Ո՞վ եւ ե՞րբ կանի

Թվում է, քաղաքական ուժերի, փորձագետների, վերջապես՝ հանրության հիմնական մտահոգությունը պիտի լիներ՝ ինչպե՞ս է լուծվելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Շարժման 30- ամյակն անցավ, մոտենում է անկախության 100-րդ տարելիցը, բայց երբ հետեւում ես հայրենական մամուլին, լսում քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին, խորը տպավորություն են ունենում, թե գլխավորը ոչ թե երկրի ապագան է, այլ՝ օրվա կոնյունկտուրան:

«Հեկտարներով» գրում են ամեն ինչից, բայց թե վաղվա օրն ի՞նչ է բերելու երկրին ու ժողովրդին՝ այդ մասին կամ խոսք չկա, կամ միայն ընդհանուր ձեւակերպումներ են հնչում: Ընդ որում, բոլորը կարծես պայմանավորված են, որ անցանկալի հարցերի մասին պետք չէ խոսել: Բավական է շեշտադրել « ազգ-բանակ» հայեցակարգը կամ զինված ուժերի զարգացման յոթնամյա ծրագիրը, եւ անվտանգության ու ղարաբաղյան կարգավորման թեմաները համարել փակված: Մինչդեռ իրականություն է, որ հակառակորդը ձեռքերը ծալած չի նստում, չի սպասում, թե մենք երբ ենք դառնում ազգ-բանակ կամ կատարելության հասցնում զինված ուժերը: Նա էլ բանակաշինության եւ կատարելագործման իր ծրագրերն ունի:

Ստացվում է, որ մրցավազքը շարունակվելու է: Իսկ դա իր հերթին բերելու է մոտեցումների ավելի բեւեռացման: Միջազգային հարաբերություններն էլ ավելի են կոշտանում, ձեւավորվում են նոր ալյանսներ:

Մի քանի տարի առաջ որեւէ մեկը հազիվ թե կանխատեսեր, որ Իրանը ռազմական համագործակցություն կունենա Ադրբեջանի հետ: Այսօր իրանցի եւ ադրբեջանցի ռազմական պաշտոնյաների հանդիպումները դարձել են պարբերական: Դժվար էր պատկերացնել, որ Իրանը եւ Ադրբեջանը ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր կնախաձեռնեն եւ Կասպից ծովում համատեղ նավթագազային գործարքների կգնան: Այսօր դա իրողություն է, ինչպես եւ այն, որ հայ-իրանական համագործակցության մասին խոսակցությունները մեծ մասով միայն ցանկություններ են: Այն էլ, թերեւս, միակողմանի: Աշխարհը փոխվում է, երեկվա մրցակիցները, ինչպես Թուրքիան եւ Իրանը, դառնում են գործընկեր: Միջազգային մամուլն արձանագրում է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքական ֆիասկոն եւ Ռուսաստան-Թուրքիա-Իրան կոալիցիայի հաջողությունները, իսկ հայրենական վերլուծաբանը շարունակում է հուսալ, որ Թուրքիան մասնատվելու է:

Հայ քաղաքական գործիչն էլ պնդում է, որ առանց հայդատականության եւ պատմական պահանջատիրության անհնար է արդյունավետ պետականություն ունենալ: Մեկ-երկու ողջամիտ կարծիքներն այս ֆոնին չափազանց դժգույն են երեւում: Ընդունված չեն, պահանջված չեն, քանի որ խնդիրները ոչ միայն խորքով չեն քննարկվում, այլեւ չեն էլ հավաստանշվում: Հասարակությունը խուսափում է ցավոտ հարցերից, ինչպես հիվանդը՝ ճշգրիտ ախտորոշումից: Հասարակությունը տարված է օրվա քաղաքական ինտրիգներով, կենցաղային բամբասանքներով: Ինչ-որ սթափեցնող քայլ է պետք: Բայց ո՞վ եւ ե՞րբ կանի...

Մեկնաբանություն
X