Թուրքի ամայացնող հայացք

Խորագիրը Հրանտ Մաթեւոսյանից եմ «կողոպտել»: Ասում է՝ սարսափելին թուրքի ամայացնող հայացքն է, երբ նայում, քեզ չի տեսնում, քո հայրենիքը չի տեսնում, ամեն ինչ իրենն է համարում: Շատ դիպուկ է նկատված, կենսափորձից արված դառը եզրահանգում է:

Պիտի միայն ավելացնել, որ թուրքը նաեւ իր անցյալը չի տեսնում, գալիս-ամայացնում, հաստատում է իրենը եւ ներկայանում՝ ինչպես կա: Մի տեղ կարդացի, որ լրանում է «Աղդաբանի ցեղասպանության 26-րդ տարին»: Քելբաջարի շրջանի մի գյուղի մասին է խոսքը: Եւ հիշեցի, որ 1991-ի ամռանն աղդաբանցիները գերեվարել էին չափարեցի Շահեն Սարգսյանին: Նրա որդին բժիշկ էր, աշխատում էր Վանքի տեղամասային հվանդանոցում: Ընկերների հետ գնացել էր, որ աղդաբանցիների հետ բանակցի, գլխագին վճարի, հորն ազատի: Չափարը եւ Աղդաբանը հարեւան գյուղեր էին, իրար ճանաչում էին: Ծանոթներից մեկը պատմել էր, որ Շահեն Սարգսյանին Աղդաբանի գյուղամիջում ծեծել են, ծաղրուծանակի ենթարկել, խոշտանգել, ապա կենդանի-կենդանի խարույկի վրա վառել, մոխիրը քամուն տվել: Չափարից վերադարձի ճանապարհին որդուն եւ ընկերներին շուրջկալել էին ԽՍՀՄ ՆԳՆ հատուկ ջոկատայինները, կալանել, հանձնել ադրբեջանական օմօն-ականներին: Երբ մի ամիս հետո նրանց ազատ արձակեցին, տեսության գնացինք: Նախկին հաղթանդամ տղաներից միայն ստվեր էր մնացել: Նրանցից մեկն ինձ կողմ քաշեց եւ ականջիս փսփսաց, որ հենց Խաչենի կամրջին զինվորական մեքենա տեսնեմ՝ ինձ պիտի տամ անտառի, սարուձորի ապահովությանը: Ասաց. «Քեզ որ բռնեն, կաշիդ քերթելու են»:

1991-ի ամառն էր, խորհրդա-ադրբեջանական զորքերը Լեռնային Ղարաբաղում իրականացնում էին «Կոլցո» հատուկ գործողությունը, եւ հայրենի քարաժայռերն ու ստվերախիտ ծմակներն, իրոք, մեզ համար փրկություն եղան, երբ զորախումբը մի վաղ առավոտ մտավ գյուղ: Այդ օրերին Աղդաբանը, Բելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, հարակից մյուս շրջանների, Շուշիի, Խոջալուի եւ այլ բնակավայրերի թրքությունը ցնծում էր: Հայկական որեւէ գյուղում «Կոլցո» հատուկ գործողությունն այնպես էր անցկացվում, որ կալանվածներին նախ հասցնում էին մերձակա մի թրքաբնակ գյուղ, եւ վայրենի խրախճանքն սկսվում էր: Ծեծում էին, նվաստացնում, մինչեւ որ զինվորականությունը միջամտում էր եւ կիսամեռ մարդկանց բեռնատարներով հասցնում Շուշի կամ Շահբուլաղ, Ֆիզուլի կամ Ջեբրայիլ՝ որտեղ հարմար կգտներ պարետատունը: Ավելի ճիշտ՝ նայած ինչ պատվեր էր ստացվել կամ ինչքան գումար էին վճարել յուրաքանչյուր անցանկալի հայի գլխի դիմաց: Կատարվում էր բացահայտ մարդորսություն, եւ թրքությունը հրճվանք էր ապրում:

Այդ ամառ Շահբուլաղում դաժան ծեծից սպանվեց կիչանցի Յուրի Ղուլյանը: Նրա թաղման օրը հարեւան Սրխավենդում երեւի մի տասը կտուրի վրա բարձրախոս էին տեղադրել եւ ձորահովտով մեկ թնդում էր հաղթական «Յալլի» պարեղանակը, եւ գյուղը մեծով-փոքրով, կին-տղամարդով հանդիպակաց բլուրի վրա շուրջպար էր բռնել: Սրխավենդը տոնում էր իր հաղթանակը, որովհետեւ կալանվելուց մի շաբաթ առաջ Յուրին, որպես գյուղատնտես, սրխավենդցի անասնատերերին տուգանք էր նշանակել՝ Կիչանի տնտեսության ցորենի արտերը փչացնելու համար: Նման քանի՞ տոնախմբություն է արել թրքությունը: Քանի՞ անմեղ հայ է խորհրդա-ադրբեջանական համակենտրոնացման ճամբարներում մահկանացուն կնքել, դարձել հաշմանդամ: Տանջահարվողներին ազատելու համար որքա՞ն գլխագին են վճարել կալանվածների հարազատները: Այդ բոլոր նվաստացումները, զրկանքները կուտակվել եւ պայթել են, երբ հեռացել է խորհրդային պատժիչ զորքը, եւ հայ ինքնապաշտպաններն անցել են պատասխան գործողությունների: Որպեսզի Աղդաբանը մնար իր տեղում, Շահեն Սարգսյանին 1991-ի ամռանը չպետք է խարույկ բարձրացնեին: Չպետք է հրճվեին, երբ խորհրդային պատժիչ զորախմբերը շրջափակել էին Հաթերքը եւ մարդորսություն էին անում Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի վրա:

Անցյալը չի հանդուրժում թուրքի ամայացնող հայացքը: Իրականությանը պետք է նայել համակողմանիորեն: Պետք է ոչ թե աղմկել «ցեղասպանության» մասին, այլ փորձել խոստովանել սեփական մեղքերը: Որպեսզի վաղվա օրով չկրկնվեն երեկվա սարսափները...

Մեկնաբանություն
X