Հռոմի պապը շատ հավանեց քանդակը եւ օրհնեց ինձ

Երեկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի պարտեզներում օծել է դեռ 2015-ին Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը։ Օծման արարողությանը Հայաստանից ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ինչպես նաեւ ստեղծագործության հեղինակ՝ քանդակագործ Դավիթ Երեւանցին։ Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայի ձուլարաններից մեկում՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի եւ մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցությամբ։ Ի դեպ, արձանից երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը՝ Վատիկանի պարտեզների, մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։

Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը Վատիկանին եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրելու գաղափարը ծագեց դեռ երկու տարի առաջ, Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը Պապին նվիրեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փոքրիկ բրոնզե արձանը՝ հույս հայտնելով դրա խոշոր տարբերակը տեսնել Վատիկանի պարտեզներում։

Մենք կապ հաստատեցինք Դավիթ Երեւանցու հետ, ով այդ պահին գտնվում էր Վատիկանում։ Նա մեզ հետ կիսվեց իր տպավորություններով։ «Արդեն ավարտվեց օծման արարողությունը, Հռոմի պապը շատ հավանեց քանդակը, ես էլ 2 անգամ հնարավորություն ունեցա ձեռքը համբուրել եւ իր օրհնությունն ստանալ»։ Թե արձանի 2-րդ օրինակը Հայաստանում երբ է տեղադրվելու՝ տեղյակ չէ։ «Երեկոյան Հռոմի պապի մոտ ճաշի ենք հրավիրված, այդ ժամանակ, հավանաբար, կասվի։ Հիմա պատրաստվում է, կարծում եմ՝ ամսի 25-30-ին կուղարկեմ Պրահայից»,- ասում է Դավիթ Երեւանցին ու հավելում, որ Նարեկացուն քանդակելիս առաջնորդվել է նրա գրվածքներով, եւ իրեն լիցք է հաղորդել այն ոգեւորությունը, որն ինքը ստացել է Նարեկացուն կարդալիս։ «Մենք ունենք մի Քրիստոս, որը Նարեկացի է կոչվում, որի հավատքը Տիրոջ հետ է եւ մեզ էլ դրդում է հավատալ Աստծուն»։

Դավիթ Երեւանցին ներկայումս ապրում եւ աշխատում է Փարիզում ու Երեւանում։

Նրա քանդակագործական ամենահայտնի աշխատանքների թվում է Կոմիտասի արձանը՝ Փարիզում, ինչպես նաեւ Վիլյամ Սարոյանի արձանը՝ Երեւանում։ Ի դեպ, Նարեկացու արձան է քանդակում նաեւ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը, որը եւս պետք է առաքվի Իտալիա։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X