Թուրքիայի նպատակը Սիրիայի մասնատումն է

Թուրքիայի ներխուժումը Սիրիա հայկական մամուլում մեկնաբանվում եւ գնահատվում է ոչ այնքան ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում, որքան ռուս-թուրքական մերձեցումից հետո Թուրքիայի ձեռքերին ազատություն տրվելու տեսանկյունից: Եվ դա պատահական չէ, քանի որ հենց ռուս-թուրքական մերձեցումից հետո միանգամայն նոր իրավիճակ ստեղծվեց Սիրիայում, որն իր ազդեցությունն է թողել նույնիսկ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողությունների վրա: Հետաքրքիր է նաեւ Արեւմուտքի լոյալ վերաբերմունքը

Աստանայի հարթակում ընթացող Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ քննարկումների նկատմամբ, որոնք, եթե հետեւենք եռյակի հայտարարություններին, միտված են Սիրիայի խնդրի կարգավորմանը: Իրանի իսլամական խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը, սակայն, կարծում է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Աստանայի հարթակում ոչ այնքան համագործակցում են, որքան հետապնդում են սեփական արտաքին քաղաքական շահերը` տարածաշրջանում իրենց ազդեցության պահպանման եւ ամրապնդման հեռանկարով: Նրա կարծիքով` Սիրիայի խնդրի կարգավորման հարցերում Իրանի եւ Ռուսաստանի տեսակետները մեծ հաշվով հակասում են Թուրքիայի տեսակետներին, սակայն Աստանան տվյալ պահին միակ հարթակն է, որ, դիցուք` Ռուսաստանին եւ Իրանին հնարավորություն է տալիս ինչ-որ չափով վերահսկելի պահել Թուրքիայի գործողությունները Սիրիայում:

- Այսինքն, հակառակ պարագայում, Թուրքիան կարող է ավելի՞ հեռուն գնալ:

-Այո: Ռուս-թուրքական հակամարտությունն այս տարածաշրջանում դարավոր պատմություն ունի: Այս երկրները միշտ էլ վիճարկել են տարածաշրջանային առաջատարի դերը: Այսօր Սիրիայի թուլանալով` թուլանում է նաեւ Ռուսաստանը: Եվ Թուրքիան դա լավ է հասկանում ու, խաղալով Ռուսաստանի դաշնակցի դերը (չենթարկվելով Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների պահանջներին, գազի եւ զինտեխնիկայի ակտիվ առեւտրային գործարքներ կնքելով), առաջ է տանում իր գործերը Սիրիայում: Բայց Թուրքիան ոչինչ անել չէր կարող, եթե, ի հեճուկս Իրանի, շարունակեր միանշանակ պաշտպանել Սաուդյան Արաբիա-Իսրայել-ԱՄՆ հակաիրանական եռյակի գիծը: Էրդողանը դիմել է խորամանկության` արհեստական հակասություն ձեւավորելով թուրք-ամերիկյան եւ թուրք-իսրայելյան հարաբերություններում: Նա Իսրայելը հայտարարում է ահաբեկչական երկիր, միջազգային հարթակներում, ինչպես դա տեղի ունեցավ նաեւ վերջերս` կապված Անգլիայում ռուսական հետախուզության նախկին աշխատակցի թունավորման դեպքի հետ, դեմ գնում Արեւմուտքի հայտարարություններին: Իրանում, սակայն, սա դիտարկում են որպես ժամանակավոր երեւույթ եւ համարում, որ վաղ թե ուշ Թուրքիան կրկին հայտնվելու է ամերիկյան արտաքին քաղաքականության շրջագծում: Անհերքելի է, որ, ի տարբերություն Ռուսաստանի եւ Իրանի, Թուրքիան Սիրիայի նկատմամբ քրդերի դեմ պայքարի անվան տակ հողային պատերազմ է մղում` զավթողական հստակ նկրտումներով: Թուրքիայի նպատակը Սիրիայի տարածքային ամբողջականության փլուզումն է: Քրդական հարցերում ոչ պակաս զգայուն Իրանը, որքան էլ շահագրգիռ լինի Սիրիայի ամբողջականության պահպանման հարցում, չի կարող այս պահին կտրուկ առճակատման գնալ Թուրքիայի հետ վերջինիս զորքերի` Աֆրին ներխուժելու պատճառով: Թուրքիայի այդ քայլն իր հերթին հարված է նաեւ Սաուդյան Արաբիային, որ նույնպես փորձում է ակտիվ դերակատարություն ունենալ Մերձավոր Արեւելքում, ինչը չի համապատասխանում Իրանի ծրագրերին:

-Իսկ ի՞նչ հանգուցալուծում կունենա այս բարդ իրավիճակը: Մենք տեսնում ենք, որ Իրանն էլ ավելի է փորձում սիրաշահել Թուրքիային` օգտագործելով Ադրբեջանի հետ իր հարաբերությունները` առաջարկելով նորանոր կոմունիկացիոն ծրագրեր:

