Կոմիտասի թանգարանը որոշել է Կոմիտասին կոնսերվացնել

Նախօրեին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Կոմիտասի ժառանգության շուրջ» զրույց-քննարկում, որի ժամանակ քննարկվել են Կոմիտասի երաժշտության մշակման հարցերը, եւ թե ինչ մշակումներ կարող են հնչել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Բանախոսներն են եղել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, երաժշտագետ Մհեր Նավոյանը, կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը։

Հանդիպման ժամանակ երաժշտագետ Մհեր Նավոյանը ներկայացրել է, որ թանգարանում պետք է հնչի միայն կոմիտասյան երաժշտության բնագիրը, եւ որեւէ երաժիշտ կոմիտասյան իր մշակում-կատարումներով թանգարանում հանդես չի կարող գալ, ինչը թե՛ դահլիճում եւ թե՛ հետո՝ սոցցանցերում, քննարկումների տեղիք է տվել։ Սա թանգարանի գիտխորհրդի որոշումն է, որի նախագահը հենց Մհեր Նավոյանն է։

Կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովի կարծիքով, մինչեւ հիմա անավարտ վեճ է, թե որն ենք համարում մաքուր կամ բնագրային Կոմիտաս․ «Կոմիտասի թանգարանը, որը պետք է զբաղվի Կոմիտասի երաժշտությամբ, դրա տարածմամբ, գիտական աշխատանքով, ունի այսպիսի մի որոշում, ըստ որի՝ Կոմիտասի երաժշտությունը պետք է կատարվի միայն բնագրով, ընդ որում՝ բնագիր համարում ենք դեռ սովետական տարիներին հրատարակված Կոմիտասի հատորյակը։ Կոմիտասն իր հասուն շրջանում գրել է ստեղծագործություններ միայն ձայնի, դաշնամուրի կամ երգչախմբի համար։ Հիմա խնդիրն այն է, գոնե ինձ համար, որ եթե դա ընդունվում է ու պետք է կատարվի այնպես, ինչպես ժամանակին Աթայանի հրատարակած ժողովածուում է եղել, նշանակում է, որ Կոմիտասի թանգարանը, կոպիտ ասած՝ ճանապարհ է փակում այլ գործիքներ նվագողների համար։ Ես, որպես երաժիշտ, կատարում եմ Կոմիտասի երաժշտության փոխադրությունները, երգեր, որոնք փոխադրված են դաշնամուրի համար՝ մեջը առանց որեւիցե նոտա փոխելու, այսինքն՝ միեւնույն է, հնչում է Կոմիտաս՝ ուղղակի վերաշարադրված դաշնամուրի համար»։

Մեկ տարի է արդեն՝ թանգարանում այս որոշումը գործում է, որի շուրջ, ըստ Ավանեսովի, խոսակցություններ եղել են, բայց երբեիցե քննարկում չի եղել, միայն օրեր առաջ այն բաց քննարկման առարկա դարձավ։ «Այս թեման խնդրահարույց թեմա է։ Մի քանի տարբեր առումով, իհարկե, կարելի է դրան հակադրվել, այսինքն՝ այստեղ խոսքը ոչ թե աշխատանքի գեղարվեստական որակի մասին է, այլ, առհասարակ՝ ինքը բնագրայի՞ն է, թե՞ ոչ։ Մյուս կողմից էլ՝ բնագրային եւ ոչ բնագրային հարցի շուրջ այնքան մեծ դիսկուսիա կա, որ ես չեմ կարող ասել՝ վերջնականորեն ինչ-որ մեկը ճի՞շտ է կամ սխալ։ Ինձ համար, որպես երաժիշտի, միակ դիրքորոշումն այն է, որ արգելելն ընդհանրապես երաժշտության նպատակների մեջ չէ։ Ես ինքս նվագում եմ փոխադրություններ, նվագել եւ նվագելու եմ տարբեր տեղեր՝ ոչ միայն Հայաստանում, ու կարծում եմ, որ այդքանով նպաստում եմ Կոմիտասի երաժշտության տարածմանը։ Հիմա, որ Կոմիտասի դահլիճում ասում են՝ դուք չեք կարող մեզ մոտ նվագել, բայց մենք հո չե՞նք խանգարում, որ ուրիշ տեղերում նվագեք, ինձ համար դա էլ է խնդրահարույց, ինչո՞ւ Կոմիտասի թանգարանի գիտխորհուրդը պետք է թողնի կամ չթողնի ուրիշ տեղ նվագել, այսինքն՝ սա հո գրաքննությո՞ւն չէ»,- ասում է Ավանեսովն ու նկատում, որ այդ որոշումից հետո արդեն մեկ տարի է՝ Կոմիտասի թանգարան ոտք չի դրել, եւ եթե այդ որոշումը չվերանայվի, էլի ոտք չի դնի։

