Քաղաքականություն

Ճիշտ կլինի, որ Աշոտ Մելքոնյանն այլևս չընտրվի ինստիտուտի տնօրեն

Գիտությունների ազգային ակադեմիան մրցույթ է հայտարարել ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի թափուր տեղի համար: Նշենք, որ 2002 թ․ ի վեր ինստիտուտի տնօրենը ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն է։ Գրեթե կասկած չկա, որ նա վերստին ստանձնելու է այդ պաշտոնը։ Մենք բարձր ենք գնահատում պրոֆեսոր Մելքոնյանի ներդրումը պատմագիտական մտքի զարգացման գործում, մասնավորապես՝ պատմական ժողովրդագրության ոլորտում նա բավականին լուրջ և ելակետային ուսումնասիրություններ է իրականացրել։ Իհարկե, չփորձելով որևէ կերպ ստվերել Մելքոնյանի և ինստիտուտի առանձին աշխատակիցների կողմից իրականացված տարիների հսկայական աշխատանքը՝ չենք կարող չարձանագրել նաև, որ պատմագիտությունը հատկապես վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրել։ Ի պատասխան այս քննադատության պատմության ինստիտուտի ներկայացուցիչները հաստատապես կմատնանշեն հրատարակվող ուսումնասիրությունների և մենագրությունների քանակը։ Բայց խնդիրն ամենևին էլ քանակի մեջ չէ, այլ՝ ավելի շուտ որակի։

Այո՛ պատմագիտական միտքն առաջին հերթին հենց որակական տեսանկյունից է նահանջ արձանագրել։ Հաշվի առնելով այս հանգամանքը ճիշտ կլինի, որ Աշոտ Մելքոնյանն այլևս չընտրվի ինստիտուտի տնօրեն։ Բայց այնպես էլ չէ, որ խնդիրը միայն նրա անձի հետ է կապված, ընդհակառակը՝ խնդիրն ոչ այնքան անձերին է վերաբերում, այլ՝ մոտեցումներին, ակադեմիական միջավայրին և գիտակազմակերպչական գործիքակազմերին։ Այսինքն՝ Աշոտ Մելքոնյանից զատ ինստիտուտն ամբողջությամբ կադրային փոփոխության պետք է ենթարկվի։ Հայ պատմագիտական միտքը ծարավ է նոր ստեղծագործական մոտեցումների։ Գործընթաց, որի առաջամարտիկները պետք է դառնան նոր սերնդի գիտնականները, որոնք կառչած չեն լինի գաղափարական ու հակագիտական այն արգելքներով, որոնց տիրույթում շրջափակված են ինստիտուտի ներկայիս շատ աշխատակիցները։

Հայ պատմագիտական միտքը, դուրս պրծնելով խորհրդային գաղափարական կապանքներից, կապվել է շատ ավելի վտանգավոր թելերով, որոնք են՝ ազգայնականությունն ու ռազմահայրենասիրական գիտությունը։ Եթե վերջին երկուսին էլ ավելացնենք բուրժուական պատմագիտության միահեծան, բայց հատվածային ազդեցությունը, ապա իրավիճակը շատ ավելի է բարդանում։ Կարճ ասած հակագիտականությունը հայ արդի պատմագիտության անբաժանելի բաղադրիչներից մեկն է։ Արդյունքում հայ հումանիտար միտքը կղզիացել ու մարգինալացել է համաշխարհային գիտական գործընթացներից ու տեղաշարժերից։ Ինչպես պատմագիտության պրոֆեսոր Ա․ Ստեփանյանն էր իր դասախոսությունների ընթացքում հաճախ նկատում, համաշխարհային պատմությունը ներկայումս գրվում է առանց հայերի։ Իրավիճակն ավելի քան օրինաչափ է։ Այլ կերպ լիներ չէր կարող։ Ի՞նչ ակնկալել մի կառույցից, որը թքած ունի համաշխարհային պատմագիտության օրինաչափությունների վրա, անտեսում է միջազգային գիտական ամբիոնների գնահատականներն ու ինքն իր համար կղզիացած պատմագիտություն է ստեղծում։