-Դժվար է ասել, թե ինչ վերջաբան կունենա Սիրիայի կարգավորման գործընթացը կամ, որ ավելի ճիշտ է ասել` սիրիական պատերազմը: Այստեղ կա քաղաքական լրջագույն խնդիրների բախում: Կողմերից յուրաքանչյուրը փորձում է պարտված չհեռանալ, թեեւ բոլորն էլ բարոյական պարտություն արդեն իսկ կրել են այդ պատերազմում: Նկատի ունեմ այն տառապանքները, որ պատճառվել են Սիրիայի ժողովրդին, եւ այն անվերականգնելի կորուստները, որ հասցվել են այդ երկրի հիրավի ծաղկուն քաղաքներին ու տնտեսությանը: Սակայն անխուսափելիորեն գալու է օրը, եւ այս հակամարտության ակտիվ կողմերը կրկին վերադասավորվելու են իրենց աշխարհաքաղաքական ալյանսներում, որովհետեւ նրանց փոխհարաբերությունները, վերջին հաշվով, գլոբալ աշխարհաքաղաքական բեւեռներով են պայմանավորված: Իսկ ինչ վերաբերում է այս փուլում Իրան-Ադրբեջան հարաբերություններում նկատվող տնտեսական աշխուժությանը` կապված տարանցիկ ճանապարհների հետ, կարող եմ ասել, որ դա Իրանի համար գերխնդիր չէ եւ որեւէ կերպ չի անդրադառնա Հայաստանի հետ Իրանի հարաբերություններին: Իրան-Ադրբեջան տնտեսական ծրագրերը, որքան էլ Բաքվից դրանք ներկայացնեն որպես Հայաստանի շրջափակման կամ մեկուսացման ծրագրեր, միեւնույն է, ժամանակի որոշակի կտրվածքում, երբ տարածաշրջանում հստակեցվեն ուժերի փոխհարաբերությունները, այդ ծրագրերը կենթարկվեն որոշակի սրբագրումների` քաղաքական հիմնական օրակարգերի ազդեցության տակ:

- Պարոն Խանլարյան, համաշխարհային մամուլն էլ գրում է, որ այսօր Սիրիայում Թուրքիան դարձել է հիմնական խաղացող` մինչեւ այն աստիճան, որ նույնիսկ ՄԱԿ-ը չի պահանջում թուրքական օկուպացիոն զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից: Կարելի՞ է պնդել, որ Սիրիայի խնդրի կարգավորման գործընթացում Թուրքիայի ինքնագլուխ պահվածքը բխում է ԱՄՆ եւ միջազգային կոալիցիայի շահերից:

-Ես կասեի` Թուրքիայի պահվածքն առնվազն չի շոշափում Արեւմուտքի շահերը Մերձավոր Արեւելքում: Բանն այն է, որ ԱՄՆ-ն եւ կոալիցիան ձգտում են Սիրիայում նոր իշխանություն ձեւավորել եւ առավել կառավարելի ընդդիմություն: Արեւմուտքը եւս հանդես է գալիս Սիրիայի միասնականության օգտին, սակայն ո՛չ Ասադի ուժեղ եւ միանձնյա իշխանության պայմաններում: Համաձայն չեմ այն պնդումների հետ, թե Թուրքիան հիմնական խաղացող է դարձել Սիրիայում: Ռուսաստանը եւԱՄՆ-ն ավելի մեծ ուժեր ունեն Սիրիայում եւ ավելի հզոր զինտեխնիկա, սակայն այդ երկրները, նրանց հետ՝ նաեւ Իրանը, ի տարբերություն Թուրքիայի, որ հակաահաբեկչական պայքարի անվան տակ բացահայտ զավթողական պատերազմ է սկսել, ավելի շատ հակված են Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորմանը եւ այդ երկրի միասնականության պահպանմանը եւ դրանով իսկ առավել ծանրակշիռ դերակատարություն ունեն, քան Թուրքիան: Վերջինս ստիպված կլինի վաղ թե ուշ դուրս գալ ոչ միայն Իրաքից, որտեղ եւտարածքից: Չմոռանանք նաեւ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, եւ նրա պահվածքն անհասկանալի է նաեւ այդ համատեքստում: Հյուսիսատլանտյան դաշինքի համար անթույլատրելի են նմանատիպ գործողությունները: Եվ սա նույնպես հանգամանք է, որ հուշում է Թուրքիայի ակտիվության ժամանակավոր լինելը:

Սիրիայում Թուրքիայի գործողությունները հղի են վտանգներով հենց Անկարայի համար: Սա ինձ հիշեցնում է Իրաքի ներխուժումը Քուվեյթ` 1990-1991 թվականներին, որ հայտնի է նաեւ «Ծոցի առաջին ճգնաժամ» անվամբ: Այն ավարտվեց միջազգային ուժերի ներգրավմամբ ու Իրաքի պարտությամբ։ Դա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին խոշոր ռազմական բախումն է` օդային ուժերի եւ գերճշգրիտ զենքի աննախադեպ օգտագործմամբ, ինչը, շատ մասնագետների կարծիքով, վկայել է նաեւ ռազմական արվեստում նոր դարաշրջանի բացման մասին։ Եվս մի հատկանշական բան` իրաք-քուվեյթյան հակամարտությունը լայնորեն լուսաբանվում էր մամուլում եւ հեռուստատեսությամբ: Նույն բանը նկատվում է նաեւ հիմա` կապված թուրքական «Ձիթենու ճյուղ» գործողության հետ: Անկարան հասկանում է դա եւ կփորձի առավել զգույշ մանեւրել ինչպես Արեւմուտքի, այնպես էլ իր հզոր հարեւանների` Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերություններում:

Զրույցը վարեց

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Մեկնաբանություն
X