Լեզվի սայթաքո՞ւմ

Մեր իշխանությունն ու ընդդիմությունն իրար արժեն։ Մեկն օրեր շարունակ թմբկահարում է Սերժ Սարգսյանի 2014-ին հնչեցրած խոսքը՝ վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին։ Կարծես խնդիրն այդ մեն մի հատիկ խոսքի մեջ է, եւ խոսք տալն ու այն կատարելն ինքնանպատակ մի բան են։ Եվ հիմա, ինչպես գողական աշխարհում է ընդունված, գողին դաժան արարողակարգերով գահընկեց են անում իր խոսքից հետ կանգնելու համար եւ մեկուսացնում «բարձր» գողական միջավայրից։ Իսկ իշխանությունն էլ օրեր շարունակ փորձում է արդարացնել այդ «հրաժարումը»՝ ավելի ու ավելի ծիծաղելի բացատրություններ բերելով եւ անհեթեթ իրավիճակում հայտնվելով։

Եվ բոլոր իշխանականները, խոսքները մեկ արած, հանդիմանում են ընդդիմադիրներին, թե խոսք է՝ ասվել է, ասվել է այլ միջավայրում, այլ իրավիճակում, հիմա մենք աղաչում-պաղատում ենք, եւ մարդը, զիջելով հայ հանրության խնդրանքները, որոշել է հետ կանգնել այդ անիմաստ խոսքից՝ լուն ուղտ մի սարքեք։ Խնդիրը, անշուշտ, խոսքի մի անզգույշ վրիպման մասին չէ։ Եթե դա ընդամենը խոսքի սայթաքում լիներ, կարելի էր ներողություն խնդրել լեզվական վրիպակի համար եւ առաջ անցնել։

Խոսքն այն մասին է, որ 10 եւ ավելի տարի կառավարած անձը, որի իշխանության ժամանակաշրջանի ամենակարեւոր եւ, կարելի է ասել, միակ ձեռքբերումը խորհրդարանական կառավարման անցնելու որոշումն է՝ Սահմանադրություն փոխելը, այդ ամենը 2015-ին արել է մի բացատրությամբ, որը տարիներ անց, պարզվում է, կեղծ է եղել։ Գուցե այն շրջանում, երբ սահմանադրական փոփոխություններն էին մշակվում, չասվեր այդ խոսքը, եւ Սահմանադրություն մշակողները, դրան համաձայնություն տվող Վենետիկի հանձնաժողովն ու միջազգային հանրությունը, հանրաքվեի գնացող հայ հասարակությունը մերժեի՞ն այդ փաստաթուղթը։ Ասեին՝ ոչ։

Մեկնաբանություն
X