Երկու վարչապետ

Կարծում եմ` մենք ունենալու ենք երկու վարչապետ: Շատ լինի` քիչ չլինի, ինչպես ասում են: Մեր վարչապետները, սակայն, կունենան տարբեր լիազորություններ եւ պարտականություններ եւ չեն կրկնի միմյանց: Նրանցից մեկը կլինի ասող վարչապետ, իսկ մյուսը` լսող: Այս լսող վարչապետը, ըստ էության, կպահի կապը ասող վարչապետի եւ կառավարության միջեւ: Կգնա Բաղրամյան 26, կլսի, թե ինչ է մտածում ասող վարչապետը, եւ այդ ամենը կփոխանցի կառավարության բոլոր օղակներին: Ասել է թե՝ այդ լսող վարչապետն իր հերթին ասող է լինելու կառավարությունում, սակայն՝ ո՛չ «իսկականից ասող»-ի իրավունքներով: Հասկանալի է, չէ՞: Լավ, այսպես ասեմ` գործադիր իշխանության առաջին դեմքը լինելու է Սերժ Սարգսյանը, իսկ վարչապետը, այդ բառի բուն իմաստով, այսինքն՝ շատ չարչարվողն ու շալի շապիկ հագնողը` Կարեն Կարապետյանը: Այսպես, կարծես, ավելի լավ ստացվեց:

Ի՞նչ է նշանակում Կարեն Կարապետյանի հետեւյալ հայտարարությունը. «Որոշել ենք այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել»: Խոսքը, անշուշտ, Սերժ Սարգսյանին ասողի դերում պահպանելու, կոնֆիգուրացիան չխախտելու մասին է: Ո՞ւմ հայտնի չեն Սերժ Սարգսյանի «ասողական» հատկանիշներն ու մեծ փորձը: Ի դեպ` անցումային ժամանակներ են, դժվարություններ կան, ու այդ իրավիճակում իսկապես լավ ասող է պետք, եւ ՀՀԿ-ին հաջողվել է, կարծես, համոզել Սերժ Սարգսյանին` դառնալ ասող վարչապետ:

Հե՞շտ է եղել, արդյոք, Սերժ Սարգսյանին համոզելը: Իհարկե` ոչ: Նախագահի պաշտոնում ինչ ունեցել-չի ունեցել, թողել են իրեն` նստավայր, բնակարան, ավտոպարկ, արտաքին քաղաքականություն, ուժային կառույցներ, գերագույն գլխավոր հրամանատարի աստիճան, կողքից՝ նաեւ այլ լծակներ եւ, ի հավելումն` երիտասարդ կադրեր պատրաստելու լիակատար ազատություն: Ես չգիտեմ մեկ այլ վարչապետի, որ երբեւէ կարողացել է իրեն այսքան թանկ մատուցել նոր կառավարությանը: Բայց մենք հայ ենք եւ սիրում ենք թանկ բաներ: Մեր բարեկամ Անգլիայում, օրինակ, վարչապետ Թերեզա Մեյը, որից մեկ հատ կա ընդամենը կառավարությունում, ասելու այնքան լիազորություններ չունի, որքան մեր ասող վարչապետը: Թերեզա Մեյը ո՞ր օրվա գերագույն գլխավոր հրամանատարն է: Էլ չեմ ասում այն մասին, որ նա, իր կուսակցությունում կամ խորհրդարանում մեծամասնության հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում, պետք է շտապի երկրի Սուվերենի, այսինքն` միապետի մոտ եւ հրաժարական տա: Հայաստանում ինչ-որ մեկը նաեւ այդ մասին է հոգացել, եւ Սերժ Սարգսյանը նման դեպքերում շտապելու ոչ մի տեղ չի ունենա: Չգիտեմ ով է նա, բայց հանճարեղ բան է մտածել` ասող վարչապետը հո չի՞ գնա իր նշանակած «երկրի գլուխ» միապետի մոտ, թե՝ արի, կլինի՞, ինձ հրաժարեցրու: Մյուս կողմից էլ՝ այդ ինչ պետք է տեղի ունենա ՀՀԿ-ում, որ Սերժ Սարգսյանը կորցնի մեծամասնության վստահությունը: Չլինելու բան է: Շարմազանովը, երեկ իմացանք, Սերժ Սարգսյանի նկարից նույնիսկ չի ուզում բաժանվել, էլ ուր մնաց` Սերժ Սարգսյանից: Սերժ Սարգսյանից բաժանվել չեն ուզում անգամ ամենառուսալեզ ՀՀԿ-ականները, որոնք Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ միաձայն կողմ են քվեարկել Հայաստանի եվրոպականացման համաձայնագրին: Կարելի է ասել` մենք ունենք կիսաաստված` ի դեմս Սերժ Սարգսյանի:

Անշուշտ, այս ողջ իրարանցման մեջ ամենագեղեցիկն ընդդիմությունն է, որ հետին թվով մերժում է Սերժին: Ազատության հրապարակում այս պահին մեծ թափով առաջ են գնում բաբելոնյան աշտարակաշինության աշխատանքները: Մեր ընդդիմադիրները մտադիր են աշտարակն այնքան բարձրացնել, որ հնարավոր լինի հասնել Սերժին եւ մերժել նրան: Ի՞նչ ասեմ, աշտարակի փլվելուն դեռ մեկ շաբաթ կա, շարունակեք նույն ոգով, եւ մեկ շաբաթից երկնքից մանանա կիջնի՝ որպես պարգեւ այս ողջ ներկայացման համար:

Գանք Կարեն Կարապետյանի պարագային: Նրան, ըստ երեւույթին, կվստահվի երկրի տնտեսությունը տեղից շարժելու ծանր գործը: Ինչպես ինքն է ասել, որոշել են կոնֆիգուրացիան չխախտել եւ առաջին դեմքի դերում պահել Սերժ Սարգսյանին: Որոշե՞լ են՝ թող պահեն: Լավ կլիներ, սակայն, որ որոշողները, ենթադրվում է` դա ՀՀԿ-ն է, հոգային նաեւ Կարապետյանի մասին եւ փակեին իրենց այն մեկնաբանների բերանները, որոնք ամեն կերպ փորձում են հասկացնել, որ Կարեն Կարապետյանին մի կողմ են հրել եւ նրա պաշտոնում նշանակել Սերժ Սարգսյանին: Նման բան, իրականում, տեղի չի ունեցել: Կարեն Կարապետյանը մինչեւ Սերժ Սարգսյանի ասող վարչապետ դառնալն էլ այն նույն լիազորություններն է ունեցել, որ ունենալու է այսուհետ, եթե, իհարկե, ՀՀԿ-ական որոշ չոբաններից վիրավորված՝ չորոշի հրաժարվել «սեւագործ» վարչապետի պատվաբեր պաշտոնից:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա մենք Սերժ Սարգսյանից ավելի բարդ ֆինալ էինք ակնկալում: Գուցե իրո՞ք իրավիճակն այնպիսին է, որ նրա մնալն անհրաժեշտություն է (աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ, պատերազմի սպառնալիք, ներքին վտանգներ), բայց վստահ ենք, որ նա, ինչպես տարիներ առաջ ասաց, այսօր էլ կարող էր գտնել 5-6 մարդու, որոնցից յուրաքանչյուրին կարելի կլիներ վստահել կառավարության ղեկավարի պաշտոնը: Ստիպվա՞ծ էր մնալ, թե՞ չուզեցավ հեռանալ: Կարծում ենք` նա դեռ կհստակեցնի:

Մեկնաբանություն
X