Նավթ եւ սպառազինություններ

Ադրբեջանում նախագահի ընտրության կոնտեքստում ուշագրավ հայտարարություն է արել ֆինանսների նախարար Շարիֆովը: Ըստ այդմ, հավանական է, որ Ադրբեջանի բյուջեն վերանայվի: «Դա չի բացառվում, բայց կոնկրետություն կլինի մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում»,- ասել է նախարարը: Ադրբեջանի ընթացիկ տարվա բյուջեն կազմվել է շուրջ մեկ միլիարդ մանաթի դեֆիցիտով: Հաշվի է առնվել նավթի բարելի դիմաց 45 դոլար գինը: Տարեսկզբից, սակայն, միջազգային շուկայում նավթի գինը կայուն բարձր է բարելի դիմաց 55-60 դոլարից:

Ներկայումս «Բրենտ» տեսակի նավթի գինը բարելի դիմաց 72 դոլար է: Այսպիսով, Ադրբեջանի բյուջեի փոփոխություն կարող է կատարվել դեֆիցիտը նվազեցնելու կամ մուտքերն ու ծախսերը համապատասխան չափով ավելացնելու ուղղությամբ: Նախագահի ընտրություններից հետո դիմելով ժողովրդին, Իլհամ Ալիեւը կանխատեսել է շուրջ 3 տոկոսի տնտեսական աճ՝ արդեն այս տարի: Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի տնտեսությունն անցյալ տարի ՀՆԱ-ի զրոյական աճ է ունեցել, իսկ նախորդ երկու-երեք տարիներին այն 2013թ. համեմատ գրեթե կրկնակի կրճատվել էր, ապա նախատեսված ցուցանիշը կարելի է ոչ իրատեսական համարել: Այդուհանդերձ, միջազգային ֆինանսական կառույցների կողմից Ադրբեջանին տրամադրվող միլիարդավոր դոլարի հասնող վարկերը վկայում են, որ այդ երկրի տնտեսության նկատմամբ վստահությունը սկսել է վերականգնվել:

Ընթացիկ տարում Ադրբեջանը բոլոր տեսակի ռազմական ծախսերին հատկացրել է 1,5 միլիարդ դոլար: Եթե նավթի համաշխարհային գների ներկա միտումները պահպանվեն, եւ Ադրբեջանի պետական եկամուտների աճ տեղի ունենա, ապա, ամենայն հավանականությամբ, ռազմական ծախսերը կավելանան: Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ, որտեղ վերջերս պետական փորձարկում է անցել նոր զինատեսակ: Դա համազարկային կրակի ռեակտիվ կայանք է, որը պարամետրերով գերազանցում է ռուսական «Սմերչին»: Զինատեսակը դեռեւս սերիական արտադրության չի դրվել, բայց Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում: Ուկրաինան ավանդաբար Ադրբեջանի դաշնակից երկիր է, սպառազինությունների մատակարար:

Մեկնաբանություն
X