Հայ արվեստագետների գործերն արաբական աշխարհին հետաքրքրել են նախեվառաջ մտածողությամբ

>

«Գալա Արտ» ցուցասրահը նոր է վերադարձել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից, որտեղ երկու ամիս շարունակ հայկական արդի արվեստի եւ ժամանակակից կերպարվեստի երեք մեծ ցուցահանդես է կազմակերպել Միջին Արեւելքի արվեստի ամենաառաջատար հարթակում՝ ներկայացնելով ցուցասրահի 21 արվեստագետի շուրջ 150 աշխատանք՝ կերպարվեստ, քանդակագործություն, ինստալիացիոն, կոլաժային արվեստ, որոնք ներկայացված են եղել ամենատարբեր ուղղություններով՝ ավանգարդ, մոդեռն, գրաֆիկա։

«Գալա Արտ» ցուցասրահի հիմնադիր տնօրեն Ավետիս Բերբերյանի գնահատմամբ՝ սա նախադեպը չունեցող նախաձեռնություն էր, խոշոր քայլ՝ հայկական կերպարվեստի մուտքը դեպի միջազգային արվեստի շուկա ապահովելու համար։ Ըստ Բերբերյանի՝ արդյունքները փայլուն էին, երկու ամսվա ընթացքում ավելի քան 5 հազար այցելուի են հյուրընկալել եւ ծանոթացրել հայկական կերպարվեստին եւ դրա առանձնահատկություններին:

Հայկական կերպարվեստն ու ժամանակակից արվեստը մեծ հետաքրքրություն են առաջացրել տեղի մամուլում։ Ցուցահանդեսներին անդրադարձ են կատարել ԱՄԷ-ի ամենահայտնի լրատվական թերթերը, այդ թվում՝ «AL ARABIYA» հեռուստակայանը, որի եթերում «Գալա Արտ» ցուցասրահի համահիմնադիր փոխտնօրեն Նուշիկ Միքայելյանն ուղիղ եթերով, ավելի քան 23 մլն հեռուստալսարանի առաջ, արաբերենով լուսաբանել է հայկական կերպարվեստի ցուցահանդեսների շարքը։ «Սա իր մասշտաբներով առաջին դեպքն էր, երբ մասնավոր ցուցասրահը, այդ ծանր բեռի տակ մտնելով, հաջողությամբ այն պսակեց։ Մշակույթի նախարարությունը մասնակի իր աջակցությունը բերեց այս ձեռնարկին՝ հասկանալով, թե ինչքան կարեւոր է նաեւ այս տեսակ մշակութային դեսպան հանդիսանալը։ Իսկ ցուցահանդեսներից երրորդը, որը միջազգային խոշորագույն արտ-էքսպոներից «ART DUBAI»-ի անցկացման օրերին էր զուգահեռ տեղի ունենում, ի պատիվ «Գալա Արտ»-ի, ընդգրկվեց մարտի կարեւորագույն ցուցահանդեսների շարքում՝ «ART WEEK» նշանավոր տարեգրքում»,- ասում է Բերբերյանն ու հավելում, որ այդ ցուցահանդեսները նոր դռներ բացեցին, նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որի արդյունքում առաջիկայում եւս առիթներ են ունենալու ներկայանալու եւ ներկայացնելու հայկական արվեստը։

Հայ արվեստագետների գործերն արաբական աշխարհին հետաքրքրել են նախեւառաջ մտածողությամբ։ «Գունային հսկա շերտերով, որը նաեւ մենթալիտետի, մտածողության արտահայտությունն է՝ իր փիլիսոփայությամբ։ Մեր կերպարվեստը շատ ուժեղ դիրքերում է ու շատ մրցունակ է միջազգային շուկայում։ Պարզապես այս տեսակ նախաձեռնությունները պետք է դուռ բացեն, որն էլ մենք նախաձեռնեցինք, ու սա կարող եմ մեծ ճանապարհի մեկնարկ համարել»,- ասում է նա ու ընդգծում, որ այդ 2 ամիսների ընթացքում շուրջ 20 հոգի այցելել է Հայաստան, որոնք անմիջականորեն կապված էին ցուցահանդեսից ստացած տպավորություններով․ «Խենթացած վերադարձան ու մեզ պատմեցին, թե ինչ հոյակապ հանգստյան օրեր են անցկացրել Հայաստանում։ Այսինքն՝ սա եւս գալիս է փաստելու այն, որ թե՛ մոտեցումը, թե՛ գաղափարը, թե՛ այն նպատակը, որ դրել էինք մեր առջեւ, արդարացրել է իրեն։ Հատկանշական է այն փաստը, երբ դու, իբրեւ ազգային պատկանելություն, որակական դրսեւորումներ ես ունենում մշակույթի լեզվով, քո, քո ազգի հանդեպ հարգանքը, հետաքրքրությունը, շատ տարբեր հարցերում մոտեցումները դառնում են դրական դաշտի մեջ»։

Գնորդների շրջանակը շատ բազմազան է եղել, նրանց թվում եղել են ոչ միայն տեղացիներ, այլեւ եվրոպացիներ, ամերիկացիներ, ռուսներ, ավելին՝ այդ 2 ամիսները լավ ժամանակ են եղել՝ ուսումնասիրելու ժամանակակից արվեստի պահանջարկի շուկան․ «Արաբները՝ տեղացիները, նկարչության մեջ ունեն իրենց ավելի նեղ նախասիրությունները, բայց, օրինակ, եվրոպացիների կողմից շատ մեծ զգացմունքայնությամբ էր այդ վերաբերմունքը դրսեւորվում։ Մեր արվեստը շատ ուժեղ, մրցունակ արվեստ է, եւ մեր արվեստագետներն էլ շատ հսկայական պոտենցիալ ունեն»։

Ավետիս Բերբերյանն ընդգծում է, որ սովետական շրջանում մենք մեծ քանակի հրաշալի նկարիչներ ենք ունեցել, որոնց մասին, ցավոք, առցանց տիրույթում ոչ մի ինֆորմացիա չկա․ «Արտիստի գովազդման տեսակետից այս մեծ մենեջմենթը, նաեւ պարբերականները, լրատվամիջոցները, որ անդրադառնում են այս ցուցադրություններին, սրանք ուղղակիորեն ազդում են արտիստների ռեյտինգների վրա։ Այստեղ շատ կարեւոր մի հարց կա, ամբողջ դաշտը բաց է, եւ առաջնահերթ արտիստին որոնում են օնլայն տիրույթում, եւ հավանողը կամ հավաքորդը միանգամից մտնում է օնլայն տիրույթ եւ այդ ազգանվան տակ փնտրում, թե այդ արտիստն ինչ հաջողություններ է գրանցել, ինչպես է ներկայացված թանգարաններում, աուկցիոն տներում, անհատական հավաքածուներում կամ որոշակի էսքպոներում։ Այսինքն՝ այստեղ շատ մեծ անելիքներ կան, որը պարզապես քո կողմից գրելով չէ։ Այդ լրատվամիջոցների անդրադարձներն ուղղակիորեն սկսում են արտիստների ռեյտինգները բարձրացնել։ Այդ տեսակետից սա հսկայական գովազդ էր կոնկրետ արտիստների համար, եւ այս հանգամանքներն են, որ բերում են արտիստի կայացմանն ու ձեւավորմանը»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X