Անհրաժեշտ է մեզանով, քաղաքացիներով շրջափակել Ազգային ժողովի շենքը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը և մի շարք ՔՊ-ականներ շարունակում են «Իմ քայլը» արշավը։ Այսօր ավարտվում է քայլերթի 5-րդ օրը, և ՔՊ-ականները Վանաձորից օրվա ընթացքում շարժվել են դեպի Թեժ լեռ կոչվող տարածք, ճամբար խփել մոտակայքում։ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց քիչ առաջ, որ այսօր, ի տարբերություն երեկվա, ավելի քիչ են քայլել․ մոտ 12կմ։

Այնուհետև ԱԺ պատգամավորը նշեց, որ քայլերթը մեծացնում է իրենց վճռականությունը և հույս հայտնեց, որ ապրիլի 13-ի հանրահավաքին կտեսնեն տասնյակ, հարյուրհազարավոր քաղաքացիների․ «Ուզում եմ անել մի կարևոր շեշտադրում։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացիները իրենց քայլը կանեն, և դա կբերի փոփոխությունների Հայաստանում։ Եվ մենք հույս ունենք Ազատության հրապարակում ապրիլի 13-ին՝ ժամը 18։30-ին հանրահավաքում տեսնել 10-յակ հազարավոր քաղաքացիների, 100 հազարավոր քաղաքացիների, և մենք շատ հստակ ենք պատկերացնում՝ ինչպես ենք այդ քաղաքացիների կամարտահայտությունը վերածելու կոնկրետ քաղաքական արդյունքի»։

Փաշինյանը նաև խոսեց, թե որքան մարդ է հարկավոր քաղաքական այս պրոցեսը բարեհաջող ավարտելու համար․ «Մենք պատկերացնում ենք, որ քաղաքական պրոցեսը բարեհաջող ավարտելու համար անհրաժեշտ է այնքան մարդ, որ մենք կարողանանք մարդկանցով, մեզանով , քաղաքացիներով շրջափակել Ազգային ժողովի շենքը, մեծամասնությանը ցույց տալ ժողովրդի կամքը։ Այս կոնտեքստում ես հիմա ավելի այլ քաղաքական մեկնաբանություն չեմ ուզում անել»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իր թիմի հետ որոշել է պայքարել ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, նրանք 14 օր երթեր են անցկացնելու Հայաստանի մի շարք քաղաքներում եւ ապրիլի 13-ից 14-ը շուրջօրյա հանրահավաքներ՝ Երեւանում։ Նշենք նաեւ, որ «Ելք» դաշինքից «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները չեն միացել ՔՊ-ի փողոցային պայքարին։

Ի դեպ, մինչեւ Երեւան հասնելը արշավականները պետք է կատարեն 300 հազար քայլ:

Մեկնաբանություն
X