Շարմազանովի ցածրակարգ ասմունքի երեկոներն ու Միրզոյանի «շոուն»

Այսօր խորհրդարանում չափազանց հետաքրքիր քաղաքական ակցիա տեղի ունեցավ։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մոտեցավ ամբիոնին և հայտարարեց․ «Եկել է պահը վերջ տալու ՀՀԿ իշխանությանը և կերտել մեր երազանքների Հայաստանը»։ Այնուհետև Միրզոյանը ճայթռուկ վառեց, ավելի ուշ ևս երկու արդեն իսկ ծխացող ճայթռուկներով նրան միացավ նաև նույն խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։ Արդյունքում ԱԺ նիստերի կիսադատարկ ու գաղափարապես ամորձատված դահլիճը ծածկվեց ծխի «փետրավոր» ամպերով։

Ակցիան հետաքրքրական էր առաջին հերթին հենց իր սուր քաղաքական բնույթով։ Հնարավոր է վերոհիշյալ միտքը շատերի մոտ տարակուսանք առաջացնի, չէ՞ որ խորհրդարանն ինքնին քաղաքական ինստիտուտ է և տրամաբանորեն այնտեղ տեղի ունեցող ցանկացած գործընթաց ըստ էության պետք է քաղաքական լինի։ Բայց Հայաստանում իրավիճակն այլ է։ Այստեղ ամեն ինչ գործում է հակառակ տրամաբանությամբ՝ բնականը օրինաչափ չէ, իսկ օրինաչափն էլ՝ անբնական։ Ասվածի համատեքստում Հայաստանի պառլամենտը տարիների ընթացքում վերածվել է ապաքաղաքական խամաճիկային կարգավիճակ ունեցող կառույցի, որտեղ ամեն ինչ կա, բացի՝ քաղաքականությունից։ Այլ խոսքով ասած քաղաքականությունը խորթ դրսևորում է ըստ էության քաղաքական համարվող այդ բարձր ամբիոնի համար։ ՀՀԿ-ի իշխանության պայմաններում սա բնական է, բայց օրինաչափ չէ, իսկ մյուս կողմից էլ օրինաչափ է, բայց՝ անբնական։

Եվ ահա այս տարտամ չգոյության տիրույթում առաջին հայացքից սովորական թվացող ակցիան մի փոքր անսովոր տպավորություն ստեղծեց։ Եվ հենց այդ անսովորությունն էլ կրկնապատկեց Արարատ Միրզոյանի խոսքի ազդեցությունը։ Ամբիոնից հնչող խոսքն ըստ էության կարճ մանիֆեստ էր, որն ազդարարում էր ամեն գնով ՀՀԿ-ի իշխանության կազմաքանդման գործընթացը։ Այլ խնդիր է, թե պայքարը ինչպիսի շարունակություն և ավարտ կունենա։ Կարևորը մանիֆեստն էր, որն ի լուր աշխարհի ազդարարվեց, իսկ դրա արձանագրումը վկայությունն է այն հեռանկարի, որ ՀՀԿ-ի իշխանության ոչնչացումը վաղ թե ուշ կյանքի է կոչվելու։

Հետաքրքիր էր նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հեգնանքով լեցուն արձագանքը։ Նա քաղաքական ակցիան դիտարկեց որպես շոու, այն էլ՝ չստացված։ Եթե «Ելք» խմբակցության պատգավորների արածը շոու էր, ապա ի՞նչպես կարելի է բնութագրել Շարմազանովի նախաձեռնած ասմունքի ցածրակարգ հակաէսթետիկ «երեկոները»՝ նվիրված Սերժ Սարգսյանին։ Բոլորը ծաղրում են Շարմազանովին, նույնիսկ առավել բանական ՀՀկ-ականներն են նրան ծաղրում։ Բայց ինչպե՞ս չծաղրել, երբ հասուն մարդը էժանագին ապրանքի գովազդով զբաղվող շոումենի դերի մեջ պարփակված՝ հրապարակայնորեն սիրո խոստովանություններ է ձոնում իր «հոգևոր հորը»։ Տեսնես Սերժ Սարգսյանը գլխի ընկնո՞ւմ է, որ իրեն նվիրված կենացներն առաջին հերթին արժեզրկում են հենց իրեն։

Եվ ամենազավեշտալին այն է, որ Շարմազանովն ասմունքում է կամավոր, վստահ եմ ոչ ոք նրան չի ստիպում այդպիսի ծիծաղելի իրավիճակներում հայտնվել։ Դպրոցական միջոցառումների ժամանակ ռազմահայրենասիրական ասմունքով հանդես եկող աշակերտներին ստիպում են, բայց նրան՝ ոչ։ Այսինքն՝ նույնիսկ աշակերներն են առավել հասուն, քան՝ ԱԺ փոխնախագահը։ Եվ այս արժեքային ճահճի մեջ մինչև կոկորդը խցանված ու նույնիսկ գործընկերների կողմից պարբերաբար հեգնանքի արժանացող մարդը համարձակվում է հեգնել քաղաքական ակցիա իրականացնող պատգամավորներին։

Մեկնաբանություն
X