Ի՞նչ են քննարկում Ադրբեջանը եւ Իրանը

Անզեն աչքով էլ տեսանելի է Իրան-Ադրբեջան հարաբերությունների ջերմացումը: Վերջերս Բաքու էր այցելել Իրանի նախագահ Ռուհանին, սպասվում է ԻԻՀ արտգործնախարարի այցը: Անցյալ տարեվերջին Թեհրան էր մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որից հետո թերեւս առաջին անգամ խոսվեց երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության մասին: Հայտնի չէ, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է, բայց տեղեկություն կա, որ Իրանը մտադիր է Ադրբեջանում կառուցել զինվորական հոսպիտալ:

Այս ֆոնին ուշագրավ է, որ Մոսկվայում միջազգային անվտանգության հարցերով խորհրդաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Վելիեւի հանդիպումն Իրանի պաշտպանության նախարար Հաթամիի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: Երեւույթն ուշագրավ է նրանով, որ Իրանը եւ Ադրբեջանը փաստացի յուրաքանչյուր առիթ օգտագործում են, որպեսզի ռազմական համագործակցության թեման պահեն օրակարգում:

Դա վկայում է կողմերի մտադրությունների լրջության մասին: Խնդիրը հետաքրքրության է արժանի, եթե նկատի ունենանք, որ տեւական ժամանակ Իրան-Ադրբեջան հարաբերությունները սառն էին հատկապես անվտանգության նկատառումներով: Իրանը մշտապես զգուշանում էր, որ Իսրայելն ադրբեջանական տարածքը կարող է օգտագործել իր դեմ: Արդյոք այդ մտահոգությունները վերջնականապես ցրվա՞ծ են:

Եւ, ամենակարեւորը, Իրան-Ադրբեջան ռազմական համագործակցությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում ուժերի դասավորության վրա: Անկասկած է, որ Ադրբեջանն այդ համագործակցությունը փորձելու է օգտագործել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում նպաստավոր կոնյունկտուրա ձեւավորի: Իրանն այս հարցում աջակցու՞մ է Ադրբեջանին: Այս խնդիրը լուրջ վերլուծության եւ հնարավոր վերանայումների կարիք ունի։

Մեկնաբանություն
X