Նախագահի նստավայրից պետական և հոգևոր խորհրդանիշները տեղափոխվել են երդմնակալության արարողության վայր

>

ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ-ի հատուկ նիստում, ժողովրդին տրված երդմամբ: Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնն ստանձնելու արարողության համար ԱԺ-ն ապրիլի 9-ին հատուկ նիստ է հրավիրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Արարողության վերաբերյալ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․

«Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն, մինչ երդմնակալությունը հանդիսավոր կերպով պատվո պահակախմբի ուղեկցությամբ դահլիճ են բերվում պետական և հոգևոր խորհրդանիշները:

Այսօր առավոտյան ՀՀ սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը բերվել են ՀՀ նախագահի նստավայր:

ՀՀ պետական դրոշը և Նախագահական իշխանության խորհրդանշանը Հանրապետության նախագահի համհարզները հանձնել են պատվո պահակախմբի զինվորներին: ՀՀ Սահմանադրության մայր օրինակը ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանին է հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ Վեհամոր Ավետարանը Հովնան եպիսկոպոս Հակոբյանին է հանձնել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Այնուհետև ՀՀ պետական դրոշի և Նախագահական իշխանության խորհրդանշանի հետ միասին ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը տեղափոխվել են երդմնակալության արարողության վայր:

Նորընտիր նախագահը երդվում է` աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա՝ հնչեցնելով հետևյալ տեքստը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»»:

Մեկնաբանություն
X