Երբ փողոցում իշխանություն չկա, որ վերցնես

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությամբ Հայաստանի համար սկսվեց պատմական նոր փուլ: Հայաստանն այլեւս խորհրդարանական կառավարմամբ երկիր է` նոր Սահմանադրությամբ եւ նորովի ընտրված առաջին նախագահով: Այնուամենայնիվ, սա դեռ չի նշանակում, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ավարտվում է նախագահի երդման գեղեցիկ արարողությամբ: Կարելի է ասել` սա արտաքին կողմն է դեռ, իսկ ներքին փոփոխությունները սկիզբ կառնեն նոր կառավարության ձեւավորումից հետո եւ գործնականում կշարունակվեն առաջիկա մի քանի տարիներին:

Բուն խնդիրը շարունակելու է մնալ ՀՀ ԱԺ-կառավարություն փոխհարաբերությունը, որ ձեւավորվել է 2017թ. խորհրդարանական ընտրություններով եւ, ըստ էության, շարունակվում է, այսպես ասենք, հին ու բարի ավանդույթներով: Խորհրդարանական կառավարմամբ երկրում օրենսդիր մարմինը չի կարող ենթակա լինել կառավարությանն այնքան, որքան դա նկատվում է եւ առկա է այսօր մեր պարագայում: ԱԺ-ն մեզանում այսօր էլ ձեւական մի օղակ է, որտեղ «օրինականության» պաճուճանք են ստանում կառավարության որոշումներն ու օրինագծերը: Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, եթե հաշվի առնենք նաեւ նրա ազդեցիկ կարգավիճակը եւ վարչապետի նոր լիազորությունները, ավելի է խորացնում կառավարության վերահսկելիության խնդիրը եւ կշեռքի նժարը թեքում կառավարության կողմը: Ճիշտ է, ուժի մեջ մտած Սահմանադրությամբ հստակեցված են նաեւ խորհրդարանի վերահսկողության լծակները, սակայն մարդկային ֆակտորը շարունակելու է գործել, եւ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը, ենթադրենք, շարունակի լինել «միանձնյա որոշումներ կայացնող նախագահ»` վարչապետի պաշտոնով:

«Միանձնյա ղեկավարի» սինդրոմից Սերժ Սարգսյանին եւ մեր հաջորդ վարչապետներին ազատելու համար պետք է ունենալ միանգամայն նոր խորհրդարան` նոր որակի կայուն մեծամասնությամբ, որի ձեւավորման համար անչափ կարեւոր են լինելու 2022 թվականից սկսած բոլոր ԱԺ ընտրությունները: Անիմաստ է հաջողություն եւ նորմալ աշխատանք ակնկալել մի խորհրդարանից, որի աթոռների կեսից ավելին` ընդհուպ երկու երրորդը զբաղեցնում են մեկ մարդու հայեցողությամբ կազմված ցուցակի ներկայացուցիչները, որոնք ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող դեմ գնալ կամ դեմ քվեարկել այդ մարդու միանձնյա որոշումներին: Ահա թե ինչու է պետք արդեն այսօրվանից մեծ աշխատանք տանել ընտրողի հետ, խոսել, բացատրել իրավիճակի լրջությունը, քաղաքական ծրագիր ներկայացնել նրան, համոզել, որ միայն ծրագրերի միջեւ ընտրություն կատարելով նա վաղն ավելի լավ երկիր ու ավելի բարեկեցիկ կյանք կունենա: Սա կուսակցությունների խնդիրն է, որոնց մեծ մասն այսօր, ցավոք, կա՛մ նիրհի մեջ է, կա՛մ կատարում է քայլեր, որոնք հռետորաբանությունից այն կողմ չեն անցնում եւ ի զորու չեն նույնիսկ որեւէ փոփոխության պատրանք առաջացնել հասարակության մեջ:

