Եկեղեցուց խաչքարեր են հանել

Ինչպես Արդվիի հուշարձանի, այնպես էլ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի միջնադարյան եկեղեցու վերականգնման դեպքում աշխատանքի ընթացքում գոյություն ունեցող նախագծից կոպիտ շեղումներ են թույլ տրվել: Թեեւ 2013 թվականին նախարարությունը համաձայնեցրել է հիշյալ հուշարձանի մասնակի վերականգնման եւ դրա զանգակատան կառուցման նախագիծը, սակայն աշխատանքները կատարվել են նախագծին ոչ համարժեք: Մինչդեռ վերջին օրերին սոցցանցերում եւ լրատվամիջոցներում հարցը ներկայացվում էր որպես մի քանի հարյուր հին խաչքարերի անսպասելի հայտնաբերում։

Այս առիթով մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որտեղ Պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը տեղեկացրել է, որ սկսվել են ապամոնտաժման աշխատանքներ, եւ եկեղեցու պատերի միջից դուրս են բերվել խաչքարերի ու տապանաքարերի հիմնական ծավալները: Ըստ նրա՝ իրավիճակի պատասխանատուն ե՛ւ համայնքի ղեկավարությունն է, որը շինարարության թույլտվություն է տվել, ե՛ւ շինարարությունն իրականացնող տեխնիկական եւ հեղինակային հսկողության կազմակերպությունները։

Դեպքի առթիվ ստեղծվել է հանձնախումբ, որը գործուղվել է՝ տեղում խնդիրը պարզելու եւ լուծումներ գտնելու համար, մասնավորապես՝ կհաշվառվեն դուրս հանված խաչքարերը, կուսումնասիրվեն, թե որտեղ կարելի է դրանք կիրառել, որոնք նաեւ պետական ցուցակներում կներառվեն: Հանձնախումբը կփորձի հասկանալ, թե դուրս հանված հուշարձանապատկան բեկորները որքանով են վերականգնելի, կառաջարկի լուծումներ, որոնք կնվազեցնեն կհասցնեն հուշարձանին հասցված վնասը:

Մեկնաբանություն
X