Պուտինը հիասթափեցրել է Էրդողանին

Նման եզրակացության կարելի է հանգել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարությունից: Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրից, նա ասել է, որ ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ ակտիվացնեն իրենց ջանքերը»:

Չավուշօղլուն ավելացրել է, որ Թուրքիան միջազգային բոլոր հարթակներում «Ադրբեջանի կողքին է, պաշտպանում է նրա արդարացի տեսակետը» եւ միաժամանակ ափսոսանք հայտնել, որ այդ կառույցները «դեռեւս իրենց կոնկրետ դիրքորոշումը չեն հայտնել»: Թուրքիայի արտգործնախարարի այս մտքերն ուշագրավ են այն համատեքստում, որ արտահայտվում են Էրդողան-Պուտին բանակցություններից անմիջապես հետո եւ, ինչպես հասկացվում է, հասցեագրված են Ադրբեջանին: Ըստ երեւույթին, ԼՂ կարգավորման հարցով ավելի վաղ թուրք-ադրբեջանական խորհրդատվություններ են անցկացվել: Մեծ է հավանականությունը, որ այդ ընթացքում Ադրբեջանը խնդրել է, որպեսզի ՌԴ նախագահի հետ բանակցություններում Էրդողանը եւս մեկ անգամ շոշափի ղարաբաղյան կարգավորման թեման: Ըստ երեւույթին, Պուտինը կամ խուսափել է նման քննարկումից, կամ ուղղակի հասկանալ է տվել, որ ԼՂ հարցում Ռուսաստանը միակողմանի նախաձեռնողականություն չի ցուցաբերի:

Համենայն դեպս, Չավուշօղլուի հայտարարությունների տոնը վկայում է, որ Թուրքիան այդ հարցում հիասթափված է եւ Ադրբեջանին հասկացնում է, որ լրացուցիչ ոչինչ անել չի կարող, բացի այն, որ միջազգային հարթակներում պաշտպանում է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը: Ի դեպ, դա զգացվում է նաեւ ադրբեջանական մամուլի հրապարակումներից: Դրանք արդեն իջել են այն մակարդակին, որ քննարկում են ԱԳ նախարար Լավրովի հետագա պաշտոնավարման հարցը՝ հուսալով, որ նրա հրաժարականից հետո ԼՂ խնդրում Ռուսաստանը կարող է վերանայել մոտեցումները: Ադրբեջանը հասել է մի կետի, երբ իշխանությունը «Ղարաբաղի ազատագրության կազմակերպություն» մարգինալ կառույցի միջոցով փորձում է հանրայնացնել «լայնածավալ ռազմագործողության պահանջվածությունը»:

Ինչպես լրատվամիջոցներին ասել է այդ հասարակական կազմակերպության ղեկավար Ակիֆ Նաղին, մայիսի 12-ին նախատեսվում է անցկացնել բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ հանրահավաք եւ իշխանություններից պահանջել, որ սկսի «Ղարաբաղի ազատագրման ռազմագործողություն»: Թուրքիայի արտգործնախարարը, մինչդեռ, հայտարարել է, որ իր երկիրը կողմ է ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը եւ այդ մասին գիտեն համանախագահ երկրները: Սա նույնպես բավական լուրջ ակնարկ է Ադրբեջանին, որտեղ որոշակի շրջանակներ հույս են պահում, որ պատերազմ սկսելու դեպքում Թուրքիան կաջակցի իրենց: Չավուշօղլուն, սակայն, դիվանագիտական լեզվով խոստովանել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից զգուշացվել է եւ հավանական լարվածությանը չի միջամտի:

Մեկնաբանություն
X