Իսրաել-Սաուդյան Արաբիա «դաշինք» ընդդեմ Իրանի

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը հայտարարել էր, թե իսրայելցիները իրավունք ունեն խաղաղ ապրել սեփական տարածքում: Թագաժառանգի խոսքին հաջորդեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի բավականին կոշտ արձագանքը։ Չնայած վերջինս որևէ կերպ չի հիշատակել գահաժառանգի հայտարարությունը, բայց շեշտադրել է, որ Թեհրանը ամեն կերպ հակադրվելու է Իսրայելի և Սաուդիան Արաբիայի միջև փոխհարաբերությունների ակնհայտ ջերմացմանը: Մասնավորապես՝ նա նշել է, որ Իսրայելի հետ բանակցելը աններելի սխալ կլինի, իսկ Պաղեստինի դիմադրության շարժմանն աջակցելը բոլոր մուսուլմանների հոգևոր պարտքն է։

Արձանագրենք․ Իսրայել-Սաուդյան Արաբիա կապերի ջերմացումը անշուշտ պատճառ է դառնալու Իրանա-սաուդական փոխհարաբերությունների էլ ավելի սրման համար։ Առճակատումը թևակոխելու է բոլորովին այլ փուլ, ինչի արդյունքում տարածաշրջանում կարող է սաղմնավորվել արդեն իսկ խարխլված status quo-ի փոփոխության ու վերաձևման գործընթաց։ Գրեթե կասկած չկա, որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի գործակցությունն առաջին հերթին ուղղված է հենց Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Պատճառը մեկն է՝ Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում գնալով մեծանում է, իսկ դա անհանգստացնում է սաուդիտներին։ Սաուդյան Արաբիան այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել Յեմենում, իսկ Սիրիայում նրա ազդեցությունը գնալով նվազում է: Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս հստակ սահմանված ուղեծրով աստիճանաբար խաղի իր կանոններն է սահմանում Սիրիայում, Իրաքում, Յեմենում, ինչու չէ, նաև Աֆղանստանում: Իրավիճակի այսպիսի փոփոխությունը ոչ մի կերպ չէր կարող ընդունվել սաուդիտների կողմից։

Սաուդյան Արաբիան լրջագույն հավակնություններ ունի սուննիական միջավայրում մեծացնելու իր ազդեցությունը և ստանձնել սուննի աշխարհի առաջնորդի դերը։ Բայց իրավիճակն այնքան է լրջացել, որ սաուդիտները Իսրայելի հետ բաց համագործակցությամբ չափազանց մեծ ռիսկի են գնում՝ քաջ գիտակցելով, որ մուսուլմանական աշխարհում կարող է բողոքի լուրջ ալիք բարձրանալ։ Կարճ ասած՝ Սաուդյան Արաբիային կմեղադրեն հավատուրացության ծանրագույն մեղքի մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ շիականությունը, որպես այդպիսին, մոնոլիտ համակարգ չէ և բաժանված է անհաշվելի քանակության ուղղությունների, որոնցում առկա են տարաբնույթ դավանաբանական հակասություններ, բայց Իրանին, այնուամենայնիվ, հաջողվում է համագործակցել դրանց հետ և հանդես գալ որպես բոլոր շիաների շահերի պաշտպան: Այսինքն՝ Մերձավոր և Միջին Արևելքի տարբեր հատվածներում հակասաուդական դաշինքներ ձևավորել։

Թե ուր կհասցնի վտանգավոր զարգացումների այսպիսի ընթացքը, դժվար է ասել, բայց պարզից էլ պարզ է, խնդիրը չի ավարտվելու զուտ հայտարարությունների տիրույթում։ Անիմաստ է նաև կանխատեսումներ անել այս կամ այն կողմի հաղթանակի հասնելու ուղղությամբ: Բանն այն է, որ գործ ունենք անլուծելի թվացող հակամարտության հետ, որը ինչպես նշեցինք կարող է հանգեցնել status quo-ի փոփոխությանն ու կայունության նոր համակարգ ձևավորելուն, իսկ դա ամենայն հավանականությամբ, լինելու է ոչ պակաս փխրուն, քան նախորդը: Այսպիսի պայմաններում այս կամ այն կողմի առավել շահեկան իրավիճակում հայտնվելը լինելու է ժամանակավոր, քանզի աննահանջ մրցավազքի արդյունքում ի հայտ եկած հավասարակշռման մեխանիզմները միջինացնելու են այդ առավելությունը:

Օրինաչափորեն որպես առաջնային գործիք պետք է օգտագործվի քաղաքակրթական երկու հակադիր և հակամարտող համակարգերի գործոնը: Այսինքն խնդիրը միայն չի սահմանափակվում երկու տարբեր կրոնական ուղղությունների հակամարտության շրջանակներում: Լինելով իսլամական քաղաքակրթության բաղկացուցիչ մասնիկները, ուղղություններն այդ հարյուրամյակների ընթացքում վերածվել են ենթաքաղաքակրթությունների: Արդյունքում գործ ունենք երկու հակադիր քաղաքական ու մշակութային համակարգերի և միջավայրերի հետ, որոնք ռեալիզացվում և կայանում են կրոնի և նրա համապատասխան դրույթների միջոցով: Իրանում պետական կրոն է հռչակված 12-ական շիականությունը, իսկ Սաուդյան Արաբիայում՝ սուննի Իսլամը, իսկ ավելի կոնկրետ՝ վահաբիզմը: Կրոնական ուղղություններ, որոնք չեն կարող ունենալ երկխոսության որևէ եզր: Վերոհիշյալ տրամաբանությամբ առճակատումը կարող է ընդգրկել Միջին Արևելքից մինչև Հյուսիսային Աֆրիկա ընկած տարածքները: Սիրիայում Սաուդյան Արաբիան ուժեղացնելու է «ընդդիմության» կամ էլ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ահաբեկչական խմբավորումների դիրքերը՝ ունենալով մեկ նպատակ՝ տապալել Ասադի ռեժիմը և ընդհանրապես ալավիական կլանը: Մեծ է նաև Աֆղանստանում «Տալիբան» շարժման ակտիվացման հավանականությունը: Թերևս առավել բարդ իրավիճակում է հայտվում Յեմենը, որն ամեն վայրկյան կանգնած է տրոհման սպառնալիքի առջև:

Մեկնաբանություն
X