Պետք է պահանջել Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը և հետո նոր մտածել նոր մարզչի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հայտարարություն է տարածել այն մասին, որ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել։ Դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու հաջորդ մարզիչը, բայց ինչպես գիտենք, քննարկումներ են գնում մի քանի թեկնածուների շուրջ, որոնցից շրջանառվում է հատկապես Արմեն Գյուլբուդաղյանցի անունը։ Ֆուտբոլային փորձագետներն ու լրագրողներն ակտիվորեն շրջանառում են նաև մի շարք արտասահմանցի մասնագետների անուններ, որոնք են՝ Ջիանի Դե Բիազին, Ֆրանչեսկո Գվիդոլինը և այսպես շարունակ։

Ազգային հավաքականն իսկապես պետք ունի բարձրակարգ մարզչի, որը կարգ ու կանոն կհաստատի թիմում, կսահմանի խաղի հստակ կանոններ՝ ֆուտբոլիստներին վերադարձնելով խաղային ձեռագիրն ու մոտիվացիան։ Ներկայումս ո՛չ ձեռագիր կա և ո՛չ էլ մոտիվացիա, ֆուտբոլիստներն ավելի շատ բակային ֆուտբոլ են խաղում՝ խաղադաշտում թույլ տալով մանկական սխալներ։ Չնայած Արթուր Պետրոսյանը Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել, բայց նա չէր համապատասխանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին։ Պարզապես նա պատրաստ չէր, անփորձ էր ու մարզչական արվեստի մեջ դեռևս չհմտացած։

Արդյունքում առանց այն էլ ծանրագույն իրավիճակում գտնվող թիմն էլ ավելի գլորվեց անդունդը։ Բայց ասվածից չի կարելի ենթադրել, թե ինչ-որ դրական փոփոխություններ են սպասվում։ Երիցս ո՛չ։ Արթուր Պետրոսյանի հեռացումն ամենևին էլ չի նշանակում դրական փոփոխությունների սկիզբ։ Ամենայն հավանականությամբ ոչ մի եվրոպացի բարձրակարգ մարզիչ չի համաձայնելու գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։ Իհարկե մենք շատ կուզեիք, որ գործն այդ ստանձներ հատկապես Ջիանի Դե Բիազին, բայց դժվար թե վերջինս իր վրա այդպիսի պատասխանատվություն վերցնի։

Հավանական է, որ մարզչի պաշտոնը կստանձնի տեղական անփորձ մասնագետներից որևէ մեկը։ Ասվածի համատեքստում հարց է առաջանում, թե ինչու հավաքականի գլխավոր մարզիչ չի նշանակվում եվրոպացի որևէ փորձառու մասնագետ։ Պատասխանը մեկն է․ որևէ լուրջ մարզիչ չի համաձայնվի աշխատել այնպիսի պայմաններում, երբ ամեն ինչ անմիջականորեն վերահսկվում և տնօրինվում է ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից։ Փաստորեն Ազգային հավաքականի ամբողջ խաղային առօրյան կառուցվում է մեկ անձի քմահաճույքով ու կամքով։ Նա նույնիսկ միջամտում է մարզիչների աշխատանքներին, թույլ չի տալիս հավաքական հրավիրել այս կամ այն ֆուտբոլիստին, ճնշումներ է գործադրում նույնիսկ ֆուտբոլիստների վրա։

Այսքանից հետո ո՞ր լուրջ մասնագետը կհամաձայնի ստանձնել Հայաստանի հավաքականի պաշտոնը։ Արդյունքում Ազգային թիմը գլխավորել ու գլխավորելու են անփորձ ու համապատասխան որակներ չունեցող հայ մասնագետները, որոնք իրենց տրված բարձր առաքելության դիմաց պատրաստ են հաշտվել Հայրապետյանի կամայականությունների հետ։ Սա մի շրջափուլ է, որը երբեք չի ավարտվելու, գլխավոր մարզիչները փոխվելու են «թաշկինակի» պես այնքան ժամանակ, քանի դեռ ֆեդերացիան գլխավորում է կրիմինալ բարքերով և գործելաոճով առաջնորդվող անհատը։ Պետք է պահանջել Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը և հետո նոր մտածել նոր մարզչի մասին։

Մեկնաբանություն
X