Հնդեվրոպական նախահայրենիքը տեղակայում են Հայկական լեռնաշխարհում՝ դրան շնորհելով մարդկության բնօրրանի անհայտ կարգավիճակը, Ուրարտուն և ուրարտերենը հայացնում են, միջնադարյան պատմությունը ամբողջությամբ կրոնականացնում, իսկ նոր շրջանի պատմագիտությունը դարձնում ֆիդայական կռիվների պարզունակ նկարագրություն։ Իհարկե, արդարության դեմ չմեղանչելու համար չենք կարող չնշել, որ, այնուամենայնիվ կան այնպիսի մասնագետներ, որոնք զերծ են հակագիտական այսպիսի երևույթներից, բայց ի՞նչ կարող են անել նրանք ընդամենը 4-5 հոգով։ Չէ՞ որ մի ամբողջ ակադեմիական համակարգ կառուցված է այդ մոտեցումների հիմքի վրա, իսկ Աշոտ Մելքոնյանն այդ համակարգի առաջին գաղափարախոսն է։

Ավելորդ չի հիշատակել նաև դպրոցական հայոց պատմության դասագրքերի անբարեհույս վիճակը։ Դրանց հեղինակը պրոֆեսոր Մելքոնյանն է։ Երեխաները դպրոցներում, կարծես թե, ոչ թե պատմություն են սովորում, այլ զբաղված են թիվ անգիր սովորելով։ Դասագրքերի մեջ վերլուծական ու քննադատական միտք կոչվածն իսպառ բացակայում է։ Չի երևում նաև պատմական գործընթացների միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այսինքն՝ թեմաները հաջորդում են իրար, բայց բովանդակային առումով կտրված են և դուրս շղթայի տրամաբանությունից: Օրինակ` երեխաներն այդպես էլ չեն կարողանում մինչև վերջ պատկերացնել, թե ինչ կապ ունեն իրար հետ պետականության կորուստը, Հայկական հարցը, ազգային-ազատագրական պայքարը, Ցեղասպանությունը և այսպես շարունակ: Ռազմահայրենասիրական ճոռոմաբանությունների և ավելորդաբանությունների առկայությունը կանխարգելում է նյութի՝ ըստ էության ընկալումը: Իսկ պատմական գործընթացների կրոնականացումը թերևս ամենամեծ խնդիրներից մեկն է: Գերագնահատված է Հայ առաքելական եկեղեցու դերը և նշանակությունը:

Գրեթե բոլոր դասագրքերում նյութը թույլատրելի չափաքանակից ծանրացված է: Երեխաները վերածվել են թիվ անգիր անող ռոբոտների` որքան թիվ ես անգիր հիշում, այնքան ավելի լավ պատմություն գիտես: Թվերն էլ քիչ էին, հիմա էլ ստիպված են ամսաթվեր անգիր սովորել: Չեմ կարծում, որ երեխաներին այդքան անհրաժեշտ է անգիր հիշել Ակտիումի, Չալդրանի, Պուատիեի և այլ ճակատամարտերի ամիս-ամսաթվերը: Բայց, եթե չհիշեն, ցածր կստանան։ Եվ ամենաէկզոտիկ բացթողումը, որն իրականում կոպտագույն սխալ է․ Դասագրքերում մի քանի անգամ շեշտադրվում է այն հանգամանքը, թե ռուսներն ազատագրել են Արևելյան Հայաստանը և նույնիսկ մի քանի անգամ էլ փորձել են ազատագրել Արևմտյան Հայաստանը: Խոսվում է ռուսական փրկության, հայ-ռուսական բարեկամության և այսպիսի կեղծ երևույթների մասին: Առանց տրամաբանական կապի շարադրված է Առաջին Հանրապետության անկումը, Արցախի, Նախիջևանի, Կարսի և Ջավախքի կորուստները, որից հետո միանգամից սկսվում է Խորհրդային վարդագույն իրականության նկարագրությունը: Իսկ վերջերս հրատարակված դասագրքում ներառվել էր նաև 2016 թ․ Ապրիլյան պատերազմը։ Այսինքն մի գործընթաց, որը դեռևս չի հասցրել պատմություն դառնալ, չի անցել պատմագիտական ֆիլտրերով միակողմանի, իշխանական քարոզչական մոտիվներով ներառվել է դպրոցական դասագրքում։

Խնդիրները բազմաթիվ են։ Հայ պատմագիտությունն ապրում է բավականին ծանր շրջափուլ։ Ոլորտին արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ այդ փոփոխությունները պետք է սկսվեն պատմության ինստիտուտից։

Մեկնաբանություն
X