Հրազդանի ցեմենտի գործարանը նոր սեփականատեր ունի

Մի քանի օր է, ինչ ինտենսիվ աշխատում է Հրազդանի ցեմենտի գործարանը՝ ամեն անգամվա պես ծուխ տարածելով շուրջբոլորը։ Գործարանի տնօրեն Հայկազ Հովասաֆյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործարանի ֆիլտրերն աշխատում են, բայց գործարանից դուրս մղվող ծուխը, մանավանդ՝ երեկոյան ժամերին, այլ պատկերի մասին է խոսում։ «Ո՞վ ասաց, որ առանց ֆիլտր ենք աշխատում: Ես չգիտեմ՝ ինձանից առաջ ով ոնց է աշխատել, իմ օրոք ֆիլտրերն աշխատում են»:

-Պարո´ն Հովասաֆյան, Դուք ասացիք, որ գնորդ կա, եւ մոտակա ամիսներին լուրջ ներդրումներ կլինեն գործարանում: Գործարանը վաճառե՞լ են, ներդրումներ եղե՞լ են:

-Ես չեմ կարող ասել, թե ինչու է ձգձգվում գնման գործընթացը, ներդրումներ էլ դեռ չեն եղել: Բայց գործարանում շատ բան է փոխվել, եւ ինչ արվում է, գործարանի հաշվին է արվում: Ես Ձեզ խոստանում եմ՝ երբ ներդրումներ լինեն, կիմանաք:

-Այս տարի որքա՞ն ցեմենտ եք պատրաստվում արտադրել: Գնի բարձրացում կլինի՞:

-Որքան պահանջարկ եղավ, այնքան կարտադրենք, ոչ մի գնային փոփոխություն չի եղել եւ չի լինի: Ցեմենտը միայն Հայաստանում ենք իրացնում, դեռ չենք արտահանում: Մի բան էլ ավելացնեմ, որ աշխատողների քանակն ավելացրել ենք եւ աշխատավարձը տալիս ենք ժամանակին: Պետության հարկերն էլ վճարում ենք, այս պահին գործարանը որեւէ ֆինանսական խնդիր չունի:

Չգիտես ինչու, տնօրենը չցանկացավ բարձրաձայնել, որ գործարանն արդեն 2 ամիս է՝ վաճառվել է: Գործարանի աշխատակիցներից տեղեկացանք, որ հունվարին տեղի է ունեցել գործարքը։ Հրազդանի ցեմենտի գործարանի նոր սեփականատերը «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ն է, որը գրանցված է Արցախում «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից: Մեր տեղեկություններով՝ «Ջի Էմ Հոլդինգ»» ՍՊԸ հիմնադիրներն են ռուսաստանաբնակ գործարար Վիտալի Գրիգորյանցը, ով «Հայբիզնեսբանկի» սեփականատերն է, եւ Արսեն Միքայելյանը՝ «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահը: Վիտալի Գրիգորյանցը Սերժ Սարգսյանի մտերիմներից է:

ՀԳ. Անդրադառնալով ցեմենտի գործարանին՝ հնարավոր չէ չհիշատակել դեպի գործարան տանող ճանապարհի անմխիթար վիճակի մասին: Տարիներ շարունակ հսկա գործարանը միլիոնների հասնող գույքահարկ եւ վարձակալության գումար է մուծում Հրազդանի քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը մատը մատին չի խփում ճանապարհը վերանորոգելու համար:

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մեկնաբանություն
X