Պուշկինի 4-ը պատմամշակութային հուշարձանների ցուցակում է

Նախօրեին պատմաբան Մայքլ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր Պուշկինի 4 հասցեում գտնվող շենքի լուսանկարը, որի բնակարաններից մեկում ապրել է նաեւ ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, եւ այսպես էր մակագրել․ «Քաջազնունու տունը ճանաչվել է «գերակա հանրային շահ» եւ ենթակա է քանդման»։ Այս գրառումն անհանգստությունների ու մեկնաբանությունների նոր ալիք բարձրացրեց։

Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սոցիալական ցանցերում եւ մամուլում շրջանառվող այդ տեղեկությունը հին ինֆորմացիա է, գերակա հանրային շահ ճանաչելու որոշումը եղել է մինչեւ 2004-ը, քանի որ այդ ժամանակ դեռ կազմված չէր պատմամշակութային հուշարձան-շենքերի ցանկը․ «Երբ 2004-ին կազմվեց հուշարձանների պահպանության ցուցակը, Պուշկինի 2-ն էլ, 4-ն էլ ընդգրկվեցին այդ ցուցակում՝ որպես տեղական նշանակության հուշարձան։ Երբ 2000-ականների սկզբներին գերակա շահ է ճանաչվել, այդ կառուցապատողներն արդեն ծրագիր էին մշակել։ Դրանից հետո իրավիճակը փոխվեց, եւ կառուցապատողին ասվում էր, որ սա հուշարձան է։ Այդպիսի բազմաթիվ դեպքեր կային, ու որպեսզի այդ հուշարձանները կարողանայինք պահպանել, կառավարությունը որոշել էր տեղափոխման ենթակա հուշարձանների ցուցակ անել, որտեղ 14 հատ հուշարձան էր, իհարկե՝ դա պետք է ավելի շատ լիներ, բայց մենք բանակցեցինք կառուցապատողների հետ, եւ որոշ կառուցապատողներ համաձայնեցին, որ հուշարձանը պահպանվի իր ծրագրի մեջ»։

Կարո Այվազյանն ասում է, որ այսօրվա դրությամբ կառուցապատողի հետ բանակցության մեջ են, որպեսզի այն չտեղափոխվի, իսկ նախեւառաջ՝ չքանդվի․ «Այդ տեղափոխվող հուշարձանները «Հին Երեւան» ծրագրով պետք է տեղափոխվեին այնտեղ, բայց մենք բանակցել ենք, որ ինքը կարողանա այնպիսի նախագիծ անի, որ ե՛ւ իրեն վնաս չլինի՝ բիզնեսի առումով, ե՛ւ մյուս կողմից էլ հուշարձանը տեղում մնա։ Հիմա ինքը նախագիծը համաձայնեցրել է մեզ հետ, այն արդեն փոփոխվում է, եւ պատրաստվում է մի նոր նախագիծ, որտեղ շենքը պետք է պահպանվի տեղում։ Այդ նախագիծը կներկայացնի մեզ, հետո մշակույթի նախարարությունում կտեսնենք-կքննարկենք։ Մենք փորձում ենք, որ ամեն մի հուշարձան մնա իր տեղում, ուղղակի նոր իրավիճակ է ստեղծվում, որտեղ այն պետք է նաեւ ներդաշնակ լինի»։

Այվազյանը նկատում է․ թեպետ ասում են, որ սա (Պուշկին 4) Քաջազնունու տունն է եղել, բայց այդքան էլ այդպես չէ․ Քաջազնունին այդ տանն ապրել է ինչ-որ ժամանակ․ «Մենք ցուցակում չունենք, թե ով է կառուցել եւ ով է ճարտարապետը, բայց մի շրջան Քաջազնունին ապրել է այնտեղ։ Հիմա ասում են՝ քանդում են շենքը, բայց քանդելը բացառվում է, որովհետեւ պատմամշակութային հուշարձանների ցուցակի մեջ է, տեղափոխելու հարցում էլ մենք հետները բանակցում ենք, որպեսզի այն մնա տեղում, չնայած 14 հուշարձաններից 8-ն արդեն ապամոնտաժվել է, բայց մնացածի համար փորձում ենք այնպես անել, որ մնան տեղերում։ Կարծես թե ստացվում է»։

Աբովյան-Պուշկին-Սախարով հատվածը, այդ թվում՝ հրշեջ դեպոյի շենքը, պատկանում է մի կառուցապատողի՝ գործարար Սամվել Մայրապետյանի ընկերությանը` «Լոկալ Դիվելոփրզ»-ին։ Ի դեպ, մի քանի տարի առաջ սկսեց ակտիվորեն շրջանառվել նաեւ հրշեջ դեպոյի շենքի քանդման հարցը, որը եւս հուշարձանների պահպանության ցուցակում է․ «Երբ մենք բացատրում ենք կառուցապատողին, որ դա վարչապետի ասելով «շիշկան» է լինելու, որովհետեւ դրանից լավ բան չի կարող այդտեղ լինել, մարդիկ համաձայնում են եւ փորձում են դա ներգրավել իրենց ծրագրի մեջ։ Հրշեջների շենքը նույնպես իր տեղում է մնալու եւ տեղափոխման ցուցակի մեջ չկա։ Դե, պարզ է՝ ֆունկցիան արդեն ուրիշ է լինելու, չնայած չեմ տեսել նախագիծը, բայց կարող է առեւտրային կենտրոն դառնալ կամ հյուրանոց՝ դեռ չգիտենք։ Պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ լուծումներ կտրվեն, նախագիծը դեռ ընթացքի մեջ է, եւ, բացի դրանից, այդ հատվածում դեռ չեն կարող կառուցապատում սկսել, որովհետեւ այնտեղ օտարման խնդիրներ կան, ինչը երկար պրոցես է»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X