Վերնիսաժը` արյան մեջ․ դանակահարություն՝ իրանցու մասնակցությամբ (ֆոտո,վիդեո)

Երեկ՝ կեսգիշերից հետո, Վերնիսաժի հարակից Բուզանդի փողոցի 1/3 հասցեում տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել է դանակահարությամբ։ Արյան հետքերը շենքի աստիճաններին, փողոցում դեռ պահպանված են։

Պահակներից ոչ ոք տեղյակ չէր, քանի որ, ինչպես նշեցին, իրենք կեսգիշերին տեղում չեն եղել։

Մեզ հասած տեղեկություներով՝ դանակահարության մասնակիցներից մի քանիսը եղել են իրանցիներ, որոնք ամեն գիշեր զվարճանում են շենքի առաջին հարկում տեղակայված գիշերային ակումբում։ Այժմ ակումբի դուռը փակ է։

Շենքի կառավարիչ Արայիկ Սարգսյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ չի բացառվում՝ իրանցիները լինեն ծեծկռտուքի մասնակիցները։

Նա նաեւ մեզ փոխանցեց, որ առավոտյան իրեն են այցելել քննիչներ, փորձել տեղեկանալ դեպքի մասին։

«Կռիվ ա եղել, ասեցին՝ 5 հոգին հիվանդանոցում են, որից երկուսը դանակահարված։ Քննիչներ են եկել ինձ մոտ, հարցնում են, ես տեղյակ չեմ։ Դա եղել ա գիշերը 1-ի սահմաններում։ Բայց ինձ թվում է, որ խմած են եղել, չգիտեմ ես ոչ մի բան, տեղյակ չեմ եղել։ Ուղղակի քննիչներն եկան, հարցրի՝ ինչ ա եղել, ասին՝ 5 հոգի հիվանդանոցում են, որից երկուսը դանակահարված, մյուս երեքը՝ ծեծված։ Այսինքն՝ մեծ կռիվ ա եղել շենքից դուրս, ներսում չի եղել»,-նշեց Արայիկ Սարգսյանը։

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ իրենք առաջին ահազանգը ստացել են 01։20-ին, որ Վերնիսաժի հարակից տարածքում կռիվ է․ «Այնուհետեւ 1։35 «Նաիրի» Բժշկական կենտրոնից ենք ահազանգ ստացել, որ իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել, 02։25 «Առաջին համալսարանականից» ենք ահազանգ ստացել, որ Բուզանդի փողոցից վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, մյուսները՝ հայեր»։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X