Երբեք մի հավակնեք և կդառնաք

Մեր օրերում, եթե ուզում ես դառնալ նախագահ, վարչապետ կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, ապա երազանքիդ կատարման գլխավոր պայմանը պետք է լինի` այդ պաշտոններին չհավակնելը: Ընդ որում` մինչև վերջ չհավակնելը: Օրինակ վերցրեք Սերժ Սարգսյանից: Մարդը նամուսով թողնում է նախագահի պաշտոնը և մինչև այս պահն էլ չի հավակնում վարչապետի պաշտոնին: Տեսնենք` ինչ կլինի:

Իսկ ի՞նչ ք կարծում, Արմեն Սարգսյանը հավակնո՞ւմ էր ՀՀ նախագահի պաշտոնին: Այդ մարդու մտքով էլ չէր անցնում, բայց, ինչպես տեսանք` դարձավ ՀՀ նախագահ, իսկ ապրիլի 9-ին էլ երդում է տալու:

Երևանի քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո Կարեն Կարապետյանը երբևէ չի հավակնել ՀՀ վարչապետի պաշտոնին: Բայց ո՞վ էր նայողը` հավակնում է, թե չի հավակնում: Եվ խնդրեմ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ գործող վարչապետն է:

Մի քիչ անհարմար բան կարող է ստացվել, բայց ասեմ, որ այս վիճակը հիշեցնում է Քաջ Նազարի պատմությունը: Խեղճ Նազարն ընդհանրապես որևէ բանի չէր հավակնում: Նրա մտքով կանցնե՞ր ավազակների դեմ կռիվ գնալ, հսկաներից երկիր խլել, վագր քշել, թագավոր դառնալ… Բայց դարձավ, չէ՞: Հակառակն էլ կա: Մեր ընդդիմությանը որ հարցնես, թե ինչ ես հավակնում դառնալ, միանգամից կասեն` երկրի ղեկավար: Ահա այսպես` բավական է հավակնես, և վերջ, չես դառնա:

Հիմա թե ասեմ` Հայաստանում նախագահ, վարչապետ կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա դառնալը բախտի բան է, դա էլ կարող է ճիշտ չլինել: Ի վերջո երբեք չի կարելի ասել, որ այսինչի բախտը բերեց, որ դարձավ նախագահ: Դեռ հարց է` բախտը բերեց, թե՞ հակառակը: Վերջին 30 տարում մեր ժողովուրդը այդ ո՞ր նախագահին կամ վարչապետին է երկրպագել, այդ ո՞ր նախարարին է աստվածացրել: Փոխարենը անծքն ու քննադատությունն են անպակաս: Չէ, նրանց գործն էլ մի գործ չէ... Ընդդիմադիր լինելը մեր երկրում այս տեսանկյունից նույնիսկ նախընտրելի է:

Նորից գանք օրվա թեմային: Նախագահ Սերժ Սարգսյանը համառորեն չի հավակնում վարչապետ դառնալ: Ի՞նչ անել: Ընդդիմությունն ասում է` խանգարենք: Բայց ինչի՞ն խանգարենք, երբ մարդն իր բերանով ասում է` չեմ հավակնում ձեր այդ վարչապետի պաշտոնին: Այնպիսի բան է ասել, որ ոչինչ անել չես կարող: Այնքան էլ հանգիստ է խոսում այդ մասին, ասես մյուս չհավակնողներին ինքը չի տաք տեղերից հանել ու նշանակել բարձր պաշտոնների: Բայց սպասեք… Իսկ իրե՞ն ով պետք է տաք տեղից հանի ու նշանակի վարչապետ: Կոստանյանն ասում է լեզվատրամաբանություն կա, բան կա, չեմ հավակնումը դեռևս չի նշանակում, որ չի դառնալու վարչապետ: Պարոն Կոստանյան, բայց Հայաստանում լիքը մարդ կա, որ չի հավակնում վարչապետ դառնալ, ինչո՞ւ եք հատկապես Սերժ Սարգսյանին դարձնում, հո դուք էլ Սերժ Սարգսյանը չե՞ք, որ չհավակնող մարդուն զոռով դարձնեք վարչապետ: Լեզվատրամաբանություն` այ քեզ թազա քաղաքագիտություն: Քաջ Նազարն այս գիտության մասին որ իմանար` էլ բախտն ի՞նչ էր անում:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X