալիեւն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 86 տոկսը՝ հայտնում է Ադրբեջանի ԿԸՀ-ն: Փաստացի Ադրբեջանում ընտրություն չի եղել: Ալիեւի վերարտադրությունը կանխորոշված էր այն ժամանակ, երբ ընդդիմությունը հայտարարեց բոյկոտի մասին: Անշուշտ, ընդդիմությունը հաղթելու բավարար ռեսուրսներ չուներ, բայց նրա մասնակցությունը կստեղծեր իրոք մրցակցային մթնոլորտ: Ամեն ինչ անցավ ըստ մշակված սցենարի: Առաջիկա յոթ տարիներին Ալիեւը շարունակելու է գլխավորել Ադրբեջանը:

Մեզ համար, իհարկե, հիմնականն այն է, թե ի՞նչ է սպասվում ղարաբաղյան կարգավորման բանակցություններում: Այս իմաստով, թվում է, լավատեսական սպասումներ չպետք է ունենալ: Քվեարկության ավարտից հետո Իլհամ Ալիեւը հեռուստատեսությամբ դիմել է ադրբեջանական ժողովրդին եւ հետեւյալ հայտարարությունն արել. «Մենք հասել ենք դիվանագիտական մեծ հաղթանակների: Միաժամանակ մենք մեծ հաղթանակի ենք հասել մարտի դաշտում: Ադրբեջանական բանակն օկուպանտներից ազատագրել է մեր հողերի մի մասը: Զավթիչներից մաքրվել է Աղդարայի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի շրջանների մի մասը, այսօր այդ հողերում ծածանվում է ադրբեջանական դրշոը: Այդ հողերում նախագահական ընտրություններ են անցկացվում: Կգա օրը, երբ դեռեւս օկուպացիայի տակ գտնվող բոլոր հողերում կծածանվի ադրբեջանական դրոշը, այդ հողերում կանցկացվեն նախագահական ընտրություններ»:

Մեկնաբանությունն, ինչպես նման դեպքերում է ասվում, ավելորդ են: Կեղծ ընտրությունների ավարտին Ալիեւը սին հավաստիացումներ է արել: Մասնավորապես՝ «այդ հողերում նախագահական ընտրություններ անցկացվելու» մասով: Իհարկե, շփման գծի զորամասերում բացվել են տեղամասեր, զինվորականները միահամուռ քվեարկել են Ալիեւի օգտին, բայց դրանից չի հետեւում, թե ադրբեջանական բանակը երկու տարի առաջ այնպիսի տարածքներ է գրավել, որտեղ այսօր քաղաքացիական կյանքը վերականգնված է եւ հնարավոր է քվեարկություն կազմակերպել: Ալիեւի շեշտադրումները պոպուլիստական են: Բայց դրանք վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցում նա շարունակելու է մնալ մաքսիմալիստ: Միջնորդները հույս ունեն, որ առաջիկայում հնարավոր է բանակցային գործընթացի ինտենսիվացման հասնել: Հետընտրական մի ելույթով, իհարկե, սխալ կլիներ դատել Ալիեւի բանակցային դիրքորոշման մասին առհասարակ: Այդուհանդերձ, նրա հեռուստաելույթի տոնը թույլ չի տալիս հուսալ, որ մոտ ապագայում հնարավոր է հասնել առաջընթացի:

Մեկնաբանություն
X