Հայկական ՊԷՆ-ը դարձել է կռվախնձո՞ր

Անցյալ տարեվերջին մի խումբ բանաստեղծներ որոշել էին իրենց նախաձեռնությամբ վերածնել հայկական ՊԷՆ կենտրոնը, որի երկարամյա նախագահն է թարգմանիչ, ԵՊՀ դասախոս Աննա Հակոբյանը։ Բանաստեղծ Արմեն Օհանյանն էլ կապ էր հաստատել միջազգային ՊԷՆ (պոեզիա, էսսե, նովել) կենտրոնի հետ, տեղեկացել, որ տասը տարուց ավելի անդամավճարներ չի մուծել հայկական ՊԷՆ-ի ղեկավարությունը (ՊԷՆ կենտրոնի յուրաքանչյուր անդամ պետք է տարեկան վճարի յոթ եվրո, իսկ հայկական ՊԷՆ-ն ունի 20 անդամ)։ Այդ իսկ պատճառով էլ նա Աննա Հակոբյանին առաջարկում էր տեղը զիջել իրեն եւ իր համախոհներին՝ մնալով որպես ՊԷՆ պատվավոր նախագահ։

Սակայն Աննա Հակոբյանն, իմանալով այդ ամենի մասին, իր հերթին էր կապ հաստատել միջազգային ՊԷՆ կենտրոնի հետ, որտեղից էլ վստահեցրել էին, որ պատրաստ են ներել 10 տարուց ավելի չմուծած անդամավճարները, միայն թող 2017թ․ անդամավճարները մուծեն։ Ինչն էլ արել էին։ Ամիսներ անց փորձեցինք տեղեկանալ, թե ինչ հանգուցալուծում ստացավ ՊԷՆ կենտրոնի նախագահ ընտրելու գործընթացը, ինչ է սպասվում հայկական ՊԷՆ-ին։ Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ ինքը կապ է հաստատել միջազգային ՊԷՆ կենտրոնի նախագահ Կառլոս Թերների հետ, ֆրանսերեն նամակագրություն են վարել։ Աննա Հակոբյանն ասաց, որ ՊԷՆ-ի նախագահն ինքն է եւ կլինի այնքան ժամանակ, մինչեւ նոր ընտրություններ կանցկացվեն։ Այսօրվա դրությամբ, ըստ Աննա Հակոբյանի, Արմեն Օհանյանը ոչ մի իրավունք չունի՝ ներկայանալու որպես ՊԷՆ կենտրոնի նախագահ։ Միակ բանը, որ նա կարող է անել, պետք է սեպտեմբերին գնա Հնդկաստան, մասնակցի միջազգային ՊԷՆ կենտրոնի կոնգրեսին, ցանկություն հայտնի, որ ուզում է իմ հրաժարվելու դեպքում լինել հայկական ՊԷՆ կենտրոնի նախագահ։

«Քանի դեռ նոր նախագահ չի ընտրվել, ես մնալու եմ ՊԷՆ կենտրոնի նախագահ»,- հավաստիացրեց Աննա Հակոբյանը։ Հարցին, թե այս ընթացքում կա՞պ ունեցել է Արմեն Օհանյանի հետ, քննարկել են ՊԷՆ-ին վերաբերող հարցեր, Աննա Հակոբյանն արձագանքեց․ «Ոչ, միայն դստերս՝ Արմինեի հետ է կապ հաստատել, զանգում է, իր հետ է խոսում։ Ինձ հետ չի խոսում, իր հետ է բանակցություններ վարում։ Ես կասեմ, որ իր տեղը ճանաչի, իրեն մեյդան չգցի, դրա համար դստերս հետ է բանակցություններ վարում»։ Միաժամանակ նա տեղեկացրեց, որ եթե Արմեն Օհանյանը մասնակցի միջազգային ՊԷՆ կենտրոնի կոնգրեսին, այնտեղ քվեարկեն հօգուտ իրեն, կարող է ընտրվել հայկական ՊԷՆ կնետրոնի նախագահ։ Ինչ վերաբերում է Արմեն Օհանյանի նախաձեռնություններին, ապա նա հեռախոսազրույցի ժամանակ խորհուրդ տվեց մասնակցել ապրիլի 20-ին հրավիրվող միջոցառմանը, որի ժամանակ էլ կստանամ ինձ հուզող հարցերի պատասխանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X