«Վերջիվերջո, նույն խնդրի առջեւ մեկ դար առաջ կանգնած էր նաեւ հենց Կոմիտասը, որին ժամանակին ասում էին՝ դու ինչպե՞ս ես համարձակվում եկեղեցական երաժշտությունը բերել համերգասրահ, չէ՞ որ եկեղեցական երաժշտությունը պատկանում է եկեղեցուն։ Այսինքն՝ նույն սահմանափակումները հիմա կան նաեւ Կոմիտասի թանգարանում։ Ինձ համար, որպես դաշնակահարի, հետաքրքիր է, թե ինչու ես Կոմիտասի տանը չպետք է նվագեմ մի բան, որը հենց Կոմիտասինն է»,- ասում է նա ու կարծիք հայտնում, որ գուցե տնօրինությունում ոչ բոլորն են այդ որոշման հետ համաձայն։ Ցավոք, Մհեր Նավոյանը ողջ օրվա ընթացքում անհասանելի էր, իսկ տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը հրաժարվեց խոսել։

Երաժիշտ, երգահան Վահան Արծրունին, ով նույնպես ներկա է եղել քննարկմանը, մեզ հետ զրույցում ասաց, որ գիտեր այդ որոշման մասին, որն արդեն որոշակի լարվածություն է ստեղծել երաժիշտների ու երաժշտագետների շրջանում։ Թեեւ հարցն իրեն չի առնչվում, որպես ստեղծագործողի, քանի որ ինքը Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա է երաժշտություն գրել, բայց կարծում է, որ մոտեցումներն այստեղ շատ տարբեր են․ «Մհեր Նավոյանի փաստարկն էլ ինչ-որ չափով տրամաբանական է ու խելքին մոտ։ Ինքն ասում է՝ բոլոր դահլիճներից թող մի դահլիճում մենք երաշխավորված լինենք, որ Կոմիտասը եթե հնչելու է, ապա հնչելու է անաղարտ ձեւով։ Նա մի քանի օրինակներ բերեց, որ մի շարք օպերային թատրոններ եւ փառատոներ, որպես սկզբունք, որդեգրել են նման մոտեցումը։ Այսինքն՝ եթե հնչում է մի կոմպոզիտոր, հնչում է բնօրինակով։ Այսինքն՝ սա նոր հորինվածք չէ, այլ ընդունված կարգ է ամբողջ աշխարհում։ Պարզապես ակադեմիական երաժշտական ոլորտը եւ այդ ոլորտը ներկայացնող ստեղծագործողներն ու կատարողներն այնքան սակավաթիվ են ու թանկ հայկական երաժշտության համար, որ երաժիշտների այդ զանգվածը վանել ու պատնեշ ստեղծել իրենց ու Կոմիտասի թանգարանի բեմի միջեւ, կարծում եմ՝ դա է հենց, որ նեղացրել է երաժիշտներին»։

