Ինչի՞ պիտի պատրաստվենք

ՀՅԴ բյուրոյի հատ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ռազմականացնում են Նախիջեւանը, որպեսզի «մեզ վախացնեն» (այդպես է բնագրում):

Մանոյանը խոսել է Նախիջեւանից Հայաստանի դեմ հնարավոր ռազմագործողությունների մասին եւ ասել, որ այդ դեպքում Ռուսաստանը պետք է միջամտի: Միաժամանակ նա գտնում է, որ Ադրբեջանի ղեկավարությունն այնքան խելք ունի, որ նման քայլերի չի գնա, «սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ լինենք եւ չպատրաստվենք դրան»:

Մանոյանի գլխավոր ուղերձն, այսպիսով, այն է, որ պետք է պատրաստվել ռազմական սցենարի, երբ Ադրբեջանը Նախիջեւանից Հայաստանի դեմ ռազմագործողություն կսկսի, Ռուսաստանը կմիջամտի, եւ «կամ մենք կմտնենք Նախիջեւան, կամ՝ Իրանը, Թուրքիան էլ փորձեր կանի»: (տես՝ նույն տեղում) Մոտավորապես նման պատկեր ամերիկացի փորձագետներն են ուրվագծել՝ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը սրվում է, Հայաստանը «Իսկանդերով» հարվածում է ադրբեջանական նավթամուղին, իսկ Ադրբեջանը Նախիջեւանից՝ ՀԱԷԿ-ին: Մանոյանը տպավորված է ամերիկացիների՞ց, թե՞ զուտ անձնական ռազմագիտական պատկերացումներն է ներկայացրել՝ կիմանա ինքը:

Անհանգստացնողն այն է, որ ՀՅԴ պատասխանատու գործիչը միանգամայն հավանական է համարում իրադարձությունների այնպիսի ընթացք, երբ Երեւանը կարող է դառնալ ռազմաճակատային քաղաք եւ հանրությանը փաստացի կոչ է անում դրան պատրաստ լինել: Հետաքրքիր է, հանուն ինչի՞, ի՞նչ խնդիր լուծելու համար հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի փորձության դնելու Երեւանի ճակատագիրը: Մանոյանն ունի՞ այս հարցի պատասխանը: Նրան չի՞ հետաքրքրում, թե հանրության վրա ինչ ազդեցություն կարող է թողնել իր խոսքը: Եթե խնդիրը Լեռնային Ղարաբաղն է, ապա ինչու՞ մտածել, որ իրավիճակը կհասնի Ադրբեջան-Հայաստան լայնածավալ պատերազմի: Ասել, թե դա Բաքվի ծրագիրն է, նշանակում է ընդունել Ադրբեջանի թելադրած պայմանները: Մինչդեռ հարկ է ամեն ինչ անել, որպեսզի հակառակորդին խաղաղություն պարտադրվի դիվանագիտական միջոցներով: Նպատակ պիտի դրվի ապառազմականացնել իրավիճակը, բացառել զինված բախումը նույնիսկ շփման գծում: Այդ հնարավորությունը կա, եւ այն պետք է առավելագույնս օգտագործվի: Ապոկալիպտիկ սցենարներ, ինչպես վերեւում ասվեց, գծում են օտարները: Դա նրանց շահերից է բխում:

Մեր շահը պահանջում է փայփայել խաղաղության, տարածաշրջանի ապառազմականացման, հայ-ադրբեջանական թեկուզ դժվար, բայց երկու ժողովուրդներին խիստ անհրաժեշտ համագործակցության հեռանկարը, գործել այդ ուղղությամբ, ոչ թե կառչել ինչ-որ վերացական, հիպոթետիկ սցենարներից եւ անընդմեջ հուսալ, որ ծայրահեղ իրավիճակում «Ռուսաստանը կմիջամտի»: Իսկ եթե չմիջամտի՞: Կամ ինչպե՞ս պիտի միջամտի: Վրաստանն օկուպացնելո՞վ եւ Հայաստան զորք մտցնելո՞վ: Պասկեւիչի ժամանակներից երկու դար է անցել, բայց մեր գիտակցության մեջ, ինչպես Մանոյանի ասածն է վկայում, մեծ փոփոխություններ չեն կատարվել: Մինչդեռ ակնհայտ է, որ Ռուսաստանը դեպի Հարավային Կովկաս հզոր բանակներ կարող է շարժել միայն մի դեպքում՝ եթե նպատակադրված լինի օկուպացնել Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը եւ վերականգնել խորհրդային սահմանները: Ունի՞ Ռուսաստանը նման նպատակ: Ավելին, այդ նպատակն իրագործելու հնարավորություններ կա՞ն: Եւ, վերջապես, իսկ ի՞նչ ենք շահելու, երբ ռուսական զորքերը մտնեն Հարավային Կովկաս եւ հաստատեն ռուսական իշխանություն:

Մեկնաբանություն
X