Ջազում միայն երեխաներն են

>

«Նարեկացի» արվեստի միության բեմում սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցն էր Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի իր ղեկավարած ջազային նվագախմբի հետ:

Միջոցառումը կրում էր «Ջազում միայն երեխաներն են» խորագիրը, որի ընթացքում հնչեց սաքսոֆոնի մոգական հնչյուններով նվագախմբային ջազային երաժշտություն: Արմեն Հյուսնունցը ներկայացրեց բեմում գտնվող փողային գործիքների պատմությունն ու հնչերանգային առանձնահատկությունները, ինչպես նաև նվագախմբի երիտասարդ ջազ կատարողներին: Համերգային ծրագրում ընդգրկված էին ջազի ստեղծման սկզբնական տասնամյակների առավել հայտնի ստեղծագործությունները, որոնք նորովի հնչեցին նվագախմբի տաղանդավոր փոքրիկ սաքսոֆոնահարների կատարմամբ:

-Ջազ երաժշտի համար կարևոր է ջազային մտածելակերպ ունենալը: Իմպրովիզացիան՝ կատարողի հանպատրաստից ստեղծագործելն ամենակարևորն է այս ոճում, որը երաժշտին տալիս է մաքսիմալ անկեղծ և ազատ լինելու հնարավորություն,- ասաց Արմեն Հյուսնունցը` երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացնելով նաև ջազի ստեղծման, զարգացման պատմությունը, լեգենդար ջազ երաժիշտների ստեղծագործական ուղու, երաժշտական գործունեության մասին ուշագրավ դրվագներ:

Ջազը ծնվել է Նոր Օռլեանի աղքատ թաղամասերում ու արվարձաններում, իսկ հետո տարածվել է ամբողջ աշխարհով մեկ: Սևամորթ ստրուկների թախծոտ երգերի և անգլիական ժողովրդական մեղեդիների փոխազդեցությամբ ստեղծված ջազն անցել է ձևավորման բարդ ուղի։

Ջազի հետագա զարգացումը կապված է Սենտ Լուիսի, Կանզաս Սիթիի, ապա՝ Չիկագոյի, Նյու Յորքի գիշերային պանդոկներում ու տոնավաճառներում հանդես եկող բազմաթիվ «ջազ-բանդերի» գործունեության հետ։

Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան (սևամորթների) և արևմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։

1920-1930-ական թվականներին ջազն արագորեն տարածվել է ողջ աշխարհում՝ գրեթե ամենուր հարմարվելով տվյալ ժողովրդի երաժշտական մշակույթին։ 1940-ական թվականներին սկսվել է ժամանակակից ջազի զարգացումը. սաքսոֆոնահար Չառլզ Փարկերի և շեփորահար Դիզի Գիլլեսպիի շնորհիվ ջազը հասել է պրոֆեսիոնալ նոր մակարդակի։ Հետագայում ձևավորվել են քուլ, ֆրի, մոդալ, լատինո և ժամանակակից ջազի այլ ուղղություններ։ Ջազի ազդեցությամբ համաշխարհային երաժշտության մեջ ստեղծվել են ժամանակակից փոփ երաժշտության տարբեր ոճեր (սոուլ, փոփ-ջազ)։

Ուշագրավ է, որ Հայաստանում դեռևս 1936 թ. Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում գործել է ջազային նվագախումբ, որը ղեկավարել է երաժշտագետ Ռոբերտ Աթայանը, 1937 թվականին՝ շեփորահար Ցոլակ Վարդազարյանը՝ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի հայրը։ 1938 թվականին Արտեմի Այվազյանը ձևավորել է նոր նվագախումբ։ Նա իր ստեղծագործություններում կիրառել է հայկական ժողովրդական մեղեդիների ռիթմն ու հնչերանգը։ 1956 թվականից նվագախումբը ղեկավարել է Կ. Օրբելյանը։ 1960-1970-ական թվականներին հայկական ջազարվեստը ճանաչվել է նաև արտասահմանում. հայ երաժիշտները հյուրախաղերով շրջագայել են եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, մասնակցել միջազգային փառատոնների։

Հայաստանի լավագույն սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը ջազի աշխարհում հայտնի դարձավ «Time Report» էթնոջազային և «Հայկական Նավատորմի Նվագախումբ» ճանաչված բենդերի կազմից, այնուհետ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի, Հանրային ռադիոյի էստրադային, սիմֆոնիկ նվագախմբերի, «Time Report», «Հայկական Նավատորմի Նվագախումբ», «Artasax» սաքսոֆոնային քառյակի:

-Ջազը տալիս է մաքսիմալ անկեղծ և ազատ լինելու հնարավորություն,-ասում է Արմեն Հյուսնունցը: Նրա ստեղծագործական կյանքը ջազի պես հարուստ ու գունեղ է: Հյուսնունցը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոնների, համերգներով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մերձավոր Արևելքում։ Նվագել է հայտնի ջազմենների հետ՝ Չիկ Կորեանի, Բիլլի Քոբեմի, Ջո Զավինուլի։ Եվ այսօր նա կատարողական իր բարձր վարպետությունը, տարիների հարուստ փորձը փոխանցում է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջազային նվագախմբի իր սաներին:

«Ջազն իր զարգացումն է ապրում, ապագան ջազինն է»,- ասաց Ա. Հյուսնունցը և տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանում կնշվի 1938 թվականին Կառավարության որոշմամբ տաղանդավոր կոմպոզիտորներ և երաժիշտներ Արտեմի Այվազյանի և Ցոլակ Վարդազարյանի կողմից հիմնադրված Հայաստանի պետական ջազ-նվագախմբի 80 ամյակը, հետևաբար ողջ տարին մեր հանրապետությունում համեմված կլինի ջազով:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Մեկնաբանություն
X