Նա Հայաստանի՜ քաղաքացի է

«Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի գործով...»,- կարդում ենք եւ ուշադրության չենք առնում, թե ինչու՞ է հատկապես շեշտադրվում նրա քաղաքացիությունը: Հետաքրքիր է, չէ՞, ստացվում. Հայաստանի՜ քաղաքացին Արցախում «ենթարկվել է ոստիկանական բռնության»: Ահազանգի պես է հնչում: Նախ պետք է սպասել, Արցախի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: Բայց մի րոպե ենթադրենք, թե Ասյա Խաչատրյանն իրոք բռնության է ենթարկվել: Խախտվել են նրա իրավունքները:

Այդպես կարող է պատահել յուրաքանչյուրի հետ՝ ցանկացած երկրում: Իսկ եթե վաղը Երեւանում կամ Իջեւանում բռնության ենթարկվի արցախցի՞ն: Նրա մասին գրելիս էլ են քաղաքացիությունն ընդգծելու: Թե՞ ասելու են՝ «չճանաչված երկրի բնակիչ»: Տվյալ դեպքում կապ չունի՝ Ասյա Խաչատրյանը Հայաստանի՞ քաղաքացի է, թե՞ չճանաչված Արցախի: Հայաստանի քաղաքացիությունը նրան որեւէ առավելություն չի տալիս, բայց մամուլում հրապարակումների ենթատեքստը, կարծես, այն է, որ Արցախում այնքան են «հաբռգել, որ Հայաստանի քաղաքացու նկատմամբ են բռնություն գործադրում»:

Կարծես ուզում են ասել, որ «արցախցիների համար դա սովորական է, իսկ Հայաստանի՜ քաղաքացին չի հանդուրժել»: Շատ վտանգավոր միտում է դա՝ հայրենիքը բաժանել երկու հատվածի, քաղաքացիներին՝ «իրավազուրկների» եւ «իրավատերերի»: Գրիչ կամ համակարգչի ստեղնաշար շարժող ամեն ոք պիտի ձեւակերպումներ անելիս հետեւանքների մասին մտածի: Մասնավոր մի դեպք, որի իսկությունը խիստ կասկածելի է, դարձել է մամուլի «թոփ» թեմա: Եւ դեռ որքա՞ն է արծարծվելու՝ վերջը չի երեւում: «Հայաստանի՜ քաղաքացի Ասյա Խաչատրյան...»: Ասես չի կարելի գրել՝ Ասյա Խաչատրյան:

Մեկնաբանություն
X