Մերգելյանցի Սամվելիկի ավտոտնակում զենք-զինամթերք է հայտնաբերվել (ֆոտո)

2007 թվականին սպանված քրեական հեղինակություն Մերգելյանցի Սամվելիկի ավտոտնակում զենք և զինամթերք է հայտնաբերվել: Այս մասին «Հրապարակին» հայտնեց հանգուցյալի կինը՝ Լիանա Հարությունյանը: «Ես ու աղջիկս իջանք ավտոտնակ, դուռը բացեցինք, տեսա՝ անծանոթ պայուսակ, մեջը՝ թերթերով փաթաթած զենք: 4 հատ ավտոմատ և 100-ից ավելի փամփուշտներ՝ սիգարետի տուփերով: Զանգեցինք 1-02», - հաղորդեց նա:

Դեպքը տեղի է ունեցել երեկ` ապրիլի 6-ին: Ոստիկանները եկել են, արձանագրել են փաստը, Լիանա Հարությունյանը բացատրություն է տվել ոստիկանությունում: Նա հայտնել է, որ ավտոտնակը պատկանում էր հանգուցյալ ամուսնուն և նրա հորը՝ Նորայր Շահվերդյանին: Ոչ ինքը, ոչ իր երեխաները երկար տարիներ չէին մտել ավտոտնակ: Ոստիկանը հարցրել է, թե հնարավո՞ր է, որ ամուսնուդ հայրն է պահել զենքը: Լիանան պատասխանել է, որ ոչ:

«Երբ կեսրարս դեռ կենդանի էր, մի երկու անգամ երեխու հեծանիվի ակը փչելու համար գնացել եմ այնտեղ երեխու հետ ու նման պայուսակ չկար», - հայտնեց Լիանան «Հրապարակի» հետ զրույցում: Նա նկատել է նաև, որ ԱԿՄ տեսակի ավտոմատները փաթաթված են 2011-2012 թվականների թերթերի մեջ: «Այդ թվերին կեսրարս կենդանի չէր: Նա մահացել է 2010 թվականին և չէր կարող զենքը փաթաթել նոր թերթերի մեջ», - ասաց նա:

Լիանա Հարությունյանը նաև նկատել է, որ փամփուշտները պահված են եղել «Պարլամենտ» տեսակի սիգարետի տուփերում:

Հիշեցնենք, որ Լիանա Հարությունյանի ամուսինը՝ Սամվել Շահվերդյանը, որը հայտնի է նաև «Բառեց Սամո» և «Մերգեկլյանի Սավելիկ» մականուններով, սպանվել է 2007 թվականին, Գյուլբենկյան 37 շենքի մոտակայքում, որտեղ բնակվում էր: Նա մարմնին և գլխի շրջանում բազմակի վերքեր է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Կրակոցների պահին Սամվելիկի կողքին նրա հայրն է եղել՝ Նորայր Շահվերդյանը, որը չի տուժել, ինչից իրավապահները ենթադրել են, որ սպանողը պրոֆեսիոնալ մարդասպան է եղել: Երկար և անարդյունավետ քննությունից հետո հարուցված քրեական գործը կասեցվեց, քանի որ հայտնի չէ մարդասպանի ինքնությունը։ Հիշեցնենք, որ Մերգելյանցի Սամվելիկը ևս խբվել էր ԱԿ տեսակի զենքից, որին հարմարեցված են եղել «Մակարով» ատրճանակի փամփուշտներ:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X