Գյումրեցիները Գարեգին Բ-ին նամակ են գրելու. անհանդուրժելի իրավիճակ է եկեղեցու տարածքում

Գյումրու 58 թաղամասում գտնվող Պարույր Սևակի 6 –րդ շենքի բնակիչները վրդովված են: Նրանք hraparak.am-ին են դիմել, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն պատկան մարմիններին: Բանն այն է, որ շենքի բակում տասնյակից ավել պտղատու ծառեր կան, որոնք շուտով հողին են հավասարեցվելու:

Տարածքն ինչ-որ մեկը գնել է եւ պատրաստվում է շենք -շինություն կառուցել: Մինչդեռ բնակիչները վստահեցնում են, որ թույլ չեն տա ոչնչացնել այդքան կանաչ տարածքը: «Այս ծառերը տնկել ու բերրիության է հասցրել Հասմիկ տատը՝շենքի տարեց բնակչուհիներից մեկը, ով ցավոք մի քանի ամիս է՝ մահացել է: Գիտեք՝ ոնց էր պահում՝ աչքի լույսի պես: Բացի այդ, շենքը գտնվում է Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցի ետնամասում, ծառերն ու այգին կարելի է ասել եկեղեցու բակի տարածքում են, հիմա ինչպե՞ս կարելի է արմատախիլ անել ամբողջը, ու եկեղեցու հետնամասը, որտեղ մարդիկ նստում, հանգստանում են, դարձնել առևտրի կամ ժամանցի կենտրոն»,-ասաց մեզ դիմած բնակիչներից մեկը:

Բնակիչների խոսքերով՝ իրենք ստորագրահավաք են նախաձեռնել, դիմել քաղաքապետարան, որտեղից սակայն հակասական պատասխաններ են ստացել: « Մի նամակ էլ կաթողիկոսին ենք պատրաստվում գրել, որ եկեղեցու հետնամասը՝ բակը, աղճատում են»,-ասացին նրանք: «Տեսեք տարածքը սեփականատերը ժապավեններով կապել է, մտադիր է շուտով սկսել շինարարությունը, 10մետր է մնում, որ հասնի շենքի դռներին: Քաղաքապետարանից վստահեցնում են, թե իրենք դեռ համաձայնություն չեն տվել, բայց մարդը իր աշխատանքներին է նախապատրաստվում»,-վրդովված ասացին բնակիչները:

Մեզ հաջողվեց պարզել տարածքի սեփականատիրոջ ինքնությունը, ով քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում, արդեն իսկ գրենական պիտույքների խոշոր խանութ ունի: Նա այդ տարածքը ձեռք է բերել դեռ նախկին քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի օրոք, սակայն երկար ժամանակ Է ոչինչ չէր նախաձեռնում: Խանութի աշխատողները սակայն հրաժարվեցին տնօրենի կոնտակտները մեզ տրամադրել: Իսկ ահա Գյումրու համայնքապետարանի Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը տեղում չէր, որպեսզի կանաչ տարածքի հետ կապված ճշտումներ անեինք: Մեզ ասացին, որ նա հասարակական խորհրդակցության է, թե երբ տեղում կլինի, չգիտեն:Քանի որ Գյումրու համայնքապետարանում նախընտրում են գրավոր հարցումները, մենք խնդրի վերաբերյալ նաև գրավոր հարցում ենք ուղարկել, որի պատասխանը, հուսանք,կստանանք:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X