Տեսախցիկները կհսկեն հուշարձանների վերականգնման ընթացքը

Մշակույթի նախարարությունում, նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում՝ վերականգնվող հուշարձանների 2017-2018 թվականների ծավալն իրականացնող շուրջ տասը շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում Ամիրյանը շինարարական կազմակերպությունների ղեկավարներին նախ հորդորել է աշխատանքն իրականացնել որակով, խղճով եւ պատվով, ապա տեղեկացրել, որ այդ նպատակով այս տարի հուշարձանների շինհրապարակներում առնվազն երեք տեսախցիկ կտեղադրվի։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ տեսախցիկները պետք է տեղադրվեն գրեթե բոլոր շինհրապարակներում․ «Որտեղ հնարավոր է, օրինակ՝ Արտաշատ քաղաքատեղին սահմանային գոտում է, եւ այդտեղ հնարավոր չէ տեղադրել։ Տեղեր կան, որ մի քիչ ուշացումով կփորձենք կապի բոլոր միջոցներն ապահովել, այդ թվում՝ հոսանքով, որովհետեւ մեր հնարավորությունները բավարար չեն։ Իսկ այն տեղերում, որտեղ հնարավոր է, մի քիչ շուտ կդնենք, այսինքն՝ առաջիկա շաբաթներում կփորձենք դա ապահովել»։

Թե տեսախցիկները որքանով կօգնեն հսկողություն սահմանել հուշարձանների վերականգնման հարցում՝ շինհրապարակներում, Աբրոյանը կարծում է, որ դա բավականին արդյունավետ կլինի, քանի որ գործընթացը տեսահսկելի կլինի նաեւ ժամանակային առումով։ Տեսախցիկներն աշխատելու են առցանց ռեժիմով, բոլոր այն քաղաքացիները, ովքեր կցանկանան հետեւել շինարարության ընթացքին, կարող են միանալ համապատասխան հասցեին, որը հասանելի կլինի նաեւ նախարարության աշխատակիցներին։ Ինչպես նկատում է Աբրոյանը՝ նախարարության պահանջն է, որ դրանք տեղադրվեն կազմակերպությունների հաշվին։ «Դա նաեւ իրենց է պետք, որ իրենք էլ իրենց աշխատակիցներին կարողանան վերահսկել, նախարարությունը կփորձի որեւէ ձեւով օգտակար լինել եւ աջակցել նրանց»,- ասում է նա ու ընդգծում, որ տեսախցիկների տեղադրման իրենց մտահղացումը միջազգային փորձի ուսումնասիրման կարիք չունի, քանի որ տեսախցիկները ցանկացած տեսակի հսկողության ժամանակ մնում են արդիական։

Ինչ վերաբերում է իրեն եւ Արեւ Սամուելյանին արված հանձնարարականներին, ապա դրանք վերաբերել են աշխատանքների արագ կազմակերպմանը, որակով կատարելուն եւ տեխնիկական մի շարք այլ հարցերի, որոնք կարող են այս կամ այն կերպ խոչընդոտ հանդիսանալ աշխատանքների կազմակերպման հարցում։

Անցած տարի մարզային շրջայցերի ժամանակ գրեթե ամենուր արձանագրվել էին հուշարձանների վերականգնման ժամկետների ուշացում եւ աշխատանքի թերացումներ․ այդ մասով որոշակի պահանջներ, ժամկետներ դրվե՞լ են շինարարական կազմակերպությունների ղեկավարների առջեւ։ «Պահանջները բավականին խիստ են, ժամկետների սեղմ լինելը պետք է ենթադրեն իրատեսական ժամկետներ, որովհետեւ վերականգնողական տեխնոլոգիաները չեն կարող արագ կառուցել, դրանք տեւական ժամանակ են պահանջում, եւ դրա համար հնարավոր սեղմ ժամկետներ են տրված։ Ինչ վերաբերում է անցած տարիների ուշացումներին, ապա դրանց աշխատանքները, կառավարության որոշմամբ, տեղափոխվել են այս տարի։ Դրանք պետք է կազմակերպել այնպես, որ շուտ ավարտելիս մյուս կապալառուն կարողանա շարունակել եւ ավարտել մյուս աշխատանքները։ Այսինքն՝ ծրագիրն ամբողջացնելու խնդիր կա, եւ դա հստակ ժամկետների առումով դրվել է»,- ասում է Աբրոյանն ու հավելում, որ այս տարի 10 հուշարձան է վերականգնվելու, այդ թվում՝ անցած տարվա անավարտները, բայց տեսախցիկներ կտեղադրվեն ոչ բոլոր վայրերում։

Մեկնաբանություն
X