Հուսանք, որ փոփոխությունների կամք կդրսեւորի նաեւ օրվա իշխող կուսակցությունը, որն իր տրամադրության տակ հսկա ժամանակ է ունեցել՝ համոզվելու համար, որ միահեծան իշխանությունը դեպի լավ տեղ տանող ճանապարհ չէ, համերաշխության, հաղթանակների ճանապարհ չէ: Կառավարման նոր կարգի անցման հետ ավարտվում է ուռա հայրենասիրությունը, այլեւս ոչ մի թվանկարչություն` զարգացման ու առաջընթացի ցուցանիշներում: Շրջանառությունից պետք է հանվի «լավ ու վատ վարչապետ» հասկացությունը: Կա լավ, կարող, աշխատող կառավարություն եւ կա խայտառակ, ապաշնորհ, անգործունյա կառավարություն: Առաջինին՝ փառք ու պատիվ, երկարատեւ աշխատանք, երկրորդին` հրաժարականի պարտադրանք:

Լավ կլինի, եթե Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնն զբաղեցնելուն պես հրաժարվի կուսակցության նախագահի իր պաշտոնից կամ, առնվազն, սառեցնի կուսակցական գործունեությունը` դառնալով հաշվետու սեփական կուսակցությանն ու խորհրդարանական մեծամասնությանը: Պետք է որակապես փոխվեն ՀՀԿ ղեկավար մարմինները, որտեղ նստած են այսօրվա ԱԺ պատգամավորներն ու կառավարության անդամները, որոնք մի ձեռքով որոշում են կայացնում, իսկ մյուսով օրենքի ուժ տալիս դրանց: Նույնը վերաբերում է նաեւ խորհրդարանական ընդդիմությանը, որի կուսակցական լիդերները շարունակում են ամուր կառչած մնալ իրենց մանդատներից եւ այդ մանդատներով նույնիսկ իշխանությունների հետ ձեւավորած հարաբերություններով վերահսկել սեփական կուսակցությունների գործունեությունը: ԲՀԿ-ն ընդդիմություն է այնքանով, որքանով ընդդիմություն են Գագիկ Ծառուկյանն ու վերջերս ընտրված խորհուրդը` Նաիրա Զոհրաբյանի եւ Միքայել Մելքումյանի մասնակցությամբ, «Ելքն» ընդդիմություն է այնքանով, որքանով ընդդիմություն են Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը: Դե դու պահանջիր կամ, ավելի շուտ՝ երազիր, որ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը կամ Արամ Սարգսյանը վաղը հաշիվ են տալու սեփական կուսակցություններին` իրենց արած-չարածի կամ ԱԺ ՀՀԿ-ական «ախպերների» հետ տված-առածի մասին: Այս քաղաքական ինքնախաբեությանը պետք է վերջ դրվի, որպեսզի հետագայում մանդատ կամ կառավարական պորտֆել ստացողը հստակ իմանա, որ ամեն ինչից զատ հաշվետու է առաջին հերթին իր քաղաքական թիմին, որին ընտրողը վստահել է ներկայություն ունենալ օրենսդիր մարմնում եւ կառավարությունում:

Փոքր չէ մեր այն քաղաքացիների թիվը, որոնք հույս չեն կապում սպասվող փոփոխությունների հետ եւ ամեն առիթով տրտնջում են, թե նոր Սահմանադրությամբ ամեն ինչ արվել է ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու համար: Ուզում եմ ասել, որ նման բան չի կարող լինել: Սերժ Սարգսյանի կառավարության ցանկացած տապալում տապալում է լինելու նաեւ իր համար, նրա գլխավորած ցանկացած կառավարության արտակարգ հրաժարական հրաժարական է լինելու նաեւ իր համար: Ով ուզում է լինի վարչապետը, առաջինը նա է կրելու խայտառակությունն ու ձախողման պատասխանատվությունը: Հենց սրա համար է մեզ պետք ճիշտ խորհրդարանը, որ կկարողանա ճիշտ գնահատական տալ կառավարության ու նրա ղեկավարի աշխատանքին: Մեզնից մի բան է պահանջվում` հրաժարվել ամեն տեսակ ընտրակաշառքից, գնալ եւ քվեարկել այն քաղաքական ուժի օգտին, որի ծրագրերը կլինեն առավել իրատեսական, առաջադեմ ու իրագործելի: Իշխանափոխությունը Հայաստանում անիրագործելի չէ, բայց այն դեռ պետք է անել, այլապես այն փողոցում դրված չէ եւ տեղի չի ունենա: Մենք գնում, 70-80 տոկոս քվե ենք տալիս ՀՀԿ-ին, հետո երազում իշխանափոխության մասին: Շատ հետաքրքիր ժողովուրդ ենք այս առումով:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X