Հակածխախոտային շիզոֆրենիան ժամանակակից աշխարհի նորաձև դրսևորումներից մեկն է

Հակածխախոտային շիզոֆրենիան ժամանակակից աշխարհի նորաձև դրսևորումներից մեկն է։ Հասկանալի է, որ ծխելը վնասարար է առողջությանը։ Այն վնասում է ոչ միայն ծխողներին, այլ նաև շրջակա միջավայրին ու մարդկանց։ Ծխախոտի վնասարար ազդեցությունից խուսափելու համար կա ընդամենը մեկ միջոց, որն է՝ դադարեցնել դրա զանգվածային սպառումն ու արտադրությունն առհասարակ։ Բայց ինչպես տեսնում ենք որևէ մեկը չի պատրաստվում հրաժարվել այդ եկամտաբեր բիզնեսից, ընդհակառակը՝ կապիտալիստները շարունակում են միլիարդներ դիզել ծխախոտային բիզնեսի հաշվին։

Կարծես թե, ծխողներն էլ չեն պատրաստվում հրաժարվել ծխելուց։ Յուրաքանչյուրն ունի իր պատճառը՝ մի մասի համար գործողությունն այդ հաճելի զբաղմունք է, իսկ մյուս մասի համար էլ՝ ընդամենը սովորություն։ Ինչևիցե ծխելն առաջին հերթին ընտրության հարց է, ինչու չէ նաև՝ իրավունք։ Բայց չէ՞ որ ծխողներն իրենց վնասարար ծխով վնասում են նաև չծխողներին։ Ի՞նչ անել այդ դեպքում, ինչպե՞ս հարթել այդ բնական կոնֆլիկտը, որն առաջանում է մարդկանց միջև։ Այսպիսի պայմաններում որպես բանական լուծում կարող է հանդիսանալ կողմերի համար կոմպրոմիսային կարգավորում գտնելը։

Օրինակ՝ ժամանցային կամ էլ գրասենյակային հաստատություններում ծխողների համար նախատեսված վայրեր ստեղծել։ Կամ էլ ծխողների և չծխողների համար նախատեսված վայրերը տարանջատել իրարից։ Կա նաև երրորդ տարբերակը՝ ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում կան բոլոր հնարավորությունները հաստատությունները օդափոխման սարքավորումներով ապահովելու համար։ Այդ սարքավորումների ներգործության արդյունքում նույնիսկ կասկած էլ չի առաջանա, որ տարածքում ծխել են։ Ինչևիցե հազար ու մի լուծումներ կան, ամեն ինչ էլ հնարավոր է անել, որ բոլորի համար էլ առօրյա կյանքը գոնե մի փոքր հարմար լինի։

Բայց ո՛չ։ Շատ տեղերում հրաժարվում են կոմպրոմիսային լուծում գտնել և դիմում են «ֆաշիստական» միջոցների՝ ամենուրեք հակածխախոտային արգելքներ մտցնելով։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ շիզոֆրենիկ գործելաոճ։ Աշխատավայրում աշխատողները պետք է հանգստի սենյակ ունենան, որտեղ կկարողանան հանգստանալ ու ծխել։ Դա աշխատողի բնական իրավունքն է և գործատուն պարտավոր է իր աշխատողների համար այդպիսի պայմաններ ապահովել, այլ ոչ թե՝ հանգստանալու և ծխելու համար ցույց տալ փողոցի կողմը։ Օրինակ, ստեղծագորական աշխատանքով զբաղվող մարդիկ չեն կարող 10 րոպեն մեկ դուրս գալ գրասենյակից ու վերադառնալ։ Դա անթույլատրելի է։

Ավելի ողբերգական է իրավիճակը փաբերում և ռեստորաններում։ Մարդիկ ուրբաթ օրերը դժվար աշխատանքային շաբաթից հետո գնում են գարեջուր խմելու, բայց հանկարծ պարզվում է, որ ծխելն արգելվում է։ Չծխողները ոչ մի կերպ չեն հասկանում, որ ծխողների համար գինարբուքներն ու գարեջրային տոնախմբություններն անիմաստ են առանց ծխախոտի։ Ավելին՝ այդ արգելքներն իրենց էությամբ քաղքենի են ու հակամշակութային։ Վստահ եմ հակածխախոտային պայքարի առաջամարտիկները թքած ունեն, ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց առողջության համար։ Դա պարզապես քաղքենի ակցիա է, որը շատերն առանց հասկանալու պաշտպանում են։ Չի կարելի բնությունն ամեն օր, ամեն պահ ոչնչացնել և դրա արդարացումը փնտրել ծխողների դեմ կատաղի պայքարում։ Պարզապես պետք է բարեկրթության որոշակի համընդհանուր նորմեր սահմանվեն։

Օրինակ ես չեմ ծխում հղի կանանց և փոքրիկ երեխաների ներկայությամբ։ Եվ առահասարակ ծխելուց էլ աշխատում եմ առանձին տեղերում լինել, որ ինչ-որ մեկին չխանգարեմ։ Ավելին՝ ծխելուց առաջ զրուցակցից թույլտվություն եմ վերցնում, թե արդյո՞ք չեմ խանգարի նրան ծխելու դեպքում։ Շատ եվրոպական երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ը խնդրի կարգավորման համար ընտրել են «ֆաշիստական» արգելքների գործելաոճը, բայց ի ուրախություն մեզ Ավստրիան վերջերս որոշեց հրաժարվել այդ արգելքներից։ Հետգրության փոխարեն կարելի է ավելացնել, որ ես խուսափում եմ հաճախել այնպիսի տեղեր, որտեղ առկա են համանման քաղքենի արգելքներ։ Ծխելը մեր իրավունքն է։

Մեկնաբանություն
X