Հաղթանա՞կ, թե՞ պարտություն

Մի քանի օր է՝ ընդդիմության արմատական թեւը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսել է կոշտ պայքար՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման։ Երիտասարդ ընդդիմադիրների փոքրիկ խումբը որոշել է հանրապետության առնվազն կեսը ոտքով անցնել եւ գյուղերում ու քաղաքներում ապրող, ամեն ինչի նկատմամբ անտարբեր ու հիասթափված մարդկանց իրազեկել ապրիլի 14-ից սկսվող հանրահավաքների մասին։ Ակցիաների մեկնարկն ու ընթացքը նրանք լուսաբանում են ուղիղ եթերների, հարցազրույցների ու հաղորդագրությունների միջոցով։

Հետաքրքրվածները կարող են հետեւել նրանց ընթացքին՝ ուր հասան, որտեղ գիշերեցին, ինչ կերան, ովքեր միացան նրանց, ինչպես արձագանքեցին հաջորդ հանգրվանի բնակիչները եւ այլն։ Ողջ հասարակությունը բաժանվել է 2 մասի՝ գերակշռող հատվածը, նրանք, ովքեր փափուկ կյանքի կողմնակից են եւ պատրաստ են ինչ-որ բան վտանգել միայն հաղթանակի 100 տոկոսանոց երաշխիք ունենալու դեպքում, խիստ հոռետեսորեն են տրամադրված եւ Նիկոլ Փաշինյանին կա՛մ խենթ են համարում, կա՛մ՝ ավանտյուրիստ։

Վստահ են, որ այս շարժումը դատապարտված է եւ անիմաստ, քանզի հերթական անգամ ապացուցելու է փողոցային պայքարի անարդյունավետությունը։ Մյուս՝ առավել փոքր հատվածը կարծում է, որ ցանկացած պարագայում պետք է պայքարել, անգամ եթե հաղթանակի հավանականությունը շատ փոքր է։

Նրանք վստահ են, որ Նիկոլն ու իր թիմն ամեն դեպքում շահած են դուրս գալու այս պայքարից։ Նախ, արդյունքում փարատվելու են «իշխանական պրոյեկտ» լինելու մասին կասկածները, ապա ապացուցելու են, որ ժողովրդի շահերից գործող միակ ուժը եւ ըստ այդմ՝ միակ ընդդիմությունն իրենք են։ Եվ երրորդ՝ ազատվելու են «Էդմոն-Արամ բալաստից», որը խորհրդարան է անցել բացառապես Նիկոլ Փաշինյանի ուսերին նստած եւ նրա հեղինակության հաշվին։

Մեկնաբանություն
X