Թոշակի գնալն աղետ չէ

Ինչո՞ւ են մարդիկ այդքան կառչում իրենց պաշտոնից, կարգավիճակից, լծակներից։ Թերեւս, կա երկու պատճառ։ Մեկն այն է, որ պաշտոնից հեռանալուց, կարգավիճակը կորցնելուց հետո շատ ռեալ է վտանգը, որ մարդը կհայտնվի աղքատության ճիրաններում՝ եթե բիզնես ու ունեցվածք ունի, կարող են խլել, տանիքի բացակայության պայմաններում կարող է սնանկանալ ու վերածվել «բոմժի»։

Այդպիսի օրինակներ մենք շատ ունենք՝ երբ բարեկեցիկ կյանքով ապրող պաշտոնյան մի օրում կորցնում է ե՛ւ պաշտոնը, ե՛ւ եկամտի աղբյուրները։ Երկրորդ պատճառն էլ այն է, որ պաշտոնն ու կարգավիճակը կորցրած անձը միանգամից կորցնում է իր «հմայքը» շրջապատի աչքում, դառնում մենակ մարդ, որին չեն հիշում նախկին ընկերներն ու մտերիմները։ Մարդը պաշտոն ու կարգավիճակ ունի, հասարակության ակտիվ անդամ է՝ օգտակար ու պահանջված, պաշտոն ու կարգավիճակ չունի՝ մոռացված է ու բոլորի կողմից լքված։ Իսկ եթե սրան գումարենք նաեւ այն, որ համեմատաբար երիտասարդ մարդը նաեւ մատնվում է անգործության ու պարապությունից այլեւս չի իմանում ինչով զբաղվել՝ բառիս բուն իմաստով նստում է տանն ու սպասում մահվան, պատկերն ամբողջական կդառնա։

Ինչպե՞ս անել, որ պաշտոնաթողությունն ու ակտիվ կյանքից հեռանալը կործանարար չլինեն մարդու համար։ Որ նա շարունակի ակտիվ գործունեությունը, նաեւ փող վաստակի՝ բեռ չդառնալով զավակների ու մերձավորների համար։ Որ նրա գիտելիքներն ու հմտությունները պահանջված լինեն, եւ նա անպետք լաթի նման չմթնացնի օրերը։ Դրա համար գործող պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է հոգ տանեն տարեցների համար։ Ոչ թե արհեստականորեն երկարացնեն նրանց պաշտոնավարումն ու դարձնեն երիտասարդների ճամփին կանգնած «հուշաքար», այլ ճիշտ տեղում, ճիշտ ձեւով օգտագործեն նրանց միտքն ու պատրաստվածությունը։

Մեկնաբանություն
X