Ռուս-ադրբեջանական «գործարքի» մասին

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն սկսվել է ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրությունից հետո: Գործընթացը հիմնականում անձնական նախասիրություններով էր պայմանավորված: Ինչպես ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն է դիպուկ բնութագրել՝ Ալիեւն ու Պուտինը «դուրս են եկել նույն կոմունիստական-կգբ-ական շինելից»: Խորքային առումով, այնինչ, Ադրբեջանը եւ Ռուսաստանը չեն կարող ոչ միայն ռազմավարական դաշնակիցներ, այլեւ անգամ փոխվստահելի գործընկերներ լինել:

Պետական անկախության վերականգնման մասին Ադրբեջանի սահմանադրական օրենքի պրեամբուլայում հատուկ ընդգծված է, որ մեկ դարի ընթացքում Ռուսաստանը «երկու անգամ օկուպացրել է Ադրբեջանը, այն բաժանել մասերի»: Սա, անշուշտ, ոչ թե պատմական իրողության, այլ մենթալիտետային ընկալումների արձանագրում է: Ընդ որում, ներկայումս ադրբեջանական պատմա-հասարակագիտական միտքը դա ավելի է խորացնում՝ մշտապես շեշտելով, որ Անդրկովկասում Ռուսաստանը վարել է հակաթուրքական քաղաքականություն, ստեղծել է հայկական օջախ, որը հետագայում անկախություն է հռչակել:

Փաստացի հասարակական գիտակցության մեջ արմատավորվում է այն տեսակետը, որ եթե 19-րդ դարասկզբին Ռուսաստանը չգրավեր Անդրկովկասի պարսկական խանությունները, ապա այսօր Հայաստան չէր լինի, բնականաբար իրենք չէին ունենա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիր: Այս քարոզչությունը որքան հակահայկական, նույնքան, գուցե մի բան էլ ավելի, հակառուսական է: Գործող ադրբեջանական իշխանությունն այդ քարոզչության գեներատորն է: Եթե Իլհամ Ալիեւը Երեւանը համարում է «պատմականորեն ադրբեջանական հող», ապա նա նույնպես հանդես է գալիս հակառուսականության դիրքերից: Այդպես է տնօրինել պատմությունը, եւ ադրբեջանցիները երբեք չեն դադարելու երազել «միասնական Ադրբեջանի» մասին՝ հակադրվելով նաեւ Իրանին: Բայց տվյալ դեպքում չափազանց կարեւոր է նկատի ունենալ, որ Ադրբեջանում հակառուսականությունն այնքան խորքային եւ ամուր է, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղի վերադարձի գնով Բաքուն չի համաձայնի իր տարածքում ռուսական ռազմական ներկայության:

Հարցն այն չէ, թե իրականում ինչ հնարավորություններ կան, այլ՝ որ Ադրբեջանը չափազանց հավակնոտ է, որպեսզի իր ներկայիս կարգավիճակը փոխի Լեռնային Ղարաբաղի դիմաց: Ադրբեջանի երազանքը Հարավային Կովկասում, Իրանի հյուսիսում, Դաղստանում գերիշխող դիրք ունենալն է: Բաքուն ձգտում է տարածաշրջանային հեգեմոնիայի: Կստացվի՞, թե՞ ոչ՝ այլ հարց է, բայց որ նպատակը դա է, գրեթե ակնհայտ է: Ուստի մեծ հաշվով Ադրբեջանը չի կարող Ռուսաստանի հետ գնալ «գործարքի»: Այսօր դա բացառված է, վաղն՝ առավել եւս, որովհետեւ ով էլ Ալիեւից հետո իշխանության գա, ավելի հակառուսական եւ էքսպանսիոնիստ է լինելու: Մանավանդ որ ով էլ Պուտինից հետո Ռուսաստանում իշխանության գա, այդքան նվիրված եվրասիական եւ «աշխարհակալ» չի լինելու:

Այնպես որ, հիպոթետիկ «դավադրությունների» վրա չպետք է մտասեւեռվել, այլ փորձել հասկանալ, թե երկու-երեք տասնամյակ հետո ի՞նչ «քաղաքական աշխարհագրություն» է ունենալու Հարավային Կովկասը:

Մեկնաբանություն
X