Երկու տարի անցավ, ոչ ցավի տեսակը փոխվեց, ոչ կարոտի

2016թ-ին ապրիլյան պատերազմի օրերին բազում քաջարի հայորդիների հետ զոհվեցին հրազդանցիներ Վահեն ու Սարգիսը:

Այսօր Հրազդանի քաղաքային պանթոնը մարդաշատ էր: Այս վայրը որդեկույրս մայրերի համար ուխտատեղի է դարձել:

2016 թվականի ապրիլի 2-ին Վահեի ծնողները վերջին անգամ են խոսել նրա հետ: Օրեր անց իմանում են Արցախում տիրող լարված իրավիճակի մասին, վերադառնում են Հայաստան: Ճանապարհին իմանում, որ որդին մահացել է. «2 տարի անցավ, ոչինչ չփոխվեց, ոչ ցավի տեսակը փոխվեց, ոչ կարոտի: Ապրիլը խլեց ամեն ինչ, միայն հպարտության աստիճանը ավելացավ: Երանի հպարտությունը այսքան ցավոտ չլիներ: Անկախ իրականությունից Վահեն միշտ մեզ հետ է»,- ասում է Վահեի քույրը՝ Երանուհին: Զաքարյանների տանն ամենուր որդու պարգեւներն են: Միշտ սպորտային հաղթանակներով էր տուն վերադարնում, ծառայության ընթացքում էլ աչքի ընկել՝ որպես լավ տանկիստ: Ցավոք Վահեի ծառայությունը ժամանակից շուտ ավարտեց, բայց պարգեւներ շարունակում են ստանալ:

Ես դեռ սպասում եմ...

Սարգիս Սահակյանը մի քանի օրից կդառնար 23 տարեկան: Ծառայում էր Թալիշում՝ գնդացրորդի օգնական էր: Հերոսի ընտանիքը Ռուսաստան էր տեղափոխվել մշտական բնակության, երբ Սարգիսը դեռ 4 տարեկան է եղել: 12 տարի ՌԴ-ում ապրելուց հետո Սարգիսն ընտանիքի հետ Հայաստան էր վերադարձել՝ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու համար: Վերջինները բնակարան չեն ունեցել, եւ Սարգիսը երազել էր բնակարան գնել: Հիմա արդեն բնակարանը գնված է, բայց առանց Սարգսի: Տան մեջ նրա անկյունն է՝ մոր միակ սփոփանքը. «Տղաս երազում էր, որ բանակից գար տուն գներ: Հիմա տունը կա, բայց առանց Սարգիսի: Տան մի անկյունում տղայիս նկարներն ու նվերներն են: Ես դեռ սպասում եմ, որ ուր որեւէ դուռը կբացվի եւ տղաս ներս կմտնի»,- ասում է տիկին Թամարան:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X