Ուրախ է, որ քանդեցին, բայց վախենում է, թե տեղում ինչ կսարքեն

Աբովյան փողոցում գտնվող ջրերի խանութի շենքը, որը երեւանցիներին առավելապես հայտնի է «Դայմոնդի» սրճարանով, բավականին ժամանակ է՝ վերանորոգման մեջ է։ Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն ինձ է փոխանցում «Երկիր» թերթի 1994թ․ մայիսի 19-ի համարն ու մատնացույց անում այն խնդիրները, որ դեռ 24 տարի առաջ է բարձրաձայնել։ «Հիմա ո՞րն է խնդիրը, կողքի շենքը՝ առաջվա ԱԳՆ-ի շենքը, որ այսօր վերցրել է Էռնեկյանը, այնտեղ կա աշտարակ։ Այդ նույն աշտարակի շեշտադրումը կա նաեւ Արամի եւ Աբովյան փողոցների անկյունում, այսինքն՝ դրանք փոքրիկ մայակներ են, որոնք ուղղորդում են ուղղությունը դեպի գլխավոր պողոտա։ Իսկ գլխավոր պողոտան Երեւան քաղաքի Թամանյանի արած կենտրոնի ամենակարեւոր առանցքներից մեկն է։ Ընդհանրապես, աշտարակներն ինչո՞ւ են արվում․ դրանց միջոցով շեշտադրումներ են արվում՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար, որ սա կարեւոր հանգույց է, եւ այստեղ շարքային կառուցապատում չպետք է արվի, այլ այստեղից սկսվում է մի ուրիշ բովանդակություն»,- ասում է նա ու նկատում, որ դեռ 1994-ին ինքը դեմ է արտահայտվել, երբ մի հարկ բարձրացրեցին այդ շենքի վրա եւ խախտեցին հրապարակի ու ողջ տարածքի ներդաշնակությու

Ըստ այդմ՝ քաղաքաշինական տեսանկյունից անթույլատրելի է ոչ միայն այդ աշտարակներից բարձր կառուցապատում անելը, այլեւ նույնիսկ՝ երբ դրանք մտնում են մրցակցության մեջ իրար հետ՝ խեղաթյուրելով քաղաքաշինական իմաստը։ «Ժամանակին՝ 1994-ին, բարձրաձայնեցի այս խնդրի մասին եւ ասացի, որ դա համարում եմ անթույլատրելի, որովհետեւ դրա կողքի բոլոր շենքերը երկու հարկանի են, եւ, ընդհանրապես, Աբովյան փողոցի մասշտաբը եղել է երկու հարկանի շենքերի կառուցապատում։ Եվ երբ այսօր, այսքան տարի անց տեսա, որ այն նորից քանդում են, մեծ ուրախություն ապրեցի, որովհետեւ եթե քանդվում է այն, ինչ եղել է, կարգի բերելու նպատակով, դա միայն կարելի է ողջունել, որովհետեւ կամաց-կամաց կտեսնենք Երեւանի այն հեռանկարը, որ կարելի է երազել»,- ասում է Գուրգեն Մուշեղյանն ու նկատում, որ թեեւ ուշ, բայց ժամանակի մեջ տրված իր գնահատականները ժամանակի քննությունը բռնեցին․ «Պատահական չէ, որ եվրոպական քաղաքներում պահպանվում է քաղաքի կենտրոնը, որովհետեւ նա ավելի հին է, եւ նույնիսկ այսօրվա խնդիրները լուծելու համար չեն քանդում այդ հինը, կենտրոնը պահպանվում է որպես հետիոտն գոտի, որպես պատմական նշանակության կենտրոն, մյուս խնդիրներն արդեն լուծվում են այդ գոտուց դուրս»։

Այն դիտարկմանը, թե մտավախություն չունի՞, որ այսօր քանդվող ջրերի խանութի տեղում վեր կհառնի ավելի անճաշակ, բարձր մի շինություն, որը կխախտի աշտարակների եւ այդ հատվածի ներդաշնակությունը, Մուշեղյանն ասաց․ «Եթե այդպես լինի, ուրեմն դա կլինի տրագեդիա ինձ համար, որովհետեւ, եթե հնի դեպքում գոնե մի հարկ էր բարձրացված, հիմա եթե 2-3 հարկով բարձրանա այդտեղ նոր մի շինություն, չեմ պատկերացնում, թե ինչ կարող է կատարվել այդտեղ։ Ամբողջ ներդաշնակությունը կխախտվի, իսկ ամենակարեւորը ներդաշնակությունն է ոչ միայն քաղաքաշինության մեջ, այլեւ բոլոր բնագավառներում»։ Ճարտարապետը հավելում է, որ տեղյակ չէ, թե այդտեղ ինչ է կառուցվելու։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X