Նարեկ Դուրյանի նոր ներկայացումը

Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը ՀԳՄ շենքում տեղակայված իր «Բոհեմ» թատրոնում կներկայացնի բոլորովին նոր՝ «Օրագիր» փաստավավերագրական դրաման՝ ըստ Լիանա Բաղդասարյանի անձնական օրագրի: Ներկայացման պրեմիերաները տեղի կունենան ապրիլի 24-ին, 25-ին եւ 26-ին: Բեմադրության, երաժշտական ձեւավորման եւ պիեսի հեղինակը Նարեկ Դուրյանն է:

Ներկայացման մեջ ամփոփված են 1988-ից մինչեւ մեր օրերը տեղի ունեցած պատմական իրադարձությունները, այդ թվում՝ ղարաբաղյան շարժումը, ապրիլյան պատերազմը: «Օրագրի» առանցքում մեր ժամանակակից պատմությունն է: 15 տարի առաջ Լիանա Բաղդասարյանը Նարեկ Դուրյանին է փոխանցել իր անձնական օրագիրը՝ ցանկություն հայտնելով, որ եթե հնարավորություն լինի, Դուրյանը կարող է ներկայացում բեմադրել իր օրագրի հիման վրա: Օրագրի հերոսները 4 ընկերուհիներ են, ովքեր 1983-88 թթ. սովորել են Բաքվի մանկավարժական ինստիտուտում: Ի դեպ, օրագրի հերոս չորս ընկերուհիները ղարաբաղյան շարժման ժամանակ տեղափոխվել են հայրենիք եւ ապրում են այստեղ մինչ օրս։

«Օրագրի» դերասանների մեծ մասը երիտասարդներ են, որոնցից շատերը միանգամից մի քանի հերոսի են մարմնավորում: Ներկայացման մեջ խաղում են Նարեկ Դուրյանը, Քրիստինա Հովհաննիսյանը, Թամարա Պետրոսյանը, Տաթեւ Միրումյանը, Սիրանուշ Երիկյանը, Սուսաննա Ղազարյանը, Թելման Առաքելյանը, Արտակ Մանուկյանը, Րաֆֆի Թադեւոսյանը, Գարիկ Միրզոյանը:

Մեկնաբանություն
X