Փողը եւ սեքսը ղեկավարում են աշխարհը, որովհետեւ մենք թույլ ենք տալիս

«Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում այսօր Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը գրքասերների հետ հանդիպման էր հրավիրել ժամանակակից ֆրանսիացի գրողներ Ստեֆանե Բինյոնին, Մարիոն Սիգոյին եւ Վալերի Բյուգոյին, ինչպես նաեւ Փարիզում գորոծղ «SIGEST» հրատարակչության տնօրեն Վարուժան Սրապյանին։ Երեք գրողներն էլ պատմեցին, թե ինչպես են ծնվել իրենց ստեղծագործությունները, ինչ խնդիրների են բախվում նրանք, որպես ստեղծագործողներ, Ֆրանսիայում։ Մարիոն Սիգոն ասաց, որ իրեն առավելապես հուզել է մանկապղծության հարցը։ «Որոշեցի պատմության միջոցով բացահայտել այդ խնդիրը եւ սկսեցի դրանով զբաղվել 51 տարեկանում։ Գրեցի «Սեռական իրավունք» գիրքը»,- ասաց Մարիոն Սիգոն։

Հետո նա նշեց, որ երեխաների դեմ սեռական ոտնձգությունները հանցագործություն են, դրանք դատապարտվել եւ ենթարկվել են քրեական հետապնդման։ Ֆրանսիացի գրողը նկատեց, որ ամբողջ աշխարհում են երեխաները ենթարկվում այդ սոսկալի վտանգին։ «Երեխաներին դեռ շատ վաղ տարիքից սովորեցնում են, թե ինչ է սեքսը։ Իմ գրքում ներառված են ՄԱԿ-ի բոլոր փաստաթղթերը, որոնք միտված են սեքսին, մանկությունը ոչնչացնելուն։ Այն, ինչ նախկինում համարվում էր հանցագործություն, այսօր համարվում է առաջընթաց։ Իսկ երեխաներն ունեն պաշտպանության կարիք»,- ասաց ֆրանսիացի գրողը՝ հորդորելով ակնաջալուր չլինել ֆեմինիստներին։ Մասնագիտությամբ իրավաբան Վալերի Բուգեն ասաց, որ ինքը զբաղվել է հարկային ոլորտի հարցերով, տասը տարի աշխատել է եւ պաշտպանել ատենախոսություն, որը վերաբերում է ձեռնարկություններին։ Նա պատմեց, թե ինչպես են Ֆրանսիայում ձեռնարկություններն անցնում բազմազգ կազմակերպությունների ձեռքը, ինչպես են արժույթը վերահսկողները ձեռք բերում քաղաքական իշխանություն։ Գրողն իր դիտարկումներում ներկայացրեց, որ միջազգային արժութային համակարգերը բանկիրների հսկողության տակ են, եւ բոլոր ճգնաժամերն իրենց կողմից կառավարվող ճգնաժամեր են։ Իսկ այդ համակարգն էլ, ըստ նրա, ծնում է հարուստների եւ աղքատների։ «Քաղաքական իշխանության փոխարեն ի հայտ են եկել մասնավոր շահեր։

Շատ քիչ քաղաքական գործիչներ են ի զորու դիմադրել կապիտալիստական ճնշմանը։ Դա դժվար է, քանի որ այդ կապիտալն անանուն է։ Կան մարդկանց խմբեր, որոնք ղեկավարում են գույքը, ունեցվածքը, կապիտալը»,- ֆրանսիական իրականության մասին իր պատկերացումները ներկայացրեց Վալերի Բուգեն։ Ստեֆանի Բինյոն մասնագիտությամբ ճարտարապետ է։ Ասում է, որ ինքը մասնագիտացել է ստորջրյա ուսումնասիրություններում, եւ լույսը հայտնաբերել է ծովի ջրում։ Գրել է «Մաքրությունը եւ քաոսը» գիրքը։

Մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ են գրում այսօր Ֆրանսիայում, ստեղծվո՞ւմ են արդյոք բարձրարժեք գործեր։ Վալերի Բուգեն արձագանքեց, որ պատմությունն է ամեն ինչ իր տեղը դնում, ժամանակը չէ ասելու՝ ստեղծվո՞ւմ են արժեքավոր գործեր, թե՞ ոչ։ Մարիոն Սիգոն էլ ասաց, որ այն ամենը, ինչի մասին խոսում են ինստիտուցիոնալացված, բոլոր ԶԼՄ-ներով, անորակ է, իսկ որակյալ գրքերի մասին քիչ են խոսում։ Վալերին նաեւ նկատեց, որ ֆրանսիական գրականությունը լավ օրեր չի ապրում, լեզուն շատ է պարզունակացվել, կա նաեւ թաքնված գրականություն, որը թույլ չի տալիս, որ լավ գրականությունը տարածվի։ Մեր հարցին, թե ինչն է գրաքննվում, գրողն արձագանքեց․ «Ճշմարտությունը»։ Ստեֆանի Բինյոն ասաց, որ հաճախ վերահսկվող բանավեճեր են ստեղծվում ԶԼՄ-ներում, որպեսզի ճշմարտությունը վեր չհանվի։ Մարիոն Սիգոն էլ հիշեց, որ ինքը գիրք է գրել այն մասին, թե Վոլտերը ստախոս է, քանի որ եղել է անհանդուրժող։ «Ինձ ոչ մի հեռուստաընկերություն չհրավիրեց, բայց նաեւ չհարձակվեցին վրաս, քանի որ ճշմարտությունն էի գրել։ ԶԼՄ-ները մեր դեմ են, բայց մենք շարունակում ենք յոլա գնալ»,- ասաց Մարիոն Սիգոն։

Մեկնաբանություն
X