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը կարծում է, որ եթե հաջող կոմիտասյան մշակումներ լինեն, կարող են հնչել, բայց պետք է միայն նշվի անունը, թե ով է մշակել․ «Կա «փոխադրում» հասկացություն, որը մշակում չէ, օրինակ՝ Կոմիտասի, ասենք, դաշնամուրի եւ ձայնի համար գործը, առանց նոտաները փոխելու, կատարում են ջութակի եւ դաշնամուրի համար, բայց նոտաները լրիվ նույնն են։ Մյուս տարբերակն այն է, որ վերցնում են Կոմիտասի մեղեդին, բայց նոտաները նույնը չեն, տարբեր են։ Դրանց մեջ կան ե՛ւ հաջող, ե՛ւ անհաջող գործեր։ Օրինակ՝ Կոմիտասի քառյակը, որ կատարում է Կոմիտասի գործերը, հայտնում է՝ Կոմիտա- Ասլամազյան, այսինքն՝ Ասլամազյանի մշակումով։ Աշխարհում տարածված է այդ մոտեցումը, այդպիսի բաներ Մոցարտի, Բախի ժամանակից անընդհատ արել են, եթե նոտաները չեն փոխում։ Եթե նոտաները փոխում ես, լրիվ նորն ես մշակում, այդ դեպքում անունը հայտնվում է։ Այլ հարց է, թե ով է անում եւ ինչպես։ Կոմիտասը գրել է, որ մի երգ մշակելու համար ինչեր պետք է իմանալ, անում են մարդիկ, ովքեր չգիտեն այդ նրբությունները»։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի այս որոշումը կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանը համարում է սխալ, ավելին՝ կարծում է, որ այն, ավելի ճիշտ՝ երաժշտագետ Մհեր Նավոյանի որոշումն է, ով, լինելով թանգարանի գիտխորհրդի նախագահը, ամեն ինչ արել է, որպեսզի այդ որոշումն ընդունվի․ «Վաղը եթե խորհրդի կազմն իր նախագահով փոխվի, որոշումն էլ կարելի է վերանայել, եթե, իհարկե, լինի հասարակական ճնշում։ Բայց այսքան տարիների ընթացքում Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորները գոնե մի անգամ գլուխ բարձրացրի՞ն, համախմբվեցի՞ն՝ ասելու․ մենք հրաժարվում ենք 50 հազար դրամով աշխատել այստեղ։ Որովհետեւ բոլորը վախենում են, որ իրենց աշխատանքից կազատեն։ Ժամանակին «Բուկինիստ» գրախանութն էր արգելում վաճառել որոշ գրքեր իր տարածքում։ Այս արգելքները շատ վտանգավոր են, թանգարանն արգելում է կատարողներին եւ կոմպոզիտորներին՝ իր տարածքում հնչեցնել Կոմիտասի որեւէ այլ մշակում՝ արված այլ հեղինակի կողմից, Կոմիտասի որեւէ գործիքավորում՝ տարատեսակ կազմերի համար, եւ ասում է․ Կոմիտասի թանգարանում եթե Կոմիտաս, ապա միայն բնօրինակով։ Կարելի է ասել, որ թանգարանը որոշել է Կոմիտասին կոնսերվացնել, ու սա նման է մավզալեյի, ուր այս դեպքում Կոմիտասն է, այլ ոչ Լենինը։ Արդյոք սա գրաքննությո՞ւն է, թե՞ ոչ… բացահայտ գրաքննություն չէ, ոչ մեկի չի արգելվում անել Կոմիտասի մշակումներ, օգտագործել իր մեղեդիները, ցիտել դրանք սեփական ստեղծագործություններում կամ գործիքավորել դրանք, ասենք, ժողովրդական նվագարանների համար, եւ ոչ ոք չի արգելում դրանք հնչեցնել այլ համերգասրահներում։ Խոսքը միայն մեկ համերգասրահի մասին է՝ Կոմիտասի թանգարանի, որը ոչ միայն Կոմիտասի թանգարանինն է, այլեւ մեր՝ ժողովրդինը։ Կոմիտասն էլ իր հերթին է ժողովրդական երգերը վերամշակել, մաքրել ու յուրովի ներկայացրել։ Եթե նույն վերաբերմունքը լիներ իր հանդեպ իր ժամանակներում, մենք հիմա չէինք ունենա ո՛չ Կոմիտասին, ո՛չ էլ իր թանգարանը»։

Դավիթ Բալասանյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ սա գրաքննության պես մի բան է, այն էլ՝ 21-րդ դարում, երբ թվում է, թե ամեն ինչ կարելի է արվեստում, ու չկա Սովետական Միության գաղափարախոսությունը՝ իր պարտադրանքներով ու արգելքներով․ «Մի խոսքով, տուր մարդուն պաշտոն, առավելություն, դարձրու նրան վերադաս ու դու կտեսնես, թե ինչերի է ընդունակ այդ մարդը՝ իր գաղափարներն ի կատար ածելու համար։ Տուր արվեստագետին ազատություն, եւ նա քեզ կտա իսկական արվեստ, որում ոչ ոք չի լինի սուրբ, չի լինի հայ մշակույթի ռահվիրա, չի լինի անքննելի մտավորական։ Իսկական արվեստն ազատ է։ Դասականները դասական են, որովհետեւ ժամանակակից են։ Նրանց հանճարն այնքան մեծ էր, որ նրանք կարծես ստեղծագործում էին մեր եւ մեր ժամանակների համար։ Մենք չգիտենք, թե ինչպես կվերաբերվեր Կոմիտասն այս ամենին, բայց եթե նա լիներ մեր ժամանակակիցը, հաստատ, մի որեւէ կոմպոզիտորի ստեղծագործություն կմշակեր ու կաներ դա ժամանակի շնչով, նոր տեխնոլոգիաներով ու ժամանակակից մարդու համար»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X