Լսելի և պահանջված հաղորդաշար

Հանրային ռադիոյի «Կուլիսներ»՝ թատերարվեստի անվանի գործիչներին նվիրված եւ հանրության կողմից պահանջարկ ունեցող հաղորդաշարի արդեն երեք ամիս եթեր չհեռարձակվելու պատճառը պարզելու նպատակով դիմեցինք «Կուլիսների» հեղինակ եւ հաղորդավար Գագիկ Ռոստոմյանին: Նա ներկայացրեց Հանրային ռադիոյի ղեկավարության` մեզ համար միանգամայն անսպասելի վերաբերմունքը հաղորդաշարի կասեցման վերաբերյալ:

«2018-ի հունվարից «Կուլիսների» ոչ մի հաղորդում եթեր դուրս չի եկել,- ասաց Գ. Ռոստոմյանը,- որովհետեւ, ռադիոյի նորանշանակ տնօրենի համոզմամբ, «հաղորդումը ռադիոյի ֆորմատին չի համապատասխանում եւ անորակ է»»:

Պարզապես ուզում ենք հասկանալ, թե ինչ «ֆորմատի» եւ որ «անորակ հաղորդման» մասին է խոսքը, կամ ինչ նպատակ է հետապնդում նման գնահատականը, երբ այսօրինակ հաղորդումը Հանրային ռադիոյով ուղղակի անհրաժեշտ պահանջ է հենց մեր ժամանակների համար: Դեռեւս 1998-ից ռադիոյի հաղորդավար Գ. Ռոստոմյանի՝ մեր մեծերի հանդեպ պարտքի ու երախտիքի անօրինակ զգացումն է, որ կյանքի է կոչել նրա բազմաբովանդակ հաղորդումները, մասնավորապես` հայ մշակույթի, թատրոնի ականավոր արվեստագետներին նվիրված «Կուլիսներ» հեղինակային հաղորդաշարը, որը Ռոստոմյանը ձեռնարկել է 2001-ին եւ վարում է մինչ օրս:

«Կուլիսները» երբեւէ չի կորցրել հետաքրքրությունն իր բազմահազար լսարանի, անգամ տարբեր խառնվածքի ու գործելակերպի տնօրենների շրջանում, եւ ոչ մի բողոք, դժգոհություն, ընդհակառակը` իր բովանդակալից եւ բարձրորակ հաղորդումներով հիացրել, հուզել է խստապահանջ թատերասեր բազմաթիվ ունկնդիրների, ինչպես «Ռադիոթատրոնը»:

«...Խելահեղ մեր ժամանակի ալեկոծումներում կրկին իր ափն ու նավահանգիստը գտնող թատրոնի խնդիրներն է լուսաբանում «Կուլիսներ» հաղորդաշարը` հեղինակ-հաղորդավար Գագիկ Ռոստոմյանն իր օրինակելի հայերենով» (գրող, հրապարակախոս Անահիտ Պարսամյան, «Եթեր», 13 ապրիլի 2006թ.):

Գ. Ռոստոմյանը բանիմաց եւ հաճելի զրուցակից է, հարցազրույց վարելու նրա հմտությունն ու վարպետությունը, տարողունակ հարցերի բազմազանությունը, հաղորդավարին բնորոշ հայերենի լավ իմացությունը, բեմական խոսքի փայլուն տվյալները նպաստում են ունկնդրի գեղարվեստական պահանջմունքների բավարարմանը եւ ոչ միայն արժանանում են նրանց ականջ շոյող գնահատականին, այլեւ բարձրացնում են «Կուլիսների» հեղինակությունը:

«Սիրելի Գագիկ, ես միշտ հաճույքով եմ լսում «Կուլիսներն» ու դիտում քո հաղորդումները, ասմունքը եւ բարձր եմ գնահատում բեմական խոսքդ, կերպարդ: Ահա թե ինչու մեծ ցանկություն ունեմ, որ դու եթերում հնչեցնես իմ քնարական, սիրային բանաստեղծությունների մի փունջ` քո ճաշակով, քո ընտրությամբ:

Ես քո ձայնը ոչ միայն կունկնդրեմ սիրով, այլեւ խնամքով կպահեմ Սոս Սարգսյանի, Վլադիմիր Աբաջյանի, Ժենյա Ավետիսյանի, Վերա Հակոբյանի ձայների հետ՝ իմ արխիվում:

Միշտ բարեկամդ` Սուրեն Մուրադյան, նոյեմբեր, 2012թ.»:

Բազմաբովանդակ եւ մեծ պահանջարկ ունեցող հաղորդմանը տրված 20 րոպեն ոչ թե «երկար», նույնիսկ քիչ է թատերասեր լսարանի համար՝ ամբողջական կարծիք ձեւավորելու ներկայացվող բեմարվեստի գործիչների մասին:

Հանրային ռադիոյի «Կուլիսներ» հաղորդաշարի նպատակն ու կոչումը, իրոք, թատերական կյանքի աշխուժացումն է, թատրոնի եւ դրա ամենօրյա հոգսաշատ խնդիրներով ապրող ու ստեղծագործող մարդկանց հաջողություններն ու, ինչու չէ` նաեւ բացթողումները:

«Կուլիսներն» իր հազարավոր ունկնդիրներին միշտ էլ սիրով ու նվիրումով, համակողմանի ներկայացրել եւ հասու է դարձրել փառահեղ անցյալ ունեցող մեր բեմարվեստի մեծանուն վարպետների արվեստը, անուններ, որոնք զարդարում են հայ թատրոնի բազմադարյա պատմության էջերը:

Հաղորդաշարն ընդգրկուն է ներկայացրել Վարդան Աճեմյանին, Արմեն Գուլակյանին, Հրաչյա Ներսիսյանին, Ավետ Ավետիսյանին, Վավիկ Վարդանյանին, Վաղարշ Վաղարշյանին, Խաչիկ Նազարեթյանին եւ մյուս մեծերին, ինչպես նաեւ ժամանակակից արվեստագետներ Հասմիկ Պապյանին, Կարինե Քոչարյանին, Երվանդ Ղազանչյանին, Վահե Շահվերդյանին, Ժենյա Ավետիսյանին, Արմեն Սանթրոսյանին եւ ուրիշների: «Կուլիսները» հաճախ հյուրընկալել է դրամատուրգների, բեմանկարիչների, թատերագետների, թատրոնի տարբեր ոլորտների արվեստագետների, ներկայացրել նրանց արվեստն ու նախասիրությունները:

«Կուլիսների» հաջողության գրավականն այն է, որ Գ. Ռոստոմյանն անվանի արվեստագետներին նվիրված հաղորդումները պատրաստելիս օգտվել է թատերագիտական գրականությունից, ժամանակակիցների հիշողություններից, հանրագիտարաններից, որոնք ավելի ամբողջական են դարձնում հաղորդումը:

Հաշվի առնելով, որ «Կուլիսները» սիրով եւ հաճույքով ունկնդրում են նաեւ սփյուռքահայ մեր հայրենակիցները, հորդորում ենք Հանրային ռադիոյի ղեկավարությանը` վերականգնել հանրության կողմից ընդունված եւ հաջողված այս հաղորդաշարի բնականոն եթերը` ի շահ հայ թատրոնի կենսունակության եւ խանդավառման, հանուն մոռացության տրված, սակայն թատրոնին իրենց գիտակցական կյանքը նվիրաբերած մշակների:

«Տեղին է նշել, որ «Կուլիսները» միակ հաղորդումն է, որն անդրադառնում է թատերարվեստին: Գնահատելի է նաեւ, որ այն հաղորդվում է մաքրամաքուր գրական հայերենով» (ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյան):

«Մարզերի թատերասերները եւս մեծ բավականությամբ են ունկնդրում «Կուլիսներ» հաղորդաշարը, ոչ միայն նրա համար, որ հաղորդումն անդրադառնում է մայրաքաղաքից դուրս գտնվող բեմարվեստի գործիչներին, այլ` որ այն օգտակար է բեմարվեստի հարցերով զբաղվողների համար» (ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե Շահվերդյան):

««Կուլիսներ» հաղորդաշարի՝ Հանրային ռադիոյով այլեւս եթեր դուրս չգալն ինձ վշտացրեց, քանզի հաղորդումը չափազանց կարեւոր եւ ուշադրության արժանի գործ է կատարում` մոռացության փոշիներից հանելով մեր ժողովրդի անցյալի ու ներկա մեծանուն արվեստագետների կյանքն ու գործունեությունը եւ մատուցում այսօրվա սերնդին» (ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ՀՀ գրողների միության անդամ Արմեն Սանթրոսյան):

Այն կարեւոր եւ պատասխանատու դերակատարումը, որ ունեն թատրոնի կյանքով ապրող բազմաշխատ ու միշտ խանդավառ, մարզային թատրոնների` Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի, Գավառի վաստակաշատ արվեստագետները՝ հատկապես սահմանամերձ քաղաքների ու գյուղերի աշխատավորության հետ սերտ կապի, նրանց գեղարվեստական պահանջների բավարարման, թատրոնի պահպանման ու տարածման գործում, անհամեմատ ավելին է, քան այն վերաբերմունքն ու գնահատականը, որոնց արժանանում են նրանք: Այս տեսանկյունից, իրոք, ուշադրության արժանի եւ գնահատելի աշխատանք է կատարում «Կուլիսները»` հանրությանը ներկայացնելով մարզային թատրոնների ավագ եւ երիտասարդ սերնդի լավագույն արվեստագետներին, որոնցից շատերն այսօր էլ որոշակի հետք են թողնում հայ թատրոնի պատմության էջերում, սակայն մնում են ստվերում:

Համակարծիք ենք բոլոր այն մարդկանց տեսակետներին, ովքեր գտնում են, թե «Կուլիսներն» իրեն չի սպառել, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ռադիոլսող հանրության շրջանում, եւ պետք է շարունակել հեռարձակել հանրային ձայնասփյուռով:

Հայ թատերարվեստի մի խումբ անվանի գործիչներ

Մեկնաբանություն
X